Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՆԵՐԻ» ԱՆՑՅԱԼԻՑ

Հուլիս 06,2001 00:00

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՆԵՐԻ» ԱՆՑՅԱԼԻՑ ԱԺՄ-ում մնացած որոշ գործիչների դուր է գալիս ճառել պետականամետության, ներքաղաքական կյանքն ապակայունացնելու անթույլատրելիության եւ նման բաների մասին։ Չենք ցանկանում վիճարկել այդ սկզբունքների կարեւորությունը, միայն ուզում ենք հիշեցնել, թե ինչպես էր գործում, ինչ միջոցներ էր ընդունելի համարում իր պայքարում նույն ԱԺՄ-ն, երբ արմատական ընդդիմություն էր։ Մեջբերենք մի փաստաթղթից, որ ժամանակին հրապարակվել է «02» շաբաթաթերթում։ Սա 1996-ի սեպտեմբերի 25-ի իրադարձություններից հետո ԱԺՄ-ի գրասենյակի խուզարկության ժամանակ Վազգեն Մանուկյանի սեղանին հայտնաբերված, մի ձեռագիր փաստաթուղթ է։ Այստեղ նշվում է. «Նկատի ունենալով, որ ժողովրդի մոտ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ մահափորձեր, պայթեցումներ այս կամ այն ուժային հիմնարկությունների վարչատներում՝ աննկատ մնալով։ Դա, անշուշտ, դժվարին, բայց հնարավոր ու արդյունավետ կլինի Թատերական հրապարակում մեծ բազմություն հավաքագրելու առումով։ Կատարվի այնպիսի վարպետությամբ, որ նրանց ներսում կասկածներ առաջացնի միմյանց վրա։ (…) Կարելի է նաեւ աշխատանք տանել Ադրբեջանին նախահարձակ դարձնելու Արցախի ու Հայաստանի սահմանային ճակատներում։ (…) Ստեղծել հակադրություն հանրապետության նախագահի եւ ԱԺ-ի միջեւ։ (…) Բ.-ի, Վ.-ի կամ Վ. Ս.-ի (ակնհայտ է, որ խոսքը Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի մասին է.- Ա. Ի.) խելքին հասցնել, որ ինքն արժանի է հանրապետության նախագահի պոստին եւ թող փորձի իր թեկնածությունն առաջադրել»։ Կարծում ենք, այս մի քանի մեջբերումներն էլ բավական են ապացուցելու համար, որ ներկա ընդդիմադիրները դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն նախկին ընդդիմադիրներին հասնելու համար։ Համենայն դեպս, ներկա «ապակայունացնողների» մտքով չի անցնում սահմանային բախումներ կամ արտաքին ագրեսիա հրահրելը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել