Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ձեթերից մի երկուսի մեջ պլյոնկա գցես՝ պրայավկա կլինեն»,- հեռուստաէկրանից՝ գովազդով եւ խոհանոցից՝

Հուլիս 06,2001 00:00

ԽՈԼԵՍՏԵՐԻՆ ՉԿԱ, ԲԱ ՄՆԱՑԱ՞ԾԸ… «Այդ ձեթերից մի երկուսի մեջ պլյոնկա գցես՝ պրայավկա կլինեն»,- հեռուստաէկրանից՝ գովազդով եւ խոհանոցից՝ իրենց հոտերով մեզ խեղդող զանազան ձեթերի մասին ասաց մի բուժաշխատող։ Վերջինս նկատի ուներ այն հանգամանքը, որ դրանք «հարուստ» են սննդի համար ոչ պիտանի բազմաթիվ քիմիական էլեմենտներով։ Ավելին, այդ բժիշկը դառը կատակով խորհուրդ տվեց Մենդելեեւի քիմիական տարրերի աղյուսակը սովորել հենց այդ ձեթերի օրինակով։ Այդօրինակ մթերքը գովազդելիս հաճախ փորձ է արվում պոտենցիալ գնորդներին գրավել «առանց խոլեստերինի» արտահայտությամբ։ Տարիներով խոլեստերինի դեմ տարվող քարոզարշավը, դրա վնասակարության (հատկապես՝ սրտանոթային հիվանդների համար) մասին հավաստիացումները ձեթի մատակարարներին վստահություն են ներշնչում, որ այդ արտահայտությունը մոգական ազդեցություն ունի, եւ այն լսողներն անմիջապես վազելու են՝ իրենց ձեթի համար հերթ կանգնեն։ Մեր դիտարկումների եւ ծանոթ-բարեկամներից հարցումների արդյունքում պարզվում է, որ սպառողներն այնքան էլ չեն գրավվում այդ արտահայտությամբ, իրենց ընտրությունը կատարում են՝ շատերը պատահական, որոշներն՝ ըստ սովորույթի ուժի։ Եվ միայն շատ քիչ մասն է, որ անշեղորեն հետեւում է գովազդների խորհուրդներին։ Ոչինչ, որ դրանք հաճախ, եթե չեն ստում գովազդվող ապրանքի ունեցած առավելությունների շուրջ, ապա առնվազն չափազանցնում են դրանք։ Իսկ ավելի հաճախ դրանք լռում են թերությունների կամ կողմնակի էֆեկտների մասին։ Սննդակարգի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող ցանկացած մեկը, առավել եւս՝ բուժաշխատող, հասկանում է, որ խոլեստերինի շուրջ այդ «զրույցները» անհաջող հնարքից ավելին չեն։ Նույնիսկ ոչ դիետոլոգ մի բժիշկ բացատրեց, որ օրգանիզմին անհրաժեշտ են ցանկացած սննդի պարունակած նյութերը՝ լինի դա երկաթ, ֆոսֆոր, հանքային աղեր, թե չարաբաստիկ խոլեստերինը։ Բանն այն է, որ մենք ուղղակի անտեսում ենք որոշները կամ չարաշահում մյուսները։ Իսկ հավասարակշռված սննդակարգի դեպքում ոչ մի բժիշկ էլ սահմանափակումներ չի պարտադրում։ Մեր ծանոթ բժիշկը հավաստիացնում է, որ ճիշտ վերահսկողությամբ տարվող սննդակարգը կարող է հրաշքներ գործել՝ հիվանդությունները բուժել, օրգանիզմը մաքրել եւ թարմացնել։ Այս գաղափարախոսությունն է ընկած նաեւ ամեն տեսակի ծոմ-պասերի հիմքում։ Թեեւ դրանք առաջին հայացքից կրոնական բնույթ են կրում, սակայն ոչ միայն մասնագետները, այլեւ դրանց հետեւող ցանկացած մարդ հավաստիացնում է, որ խիստ որոշակի են դրանց թողած դրական ազդեցությունները։ Ի դեպ, մի լրիվ առանձին փիլիսոփայություն եւ գիտություն է չեփված սննդի գործածությունը, որը հաճախ հումակերություն են անվանում։ Այս վերջին բնորոշումը բավական նսեմացրել է այդ գիտության նշանակությունը՝ այն հասցնելով մինչեւ «հում միս ուտելու» սովորույթին։ Սակայն հասարակ ժողովուրդը հաճախ առանց բժիշկ ու գիտություն էլ ինքը հայտնաբերում է բնության հնարավորությունները։ Օրինակ, Կոտայքի մարզի մի քանի գյուղերում տան մեծերը խորհուրդ են տալիս կարտոֆիլն ուտել կիսաեփ. «Կարտոշկեն որ մի քիչ փափկավ, ուրեմն ուտելու է»։ Առօրյա սննդակարգի համար էլ մեծերի փիլիսոփայությունը թերեւս ամենապրակտիկն ու իմաստունն է. ուտել այն, ինչ սիրտն ուզում է։ Սա փաստարկում են նրանով, որ սիրտը ուզում է այն, ինչ այդ պահին պետք է օրգանիզմին։ Սակայն սեղանից պետք է վեր կենալ կշտանալուց մի պատառ առաջ։ Իսկ գովազդնե՞րը։ Դե, մարդիկ՝ գործ է՝ անում են։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել