Լրահոս
Օրվա լրահոսը

«Միներալ»

Հուլիս 06,2001 00:00

«ՄԻՆԵՐԱԼԻ» ՃԱՆԱՊԱՐՀԸ «Միներալ» խումբը կազմավորվել է 1989թ., Ջերմուկ քաղաքում, իսկ խմբի 1-ին ելույթը եղել է նույն թվականի նոյեմբերի 11-ին։ «Միներալը» հիմնականում աշխատում է պրոգրեսիվ ռոք ոճում, թեեւ խմբի որոշ երգեր իրենց մեջ ներառում են նաեւ երաժշտական այլ ուղղվածությունների լավագույն տարրեր։ Վերջերս տեղի ունեցավ խմբի առաջին մենահամերգը, որը, ըստ տղաների, յուրօրինակ հաշվետվություն էր երկրպագուների առջեւ։ «Միներալ» խումբն ունի հետեւյալ կազմը՝ Արա՝ խմբի ղեկավար, պրոդյուսեր, Լեւոն՝ էլեկտրակիթառ, վոկալ, Սպարիկ՝ ստեղնաշարային գործիքներ, Արամ՝ հարվածային գործիքներ, Գոռ՝ ակուստիկ կիթառ, վոկալ, Ավո՝ բաս կիթառ, որն իր կազմավորման առաջին օրից մինչեւ այժմ գործում է անփոփոխ կազմով։ Երաժշտական աշխարհում խումբը բարձր է գնահատում «Փինք-ֆլոյդ» խմբի բարձրաճաշակ երգերը, իսկ որպես ուսուցիչ ընդունում են Արթուր Մեսչյանին։ Տղաները երազում են համերգային ծրագրով հանդես գալ «Ուեմբլի» մարզադաշտում։ Զրուցում եմ խմբի ղեկավարի հետ: – «Միներալի» անցած ուղին եւ առաջիկա ծրագրերը։ – Մինչեւ օրս թողարկել ենք դեռեւս 1 ալբոմ՝ 18 երգից բաղկացած «Ճանապարհը»։ Իսկ առաջիկայում մտադիր ենք մեր ունկնդրի դատին հանձնել միանգամից երկու նոր ալբոմ, որոնցից մեկը կլինի խմբի պարային երգերի ընտրանի, իսկ մյուսը բաղկացած կլինի բացառապես նոր երգերից։ Բացի դա, մտադիր ենք նաեւ դուրս գալ ռուսական շուկա, քանի որ, ըստ հավաստի աղբյուրների, Մոսկվայի «ծՈՊպՋՊՈ FM» ռադիոկայանով հաճախ են հեռարձակվում մեր երգերը։ Առայժմ ռուսական շուկա դուրս կգանք հայերեն տեքստերով, իսկ անհրաժեշտության դեպքում կգրենք նաեւ ռուսերեն տեքստերով երգեր։ – Ովքե՞ր են Ձեր երգերի հեղինակները։ – Խումբը իր գործունեության ընթացքում թղթին է հանձնել ավելի քան 100 երգ, որոնց հեղինակը հիմնականում խմբի ղեկավար Արա Ավետիսյանն է, որին ժամանակ առ ժամանակ փոխարինում են նաեւ Ավոն եւ Գոռը։ Երգեր գրելիս մենք օգտվում ենք նաեւ հայ մեծանուն դասականներ Վ. Տերյանի, Պ. Սեւակի եւ Վ. Դավթյանի գործերից։ Նշենք նաեւ, որ մեր բոլոր երգերը գործիքավորում ենք ինքներս։ – Գիտեմ, որ Ձեր երգերից բացի գործիքավորում եք նաեւ այլ երգիչ-երգչուհիների երգեր։ – Այո, դուք ճիշտ եք։ Մենք համագործակցում ենք շատերի հետ եւ գործիքավորել ենք Հայաստանում մեծ սեր եւ ճանաչում վայելող այնպիսի երգիչ-երգչուհիների անհատ երգեր եւ ամբողջական ալբոմներ, ինչպիսիք են Լիլիթ Կարապետյանը, Սամվել Ծովակը, Էլլա Տարունցը, Արման Բարդումյանը եւ այլք։ Բացի դա, «Արձագանք շոու-2001» ձայներիզի որոշ երգեր եւս մենք ենք գործիքավորել։ – Ունե՞ք հովանավոր։ – Առայժմ չունենք, թեեւ արդեն այդ ուղղությամբ տարվում են որոշ բանակցություններ։ Եվ օգտվելով առիթից, մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել «Արձագանք» ստուդիային, ի դեմս Եղիշե Պետրոսյանի եւ Արտավազդ Բայաթյանի, որտեղ մենք ձայնագրում եւ գործիքավորում ենք մեր բոլոր երգերը։ Մենք շնորհակալ ենք նաեւ «Ջերմուկ-գրուպի» տնօրենին՝ ցուցաբերած աջակցության համար։ – Ինչո՞ւ չեք մասնակցում երաժշտական մրցույթների։ – Չենք մասնակցում, քանզի չենք ընդունում «մրցակցություն» գաղափարն արվեստում, թեեւ համերգային ծրագրերով եղել ենք հայաստանյան շատ մարզերում։ – Խումբն ինչո՞ւ մինչ օրս չունի տեսահոլովակ։ – Գտնում ենք, որ մեր տեսահոլովակը պետք է համապատասխանի մեր երգերի թե՛ տեքստերին, եւ թե՛ երաժշտության որակին, ինչը բավականին մեծ գումարների խնդիր է։ Մենք ունենք շատ տեսագրություններ, որոնցից մեկը՝ «Քամիների պես»-ը, «Պրեմիերա» ծրագրի ռեժիսոր Գարիկ Մովսեսյանի փայլուն աշխատանքի շնորհիվ որակապես չի զիջում հոլովակին։ – Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը։ – Նույնիսկ ազատ ժամանակ մենք գրեթե միասին ենք։ Սիրում ենք սեղանի թենիս խաղալ եւ լինել բնության գրկում։ – Հետաքրքիր դեպք «Միներալի» առօրյայից։ – Մեր երգերում հաճախ ենք օգտագործում բնական ձայնային էֆեկտներ։ Եվ քանի որ «Կույրը» երգը ձայնագրելիս անհրաժեշտ էր երգի սկզբնամասում գիշերային տրամադրություն արտահայտել, Արան երեկոյան դրսից գիշերային ծղրիդ էր բռնել եւ բերել ստուդիա։ Ծղրիդի ձայնը ձայնագրելու համար Արան նրան դրել էր սեղանի կենտրոնում, իսկ նրա շուրջ բարձրախոսներ շարել, որպեսզի ցանկացած կողմ պտտվելիս հնարավոր լիներ ձայնագրել ծղրիդի ձայնը։ Ողջ գիշեր Արան արթուն էր մնացել, բայց ծղրիդը ձայն չէր հանել։ Նրա ձայնը ձայնագրել կարողացանք միայն լուսադեմին։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել