Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկրի գլխավոր պետական գրադարանը, համապետական նշանակություն ունեցող այս հաստատությունը, որը բավարարու

Հուլիս 06,2001 00:00

Ազգային գրադարանի տարելիցը Երկրի գլխավոր պետական գրադարանը, համապետական նշանակություն ունեցող այս հաստատությունը, որը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տեղեկատվություն ստանալու համընդհանուր պահանջները, ասել է թե՝ Հայաստանի Ազգային գրադարանը, հուլիսի 4-ին նշեց իր օրը։ Առավոտյան ժամը 10-ին Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հոգեւոր օրհնության խոսքով սկսվեց եւ մինչեւ ուշ երեկո ծավալվեց տոնակատարության ընդարձակ ծրագիրը։ Բացվեցին ցուցահանդեսներ՝ «Գիրք-2000», «Հայաստանը ՄԱԿ-ի եւ Համաշխարհային բանկի փաստաթղթերում», «Հայաստանի Ազգային գրադարանը» գրքային-լուսանկարային ցուցադրությունը, «Հայկական գրադարանային էջերը ինտերնետում», «Ազգային գրադարանի լավագույն գրադարանավարի» մրցույթի արդյունքների ամփոփում։ Տեղի ունեցավ համերգ գրադարանի սաների ուժերով։ Ողջունեցին «Տկզար», «Սայաթ-Նովա» անսամբլները, փողային նվագախումբը, դերասան Ազատ Գասպարյանը, երգչուհի Մարիետա Բադալյանը, գրող Մկրտիչ Սարգսյանը եւ այլք։ Ընթերցողներին ու հյուրերին էքսկուրսների ձեւով ներկայացվեց «Ազգային գրադարանի գանձերը»՝ հնատիպ, հազվագյուտ հրատարակություններ, նշանավոր հավաքածուներ։ Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին խնդրեցինք համառոտ տեղեկություն տալ գրադարանի պատմությունից։ – Ազգային գրադարանը հիմնադրվել է Հայաստանի Մինիստրների խորհրդի 1919թ. հուլիսի 4-ի նիստում ընդունված օրենքով։ Իր առաջին ընթերցողներին ընդունել է 1922թ. նոյեմբերի 7-ին։ Ներկայումս գրադարանն ունի ավելի քան 28 հազար գրանցված ընթերցող։ 1999թ. 01.01-ի դրությամբ գրադարանի ֆոնդը կազմում է 6 միլիոն 185 հազար միավոր գրականություն։ Գրադարանը միջազգային գրքափոխանակություն է իրականացնում աշխարհի ավելի քան 30 երկրների հրատարակչա-գրավաճառ կազմակերպությունների հետ։ 1991թ. գրադարանը ստանում է միայն ՀՀ տարածքում տպագրվող գրականության պարտադիր օրինակները։ Համագործակցում է հայաստանյան, միջազգային եւ սփյուռքահայ կազմակերպությունների հետ։ Սերտ հարաբերություններ է զարգացնում Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի, «Եվրասիա» հիմնադրամի, Միջազգային հետազոտությունների եւ փոխանակումների խորհրդի հետ։ Գրադարանի ֆոնդերը համալրվում են 1512թ. սկսած մինչեւ մեր օրերը հայերեն ու հայատառ տպագիր նյութերի բոլոր տեսակներով։ 16-18-րդ դարերում աշխարհում լույս տեսած շուրջ 1150 անուն հայերեն գրքերից մոտ 700-ը պահպանվում են նաեւ այստեղ։ Եվ, իհարկե, գրադարանում տարեկան կազմակերպվում է 100 մեծ ու փոքր գրքային ցուցահանդես։ Կազմակերպվում են նաեւ նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ ու քննարկումներ, հանդիպումներ հեղինակների հետ, գիտության, կրթության եւ մշակույթի նշանավոր գործիչների մեծարման ցերեկույթներ եւ այլ միջոցառումներ։ – Խնդրում ենք երկու խոսք Ձեր կողմից լույս ընծայված նոր գրքի մասին։ – «Մատյան նվիրումի» գիրքը, որ տպագրվեց հոգողությամբ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի, իր կենդանի շնչով ու ջերմությամբ մի համեստ հուշարձան է հայի նկարագրին։ Գրքում ամփոփված են հիշարժան տարեթվեր նշանավոր մարդկանց, Հայաստանի ու հայ ժողովրդի, աշխարհի մասին, ասույթներ, իմաստուն մտքեր, առածներ, խորհուրդներ։ Այս գիրքը նվիրել ենք Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել