Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոռոգում» ՊՓԲԸ-ն այս տարի 125 հազար հեկտար հողատարածքի ոռոգման պայմանագիր է կնքել, ինչը նկատելիորեն

Հուլիս 06,2001 00:00

Պայմանագրերը՝ ըստ աչքաչափի «Ոռոգում» ՊՓԲԸ-ն այս տարի 125 հազար հեկտար հողատարածքի ոռոգման պայմանագիր է կնքել, ինչը նկատելիորեն պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե «անպայմանագիր» հողերը չեն ոռոգվում։ Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնք դրդում են գյուղացուն շրջանցել ջրօգտագործման օրինական ճանապարհը։ Նախ եւ առաջ, վարձավճարների գանձումը սկսվում է գյուղաբնակի համար «ամենասոված» սեզոնին՝ գարնանը։ Փաստորեն, վարուցանքի եւ պարարտանյութի հոգսերից չազատված, հողատերերին սկսում են անհանգստացնել «ջրի մարդիկ»։ Իսկ եթե վարձավճարի ժամկետից 15 օր անցավ, պարտքին սկսում է գումարվել տուգանք՝ ամեն չվճարված օրվա հաշվարկով։ Ինքնին հասկանալի է, որ շատ ավելի ձեռնտու է ոռոգել հողը՝ ջուր տվողի հետ լեզու գտնելով։ Դրա համար սովորաբար մեծ ջանքեր չեն պահանջվում, հատկապես այս տարի, որովհետեւ կառավարության մի որոշմամբ համայնքային «ծագում» ունեցող Ջրօգտագործողների միությունները (ՋՕՄ) զրկվել են վարձերը գանձելու մենաշնորհային հնարավորությունից։ Համաձայն որոշման, գյուղացին անձամբ պետք է մուտքագրի գումարը խնայդրամարկղ՝ հատուկ բացված հաշվեհամարին։ Ու քանի որ ՋՕՄ-ի անդամներն այլեւս չեն կարող վճարը վերցնել ու օգտագործել ըստ հայեցողության, ինչպես սովորաբար անում են, ապա նրանց հետ «լեվի գործ» բռնելն առավել քան հեշտանում է։ Հենց դա էլ շտապում են անել շատերը. միայն Արարատյան դաշտում այս տարի 20 հազար հա հողատարածքի տերեր հրաժարվել են պայմանագրից, բայց ջրում են, ինչպես ունեցողները (գուցեեւ՝ ավելի լավ)։ Հսկողությունը թույլ է նույնիսկ մեծ ջրանցքների խոշոր ջրառի կետերում, ուր մնաց թե՝ գյուղական փոքր բնակավայրերում։ Այս խնդրի մասին «Ոռոգում» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանն ասաց, որ մարզպետարանների հետ աշխատանք են տանում ջրգողություններն ու ապօրինի ջրառները վերացնելու ուղղությամբ եւ, որ այդ պատճառով իրենք շատ ՋՕՄ-երի հետ լուծարել են ոռոգման պայմանագիրը, մինչեւ նրանց կազմի թարմացումը (թեպետ դա նույնպես լուծում չէ)։ – Ընդհանրապես, սխալը եղել է ի սկզբանե,- ավելացրեց պրն Խաչատրյանը,- պետք է այդ հասարակական կազմակերպություններն ունենային իրենց օգտագործած ջրին համարժեք հիմնադիր կապիտալ, որով կհատուցեին մեզ, հետեւաբար եւ կձգտեին անպայման հավաքել ողջ գումարը ջրօգտագործողներից։ Մի կարեւոր պատճառ էլ կա, որի մասին չարժե մոռանալ. պայմանագրում նշված է, որ ջրօգտագործողը պետք է վճարի ոչ թե իր հողատարածքի չափերի, այլ օգտագործած ջրի քանակին համապատասխան։ Բայց ճշգրիտ որոշել այդ քանակն այսօր հնարավոր չէ, քանի որ ոչ ՋՕՄ-երը, ոչ էլ գյուղացիական տնտեսություններն ապահովված չեն անհրաժեշտ չափիչ սարքավորումներով։ Ճիշտ է, որոշ կետերում կան շարժական ջրաչափիչներ, բայց, «Ոռոգում»-ի տնօրենի խոստովանությամբ, ջրի բաշխումն արվում է հիմնականում աչքաչափով։ Հօգուտ ո՞ւմ, դժվար չէ գուշակել… Անշուշտ, գյուղացիների հետ զրույցը կարող է վերհանել այլ պատճառներ եւս, իսկ այսպիսի պայմաններում օրինապահ քաղաքացի լինելն առնվազն… է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել