Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռախոսով

Հուլիս 06,2001 00:00

«ԿՐԱԿԻ ՀԵՏ ԵՍ ԽԱՂՈՒՄ…» Հեռախոսով զգուշացրել էին անկախ լրագրող Վահագն Ղուկասյանին «Հոկտեմբերի 27-ին ահաբեկիչներին զինված ջոկատ է սպասել» հրապարակման հաջորդ օրն իսկ։ Այս առնչությամբ նա դիմել էր ոստիկանությանը, բայց մինչ օրս պաշտոնական պատասխան չի ստացել։ – Ձեզ համար որեւէ բացատրություն ունի՞, թե ինչու է անցած տարվա հունիսին Ձեզ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկելու եւ այնտեղ ծեծվելու դեպքի քննությամբ զբաղվում զինդատախազությունը։ Գուցե ատրճանակների համար կաշվե պատյաններ պատրաստելը համարվում է զինվորական ծառայությո՞ւն։ – Քանի որ անցած տարի իմ գրած «Դիտորդի վարկածը» գրքույկն ամբողջովին վերաբերում էր «Հոկտեմբերի 27»-ին, այդ պատճառով, իմ ունեցած տեղեկություններով, քրեական վարչությունում հավաքված նյութերն ուղարկվել էին զինդատախազություն։ Այն ժամանակ ինձ հրավիրեցին զինդատախազություն՝ մի քանի հարց պարզաբանելու համար, թե որտեղի՞ց ինձ այն տեղեկությունները, որոնք նշել էի «Դիտորդի վարկածը» գրքույկում։ Կարծում եմ, մեկ տարի անց դարձյալ զինդատախազությանն այդ քննությունը հանձնարարելը պայմանավորված է նրանով, որ անցած տարի արդեն այդ թեմային անդրադարձել էին։ Ավելի ստույգ ասել չեմ կարող։ – Ձեր կարծիքով, ինչո՞ւ միայն մեկ տարի անց իրավապահներն անդրադարձան այդ միջադեպին։ – Դրա համար շնորհակալ եմ միայն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որոնց հետեւողական աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանի իրավապահները ստիպված են լինում զբաղվել նման հարցերով։ Հույս չունեմ, որ այս միջադեպը կքննվի օրենքի սահմաններում եւ կարվի ամեն ինչ՝ մեղավորներին պատժելու համար։ – Որեւէ կապ տեսնո՞ւմ եք վերջերս Ձեզ պատկանող կաշվե իրերի նորոգման արհեստանոցի հրկիզման եւ մեկ տարվա վաղեմության այդ դեպքի միջեւ։ – Այո, տեսնում եմ այդ կապը։ Հունիսի 25-ին, արհեստանոցիս հրկիզումից շուրջ 15-20 օր առաջ, զանգահարել էին հանրապետական դատախազությունից եւ տեղեկացրել, որ «Amnisty International» կազմակերպությունից նամակ են ստացել, որտեղ նշված են իմ նկատմամբ անցած տարի գործված բռնությունները։ Հայտնեցին, որ գլխավոր դատախազը հանձնարարել է նյութեր նախապատրաստել այս գործը պարզաբանելու համար։ «Միջազգային համաներման» նամակում, որի պատճենը ես ունեմ, նշված չէ, թե ով է բռնություն գործել, ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հրաչյա Հարությունյանի անունը նշված չէ։ Եվ երբ ես հեռախոսով դատախազության աշխատակցին ասացի, թե ում մասին է խոսքը՝ նա ուղղակի անակնկալի եկավ եւ մի քանի անգամ անուն-ազգանունը ճշտելուց հետո նույնիսկ մականունով հարցրեց. «Կրակեմ Հրա՞չն է եղել»։ Այդ զանգից 4 օր անց տեղի ունեցավ հրդեհը։ Ես նոր էի տեղեկացել այդ մասին, դեռ հրշեջներ էլ չէին եկել, կանգնած էի արհեստանոցիս կողքին, երբ ինձ մոտեցավ քաղաքացիական հագուստով մի աշխատակից եւ սկսեց հարցեր տալ։ Նրան առավել հետաքրքրում էր, թե ո՞վ էր դիմել «Amnisty International»-ին կամ ի՞նչ եմ պատրաստվում անել, մի խոսքով՝ ոչ թե հրդեհը, այլ անցած տարի տեղի ունեցածի հետեւանքները։ Վերջում էլ նետեց. «Կագեբեի մասին նյութեր ես գրում, ուզում ես սենց էլ չլինի՞»։ Համոզված եմ, որ վերջին նախադասությունն ինձ շեղելու համար էր։ Ես հետաքրքրվել եմ եւ պարզել, որ նա Հրաչյա Հարությունյանի աշխատակիցներից է, գիտեմ նրա անունը եւ ազգանունը։ – Կարծում եք, ավտոբուսի հրկիզումը պատասխան էր, որ այդ պաշտոնյայի նկատմամբ գործ հարուցելու (ըստ իս՝ չափազանցված) սպառնալի՞ք էր առաջացել։ – Երկու տարբերակ եմ այս առումով հավանական համարում, բայց վերջնական եզրակացություն չեմ կարող անել։ Համոզված եմ, որ հրկիզումը չէր կարող լինել կենցաղային պատճառներով, նաեւ չեն խախտվել անվտանգության կանոնները։ Հետեւաբար, արհեստանոցիս հրկիզման հավանական պատճառը կա՛մ իմ լրագրողական գործունեությունն է՝ մասնավորապես, «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ լրագրողական հետաքննությունս, կա՛մ միջազգային իրավապաշտպանների կողմից ճնշումը, որ պատճառ դարձավ իմ նկատմամբ գործադրված բռնության փաստին ընթացք տալու։ Հուլիսի 3-ին ներկայացվեց հրշեջ պահպանության ծառայության հանձնաժողովի եզրակացությունը (ես էլ էի ընդգրկված այդ հանձնաժողովում)։ Ըստ այդ եզրակացության՝ բացառվում է, որ հրդեհը էլեկտրականության հետ անփույթ վարվելու հետեւանք է։ Հրդեհի աղբյուրը համարվում է «բաց կրակը»։ Այս նյութերն ուղարկվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննչական բաժին։ – Այսպիսով հերքվե՞ց իշխանամետ լրատվամիջոցների այն վարկածը, թե դա «ինքնահրկիզում» էր, քանի որ արհեստանոցի դռներն ու պատուհանները փակ են եղել եւ կրակի օջախը կարող էր լինել միայն ներսից։ – Այո, հերքվեց։ Առիթն օգտագործելով պիտի դիմեմ այդ լրատվամիջոցներին՝ ինչո՞ւ են խառնվել իրար։ Ես հո նրանց չեմ հիշեցրել Հրանտ Մարգարյանի «թեւավոր» խոսքը «բենզինով շշերի» մասին։ Սա լավագույն դեպքում «Աչքը դուրս գա՝ անունը դուրս չգա» տարբերակն է, վատագույն դեպքում՝ «Գող՝ սիրտը դողը»։ Նրանց այդ հրապարակումները համարում եմ ինքնապաշտպանական։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել