Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՍՏԱՎԱՅՐԸ ՉԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԻ

Հուլիս 05,2001 00:00

ՆՍՏԱՎԱՅՐԸ ՉԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԻ Հունիսի 29-ին «Առավոտ» օրաթերթը «Ինչպես ընդլայնել բյուջեի ճեղքվածքը» վերնագրով հոդվածում մեջբերելով «ստուգվող տեղեկություններ»՝ հաղորդել է, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պատրաստվում է սեփականաշնորհել «Ստեփանակերտի կենտրոնական թաղամասում գտնվող եւ «նախագահի նստավայր» կոչվող շինությունը»։ Հավատալով հոդվածագրի՝ հոդվածում շարադրված տեղեկությունները անձամբ պարզելու անկեղծ ցանկությանը, մեր հերթին հարկ ենք համարում «Առավոտի» ընթերցողներին տեղեկացնել, որ վերոհիշյալ հոդվածում տեղ է գտել իրականության խեղաթյուրում։ Իսկապես, ԼՂՀ նախագահն ի պաշտոնե ապահովված է նստավայրով, ուր նա բնակվում է ընտանիքի անդամների հետ միասին։ Հանրապետության նախագահի համար անվտանգության տեսանկյունից ապահով նստավայր կառուցելու մասին որոշումը կայացվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի կողմից 1997 թվականին, իսկ շինարարությունը փուլերով ընթացել է 1998 թվից մինչեւ 2000 թ. ամառը։ Երկհարկանի շենքը եւ շրջակա տարածքը (որտեղ, ի դեպ, չկան թենիսի կորտեր եւ լողավազան) օրենքով սահմանված կարգով հսկվում է ԼՂՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից։ Հոդվածում նշված 800 հազար դոլարը մի քանի անգամ գերազանցում է նստավայրի կառուցման համար ժամանակին հատկացված գումարը։ Նստավայրը հանդիսանում է ԼՂՀ սեփականությունը, իսկ ԼՂՀ Ազգային ժողովը ոչ միայն վերջերս, այլ՝ ընդհանրապես, որեւէ, ինչպես նշվում է հոդվածում՝ «շշմեցուցիչ» օրենք չի ընդունել առ այն, «թե նախագահը, լիազորությունների ժամկետը լրանալուց հետո, իրավունք ունի սեփականաշնորհել նստավայրը»։ Ինչ վերաբերում է մյուս մտքին, թե ԼՂՀ նախագահը «մտադիր» է սեփականաշնորհել նստավայրը, այն էլ՝ իբր 25-ի փոխարեն 2 հազար դոլար գումարով, ապա կուզենայինք նշել, որ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ նախագահի պաշտոնական նստավայրը սեփականաշնորհելու մտադրություն երբեւէ չի ունեցել։ ԼՂՀ նախագահի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել