Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեկ գործող Սահմանադրության գործող տոն օրն էր։ Թվում էր, թե գոնե այդ օրը հայ ժողովուրդը կնշի իր այդ

Հուլիս 06,2001 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ Երեկ գործող Սահմանադրության գործող տոն օրն էր։ Թվում էր, թե գոնե այդ օրը հայ ժողովուրդը կնշի իր այդ տոնը։ Սակայն խմբագրությունը երեկ կրկին անհանգիստ էր եւ մարդիկ իրենց սահմանադրական իրավունքներն էին փորձում պաշտպանել ողջ օրը։Լիլիթ Խանզրատյանը՝ «հեռակա դատապարտյալ» 210 սիգ ձուկ օրը ցերեկով Սեւանի ճանապարհին, բոլորի աչքի առաջ գնած քաղաքացուն՝ Լիլիթ Խանզրատյանին, Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանը դատապարտում է 2 տարի ազատազրկման։ Քաղաքացուն ձուկը գնելուց հետո… հրավիրում են Սեւանի ՆԳ բաժին։ Պահանջում են երեք փաստաթուղթ, որով էլ, ըստ Լ. Խանզրատյանի, ավարտվում է իր «քրգործի» կազմումը։ Պահանջում են բնութագիր, տեղեկանք ընտանիքի կազմի մասին եւ անձնագիր։ Մի օր էլ քաղաքացու տան հասցեով հեռագիր է գալիս հետեւյալ բովանդակությամբ. «Հեռագիր. Լիլիթ Խանզրատյանին. 2.06.00թ. ժ. 12-ին Սեւանի դատարան որպես մեղադրյալ= Սեւան դատարան դատավոր Ս. Ասատրյան»։ Վերծանենք հեռագիրը. քաղաքացուն արդեն կարգավիճակ են շնորհել՝ մեղադրյալի եւ հրավիրում են դատարան։ Սակայն թե ո՞ւր է մեղադրական եզրակացությունը, մինչեւ օրս հայտնի չէ։ Բոլորին հայտնի է, որ սա 2001 թվականն է։ Եվ քաղաքացին էլ նախնադարյան կացնի եւ սեպագիր իրավապաշտպանության ժամանակաշրջանում չի ապրում։ Նա իրավամբ ուզում է իմանալ, թե ինչում են իրեն մեղադրում։ Երբ իր այդ թիվ 1 պահանջով դիմում է դատավորին, նա ասում է. «Կգաք, թե չէ գաղութ կուղարկեմ»։ Գաղութ չեն ուղարկում։ Դատապարտում են այս հանրապետության թիվ 1 «ձկնագողին» 2 տարի ազատազրկման։ Իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը հարցնում է իր հերթին. «Ստեղծվում է իմիտացիա ձկնագողության դեմ պայքարի։ Սակայն որտեղի՞ց պիտի իմանար քաղաքացին, որ ձուկը հանցավոր, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված է»։Կարծես խտիկի վրա էլ գրված էր, թե ապօրինի է եղել ձուկը։ Ինձ «հիացրեց» Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Ասատրյանի՝ քաղաքացուն ուղարկած դիմումի պատասխանը։ Մեղադրական եզրակացության պատճենը «կրկին պահանջելու համար» գրվում է «Դուք պետք է դիմեք Գեղարքունիքի մարզի դատախազություն»։ Այսինքն, դատաքննության ժամանա՞կ էլ գործի նյութերում չի եղել չարաբաստիկ մեղադրականը։ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունն էլ, ինչպես միշտ, բարձրության վրա է. քաղաքացին նախարարին բողոքում է, որ իրեն հեռակա դատապարտել են, որ մինչեւ օրս դատավճիռ ու մեղադրական եզրակացություն չի ստացել, գրում են. «ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ նրանում բարձրացված հարցի լուծման համար դուք պետք է դիմեք գործը քննող դատարանին»։ Դատարանը 8.06. 2001թ. գրությամբ քաղաքացուն հայտնում է, որ ուղարկվել է դատավճռի պատճենը… Քրդատօրի հոդված 333-ով դատաքննության սկիզբը համարվում է. «նախագահողը հայտարարում է, որ դատարանն անցնում է դատաքննությանը։ Դատաքննությունն սկսվում է մեղադրողի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ»։ Նախագահողը ամբաստանյալին պարզաբանում է նրան ներկայացված մեղադրանքի էությունը… Չի արվել։ Եվ Լիլիթը փաստորեն հեռակա դատապարտվել է։ Հրանտ Արաբաջյանին մտահոգում էր «Թանկ գնահատելով խղճի, մտքի եւ կրոնի ազատությունը՝ խորապես մտահոգված եմ հեռուստատեսային մի հաղորդմամբ, որը ցուցադրվեց վերջերս եւ որը, կարծում եմ, դաշույնի հարված էր այդ ազատության թիկունքին։ Խոսքը Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների դեմ պատրաստված մի հաղորդման մասին է, որը, որքան էլ տարօրինակ է, ցուցադրվեց «02» լրատվական հաղորդաշարով (հունիսի 5-ին)։ Ծրագրի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ ոմն հայր Կարապետ սաստիկ նեղվելով այն հանգամանքից, որ խղճի ազատությունը եւ, ընդհանրապես, ազատականությունը ենթադրում է նաեւ այլ կրոնական կազմակերպությունների գործունեություն Հայաստանում, բացականչեց. «Ի՞նչ խղճի ազատություն»։ Այսինքն, սխալ համարելով այն, ինչ որ ամրագրված է ՀՀ Սահմանադրության 23, 24 հոդվածներով։ Ցավալին այն է, որ «02»-ն է միջամուխ լինում խղճի ազատությանն ուղղված պրոպագանդային՝ պայքար հրահրելով Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների դեմ։ Եթե ոստիկանն է հավատ ու կրոն պարտադրում՝ ուրեմն վայ մեզ։ Ընդհանրապես վայ մեզ, եթե հավատ են պարտադրում՝ քարոզչամիջոցներով փնովելով մյուսների հավատը։ Որովհետեւ լավագույն հավատը քարոզվում է եւ ոչ թե պարտադրվում։ Հայաստանում նշվում է քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Բայց ոչ Քրիստոսը, ոչ էլ առաքյալները ոստիկաններով հավատ ու վարդապետություն չէին քարոզում»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել