Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշ

Հուլիս 05,2001 00:00

Վարպետի հետ Հուշ Ավետիք Իսահակյանի մասին փոքրիկ հուշագրությունը խմբագրությանն է տրամադրել 15 թվի կոտորածից մազապուրծ Հայաստանի գրողների եւ լրագրողների միությունների անդամ Բաղդասար Թովիկի որդին՝ բանասեր, արվեստաբան Ռոբերտ Թովմասյանը։ Մեր գյուղում դաշտային կամ տնային աշխատանքներից հետո, առանձնապես ուշ աշնանն ու ձմռան երեկոներին, մոտիկ բարեկամները սովորություն ունեն գնալ իրենց ազգուտոհմի նահապետներից մեկի տուն, ոտքերը քուրսու տակից թոնրի մեջ կախել ու լսել մեծերի զրույցները օրվա անցուդարձի կամ աշխարհի «խեր ու շառի» մասին։ Հենց այստեղ էլ տան ավագի առաջարկությամբ «ձայնավոր» պատանիներից մեկը, ձեռքը ականջին դրած, երգում էր, արժանանալով մեծերի խրախուսանքին։ Հենց այսպիսի մի օր առաջին անգամ լսեցի սրտահույզ մի երգ, որն անչափ ազդեց լսողների վրա ու արցունք քամեց կանանց աչքերից։ Ա՜խ, մեր սիրտը լիքը դա՜րդ, ցա՛վ, Օր ու արեւ չտեսանք, Վա՜խ, մեր կյանքը սեւով անց ավ, Աշխարհից բան չիմացանք… – Յարաբ էդ դառը-դժար երգը ո՞վ է գրել եւ լույս աշխարհ հանել, ռես Հեվանես, դու իմաստուն մարդ ես, կիմանաս,- հարցրեց ներկաներից մեկը։ Ռես Հեվանեսը, որ գյուղի միակ գրագետ մարդն էր, կարդալ գիտեր, բայց գրել չգիտեր եւ ժամերգության ժամանակ նույնիսկ քահանայի սխալներն էր բռնում, իր արժանապատվությանը վայել դիրք ընդունելով, ձեռքի համրիչի հատիկները տարավ-բերեց, աչքերը բարձրացրեց վերեւ ու հարց տվողին պատասխանելու փոխարեն դիմեց կնոջը, ասելով. – Էդ ձեթի ճրագի պատրույգը բարձրացրու, լույս տեսնենք։ Իր կնոջը դիմելով՝ ռեսը գուցե ուզում էր փորփրել հիշողությունը ու մտաբերել այդ «դառը-դժար» երգ հորինողի անունը։ – Էդ երգը, ախպորս ասեմ, շատ հին երգ է, մեր ծնունդից առաջ է երգվել. էն էլ ասեմ, որ եկեղեցական հայրերը իրենց հոտի համար որպես սփոփանք մեկ-մեկ էդպես տխուր երգ են գրի առել։ Հարցը փակվեց։ Գյուղում մի երկու տարի հետո միայն դպրոց բացվեց։ Ես սկսեցի սովորել։ Այդ երգի հեղինակի անունն իմանալով՝ մոտեցա ռես Հեվանեսին եւ հայտնեցի, որ «Ա՜խ, մեր սիրտը…» գրել է Ավետիք Իսահակյանը։ – Էդ ի՞նչ մարդ է, տղա,- զարմացավ ռես Հեվանեսը,- տիրացո՞ւ է, թե՞ վարդապետ։ – Բանաստեղծ է։ – Յա՜, ուրեմն բանաստեղծ է։ *** Դպրոցական տեսուչ էի Աշտարակի շրջանում։ Գործի բերումով լինում էի շրջանի գյուղերում։ Ծանոթությունը Վարպետի հետ տեղի ունեցավ պատահականորեն։ Մի անգամ Աշտարակի շրջանի լեռնամասի գյուղերից մեկում հյուր էի դպրոցի տնօրեն Ցոլակ Ավետիսյանին։ Որոշեցինք դասերից հետո զբոսնել դաշտում։ Ու ահա, որտեղից որտեղ, աղբյուրի մոտ հանգստանում է… Վարպետը։ Ակնածանքով բարեւեցինք ու նստեցինք մոտը։ Հենց այդ ժամանակ հոտը աղբյուրին մոտեցրեց միջին տարիքի հովիվը, ու Վարպետն իր սովորության համաձայն, անուշ զրույցի բռնվեց նորեկի հետ։ Հովիվը, որ չէր ճանաչում խոսակցին, եւ քաղաքից եկած պատվավոր մարդու տեղ դնելով՝ պատկառանքով էր պատասխանում նրա հարցերին, հանկարծ դարձավ Վարպետին, ուղիղ աչքերին նայեց, ապա աջ ձեռքի ափով ծածկեց ծաղկառատ կանաչը եւ հարցրեց. – Ափիս տակ քանի՞ տեսակ ծաղիկ ու կանաչ կա։ Քաղաքացի ախպեր, դե՛ իմացիր։ – Ի՞նչ պիտի իմանամ,- ծիծաղեց Վարպետը։ – Իհարկե, չես իմանա,- ու աչքերը ցած խոնարհելով ու տարուբերելով գլուխը՝ ասաց,- իսկի Ավետիք Իսահակյանն էլ չի կարող իմանալ։ Մեր քրքիջը սթափեցրեց հովվին ու, երբ իմացավ ով էր խոսակիցը, մեղավոր ժպտաց, գլխարկը հանեց ու նայելով վերեւ, ասաց. – Փառքդ շատ, տեր Աստված, որ մեր լեռների մեջ ե՛ս էլ տեսա մեր Ավետիք Իսահակյանին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել