Լրահոս
Օրվա լրահոսը

Թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարում որոշվեցին տղամարդկանց մենախաղերի քառորդ եզրափակիչի մասնակիցների անուն

Հուլիս 05,2001 00:00

ՎՃՌՈՐՈՇ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է Թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարում որոշվեցին տղամարդկանց մենախաղերի քառորդ եզրափակիչի մասնակիցների անունները։ Չորրորդ շրջանը հաջող էր հաղթահարել Անդրե Աղասին։ Իսկ վերջին հաջողակի անունը հայտնի դարձավ երկու օր տեւած պայքարից հետո։ Դա, հուրախություն մարզաձեւի տեղացի սիրահարների, նրանց հայրենակից Թիմ Հենմենն է։ Նրա պայքարն ամերիկացի Թոդ Մարթինի հետ հետաձգվեց մութն ընկնելու պատճառով։ Այդ պահին կորտի տերը տանուլ էր տալիս 1։2 հաշվով։ Սակայն գիշերն ավելի նպաստավոր եղավ Հենմենի համար։ Հաջորդ օրը վերսկսված մրցակցությունում անգլիացին ավելի թարմ տեսք ուներ, խաղում էր ավելի բազմազան, որի արդյունքում էլ վերջնական հաղթանակ տարավ։ Կիսաեզրափակիչի ճանապարհին Հենմենը պետք է հանդիպեր չորրորդ շրջանում մեծ սենսացիայի հեղինակ դարձած շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերերի հետ, որը շարքից հանեց Փիթ Սամփրասին՝ վերջինիս զրկելով Ուիմբլդոնում ութերորդ տիտղոսը նվաճելու համար պայքարի հնարավորությունից։ Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են. Անդրե Աղասի (ԱՄՆ)- Նիկոլյա Էսկյուդե (Ֆրանսիա) Պատրիկ Ռաֆթեր (Ավստրալիա)- Թոմաս Էնկվիստ (Շվեդիա) Մարատ Սաֆին (Ռուսաստան)- Գորան Իվանիշեւիչ (Խորվաթիա)։ Իսկ ահա կանանց մենախաղերում ամերիկուհի Ջենիֆեր Կապրիատին՝ Ավստրալիայի եւ Ֆրանսիայի բաց առաջնությունների հաղթողը, ինչպես երեւում է, մտադիր չէ դանդաղեցնել ընթացքը եւ հաստատ որոշել է նվաճել նաեւ «Մեծ սաղավարտի» մյուս երկու մրցաշարերի՝ Ուիմբլդոնի եւ Ամերիկայի բաց առաջնությունների հաղթողի կոչումները։ Այս մարզուհին երեկ 1/4 եզրափակիչում պարտության մատնեց իր գլխավոր մրցակիցներից մեկին՝ Սերենա Ուիլյամսին՝ 6։7, 7։5, 6։3։ Երկրորդ սեթում Կապրիատին հայտնվել էր պարտության եզրին։ Սակայն կարողացավ իր մեջ ուժ գտնել ու բեկում մտցնել խաղի մեջ։ Նախավերջին փուլում ամերիկուհին հանդիպելու է այս մրցաշրջանի գլխավոր հայտնություններից մեկի՝ բելգիացի Ժյուստին Էնինի հետ, որն իր հերթին ստիպեց անձնատուր լինել Կոնչիտա Մարտինեսին (Իսպանիա)։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել