Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Խաչատրյանն ընդդեմ Վլադիմիր Նազարյանի

Հուլիս 06,2001 00:00

«Առավոտի» հուլիսի 4-ի համարում հրապարակել էինք իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի նկատառումները քրեական դատավարության օրենսգրքում առկա հակասությունների վերաբերյալ։

Այս հրապարակմանն արձագանքել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողովի անդամ Մհեր Խաչատրյանը, որը Վլադիմիր Նազարյանի բոլոր պարզաբանումներն անհիմն կերպով վերագրելով նյութի հեղինակին, գրում է. «Նյութի հեղինակը չի տարբերում դատավարության մասնակիցներին մեկը մյուսից։ ՔԴՕ 73 հոդվածում շարադրված են պաշտպանի իրավունքները եւ պարտականությունները։ Նույն օրենսգրքի 68 հոդվածը տալիս է պաշտպանի հետեւյալ սահմանումը. «Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը եւ նրան ցույց է տալիս իրավաբանական օգնություն՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով»։

Ձեր հրապարակման մեջ փորձ է արվել պաշտպանին ներկայացնել որպես տուժողի ներկայացուցիչ։ ՔԴՕ 79 հոդվածը սահմանում է տուժողի ներկայացուցչի իրավունքները եւ պարտականությունները։ Նշեմ, որ փաստաբանը կարող է հանդես գալ որպես տուժողի ներկայացուցիչ։ Այլ խոսքով, փաստաբանը, երբ հանդես է գալիս որպես տուժողի ներկայացուցիչ, չի դառնում պաշտպան։

Փաստաբան եւ պաշտպան հասկացությունները անթույլատրելի է նույնացնելը։ Հոդվածում իրավացիորեն նշվում է, որ 59 հոդվածի 12 կետի համաձայն, տուժողն իրավունք ունի բողոքարկել դատավճիռը եւ դատարանի այլ վերջնական որոշումը «սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով»։ Նույնանման իրավունք վերապահված է տուժողի ներկայացուցչին (ՔԴՕ 79 հ. 2 կետ)։ Կարծում եմ շատ մեծ ընդունակություն պետք չէ ունենալ, թե ինչ հասկանալ «սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով» դրույթը մեկնաբանելիս։ ՔԴՕ 79 հոդվածը տեղադրված է օրենսգրքի ընդհանուր մասում։ Օրենսգրքի հատուկ մասը սահմանում է այն դեպքերը, երբ տուժողն իրավունք ունի բողոքարկել դատավճիռը եւ դատարանի այլ վերջնական որոշումները։ Այդ դեպքերից է 376 հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ «Տուժողը եւ նրա ներկայացուցիչը վերաքննիչ բողոք կարող են բերել միայն այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա»։

Արդյոք հակասություն կա ՔԴՕ 59 հոդվածի 12 կետի եւ 376 հոդվածի 1-ին մասի միջեւ։ Ո՛չ։ 59 հ. 12 կետը սահմանում է «սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով», իսկ 376 հոդվածն էլ կոնկրետ սահմանում է «այդ դեպքը»։

Հրապարակված նյութում օգտագործվում է նաեւ տուժողի «շահերի ներկայացուցիչ պաշտպան» հասկացությունը։ Դատավարության նման մասնակից օրենսգիրքը չի նախատեսում։ Օրենսգիրքը նախատեսում է «տուժողի ներկայացուցիչ» հասկացությունը։

Կարծում եմ «տուժողի շահերի ներկայացուցիչ պաշտպան» հասկացության օգտագործումը կատարվել է միտումնավոր կերպով, որպեսզի անցում կատարվի ՔԴՕ-ի 73 հոդվածով պաշտպանին վերապահված իրավունքները սոսնձելու տուժողի ներկայացուցչին։ Իհարկե, ոչ մասնագետը այս նրբությունները չի կարող հասկանալ եւ ուշադրություն կդարձնի հեղինակի «Բա ո՞ւր մնացին տուժողի եւ պաշտպանի իրավունքները» բացականչությանը։

Պատասխանը այսպիսին է. տուժողի եւ պաշտպանի իրավունքները իրենց տեղում են, ուղղակի հարկավոր է տեղյակ լինել քրեական դատավարության այբուբենին»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031