Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թվում է թե՝ ի՞նչ դժվար բան է ուղեւոր լինելը։ Մտար, ասենք, ավտոբուս, վճարեցիր եւ այդ երթուղով գնա մին

Հուլիս 06,2001 00:00

Կանգառային իրավունք Թվում է թե՝ ի՞նչ դժվար բան է ուղեւոր լինելը։ Մտար, ասենք, ավտոբուս, վճարեցիր եւ այդ երթուղով գնա մինչեւ քո ցանկացած կանգառը։ Պարզվում է, որ այդ ամենն այնքան էլ հասարակ բան չէ։ Ուղեւորների համար գոյություն ունեն իրենց կանոնները։ Եվ դրանք սկսվում են ավտոբուսի, տրոլեյբուսի, տրամվայի, երթուղային տաքսիների սպասարկման կարգից։ Բանն այն է, որ այդ ամբողջ տրանսպորտը շարժվում է որոշակի երթուղիներով եւ կանգ է առնում ոչ թե այն տեղերում, որոնք կոչվում են կանգառներ, այլ այնտեղ, որտեղ կցանկանան ուղեւորները։ Խնդրում եմ չափազանցություն չհամարել, եթե ասեմ, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների ինտենսիվ աճը գերազանցում է ուղեւորների քանակին։ Կանգառների քանակը մնացել է նույնը։ Նախկինում կառուցված կանգառներում պատրաստված էին տրանսպորտ նստելու հատուկ հրապարակներ։ Դրանք երթեւեկելի մասից գտնվում էին ավելի բարձր մակարդակի վրա։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառները երթեւեկելի մասից անջատված էին հոծ գծով, կանգառատեղի ցուցանակով, ինչու չէ, նաեւ՝ երթուղային չվացուցակով։ Այսօր կանգառներում այնպիսի կուտակումներ են լինում (տարբեր մակնիշների ավտոբուսներ, տրոլեյբուսներ եւ այլ տրանսպորտային միջոցներ), որ մայթին կամ ճամփեզրին համբերությամբ սպասող ուղեւորը ավտոբուսի կամ տրոլեյբուսի մոտենալուն պես, ստիպված դուրս է գալիս երթեւեկելի մաս եւ մի կերպ իրեն գցում տրանսպորտից ներս։ Ցանկանում եմ օրինակներով խոսել։ ԳՈՒՄ-ի շուկայի մոտ տրամվայի կանգառը գտնվում է երթեւեկելի մասի մեջտեղում, եւ տրամվայ նստելու համար ուղեւորը պետք է կտրի-անցնի երթեւեկելի մասը։ Երթեւեկելի մասում կանգնած են տրոլեյբուսներ, ավտոբուսներ, էլ չեմ ասում՝ ամեն կարգի ավտոմեքենաներ։ Ճիշտ է, երթեւեկության կանոնները համընթաց ուղիով գնացող ավտոմոբիլների վարորդներից պահանջում են տրամվայ նստող կամ իջնող հետիոտնին ճանապարհ տալ։ Խցանման պատճառով վարորդները սկսում են ձայնային ազդանշաններ տալ։ Թերեւս բացատրելու հարկ չկա, թե ինչ վնաս են հասցնում դրանք։ Եվ կարեւորն այն է, որ կանգառում սպասող ուղեւորների 90%-ից ավելին դառնում է, այսպես ասած, «երաժշտասեր» ավտովարորդների զոհը։ Քաղաքի ավտոբուսի կանգառներին անհրաժեշտ ուշադրություն պետք է դարձնել նրա համար, որ այստեղ են առաջանում երթեւեկության ամենահաճախակի խանգարումները։ Օրինակ, քաղաքային հաղորդակցության ավտոբուսի կանգառները տեղադրված են անբավարար հեռավորության վրա։ Քաղաքում սարքավորված «գրպանները» փոխանակ օգտագործեն որպես կանգառներ, ծառայում են որպես կայանավայր։ Օրինակ, Մաշտոցի պողոտայի «գրպանը» նշագծված է որպես կայանատեղ։ Հետաքրքիր է՝ գծերի «արքաները» երբեւիցե հետաքրքրվո՞ւմ են ուղեւորների կուլտուրական սպասարկումով կամ սպասարկող գծի վարորդները ուղեւորավարձ վերցնելուց ու մուծվելուց բացի ուսումնասիրե՞լ են, թե կանգառին մոտենալիս ինչպիսի միջոցներ պետք է կիրառել, որքանով է պետք արագությունը իջեցնել կամ կիրառել անվթար հաղթահարման մի շարք մեթոդներ։ Ստեղծել հարգանք եւ համբերատար վերաբերմունք դեպի ուղեւորները՝ նշանակում է մեծ չափով կրճատել պատահարների եւ հատկապես վրաերթերի թիվը։ Յուրաքանչյուր վարորդ, ելնելով ստեղծված իրավիճակից, կարող է օգտագործել իր անձնական կարողությունները, որոնց շնորհիվ նա ճանապարհին կընդունի ուղեւորի եւ երթեւեկության մասնակիցների համար նվազագույն ռիսկի պայմաններ։ ԳԱԼՈՒՍՏ ՆՈՒՐՈՒՄՅԱՆ Վարորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել