Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր երաժշտությունը ջերմացնում է մարդկանց սրտերը՝ արձագանքելով ունկնդիրների ամենատարբեր լսարաններ

Հուլիս 05,2001 00:00

ՀՈԳԻՆԵՐԸ ՋԵՐՄԱՑՆՈՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Հոգեւոր երաժշտությունը ջերմացնում է մարդկանց սրտերը՝ արձագանքելով ունկնդիրների ամենատարբեր լսարաններում։ Իսկապես ներշնչող ու խորապես մարդկային արվեստ է դա, որ լի է կենսական ջերմությամբ, մարդկանց գրավելու զարմանալիորեն բնական կարողությամբ, հմայող պարզությամբ ու անկեղծությամբ։ Հունիսի 24-ից հուլիսի 3-ը երեւանյան համերգասրահներում ծավալված մեղեդին մեղմ զրնգոցով դիպչում էր պատուհանին, դուրս թռչում փողոց, եւ անցորդները կանգ էին առնում եւս մեկ անգամ լսելու հոգեւոր երաժշտության անկեղծության ու մաքրության միջով անցնող ոգեւորության ու հիացմունքի հիմներգությունը։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում անցկացված հոգեւոր երաժշտության միջազգային փառատոնն ավարտվեց, որին մասնակցեցին ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի՝ Բուլղարիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի ստեղծագործական կոլեկտիվներն ու անհատ կատարողները։ Կայացավ գիտաժողով՝ «Քրիստոնյա աշխարհի երաժշտական կանոնական ավանդույթները» թեմայով, որտեղ իրենց գիտական զեկույցներով հանդես եկան մասնագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռուսաստանից, Հունաստանից եւ բնականաբար՝ Հայաստանից։ Ինչպես նկատեց Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի փոխնախագահ պարոն Խոսրով Հարությունյանը՝ «Հոգեւոր երաժշտության փառատոնը միմյանց մշակութային ժառանգությանը ծանոթանալու, մշակութային երկխոսություն ձեւավորելու մի գեղեցիկ առիթ էր։ Նման երկխոսությունները մեզ՝ քրիստոնեական արժեքներ կրող ժողովուրդներիս համար շատ էական նշանակություն ունեն. նպաստում են քաղաքակրթությունների խաչմերուկներում սեփական ուրույն տեղի ամրապնդմանը, ինչպես նաեւ դառնում մշակույթների զարգացման կարեւորագույն խթաններից մեկը»։ Հոգեւոր երաժշտության պարադոքսներից մեկը. մի կողմից պետք է ձգտել համամարդկային հնչողության, մյուս կողմից՝ «համայն մարդկության ձայնի մեջ» պետք է լսելի լինի քո ձայնը։ Եվ այդ «քո ձայնը» լսելի էր մասնակից բոլոր կոլեկտիվների եւ անհատ կատարողների ելույթներում։ Հանրահայտ ճշմարտություն է՝ «Կատարողական արվեստը գոյություն ունի շնորհիվ այն բանի, որ գոյություն ունի նորին մեծություն ունկնդիրը»։ Արվեստում գոյություն ունի ինչ-որ վսեմ բան, որ լիապես կախարդական ուժ է հաղորդում թե՛ կատարողին եւ թե՛ ունկնդրին։ Այլ կերպ ասած, այդ ուժի աղբյուրը կատարողի, այս դեպքում՝ եւ ունկնդրի հոգեկան աշխարհի հարստությունն ու խորությունն է, նրա ունեցած կարողությունները՝ ըմբռնումով հաղորդել ապրումը՝ հոգեբանորեն նուրբ ու իմաստալից բացահայտումներով։ Այսօրվա ունկնդիրը փոխվել է ե՛ւ գեղագիտական, ե՛ւ հոգեւոր պահանջմունքներով։ Փառատոնի օրերին լեփ-լեցուն դահլիճները խոսուն վկաներ էին թե՛ բարձրակարգ կատարումների եւ թե՛ ունկնդրի պատրաստվածության մասին։ Փառատոնին իր գնահատականը տվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանը՝ ասելով. «Հոգեւոր երաժշտության միջազգային փառատոնը ցանկանում եմ համեմատել հզոր հնչողության եւ արտասովոր լայն դիապազոնի գործիքի հետ։ Այս օրերին այդ գործիքը հնչեց ինտոնացիոն մաքրությամբ, հմայեց շնչառության հավասարությամբ, արտահայտիչ ֆրազավորմամբ։ Տեխնիկական դժվարություններ, որոնք, կարծում եմ, անխուսափելի էին, թվում էր՝ գոյություն չէին ունեցել։ Յուրաքանչյուր համերգ, կատարում ներկայացավ ավարտուն, թվում է միայն այդպես, ա՛յդ ռիթմով, ա՛յդ հնչերանգով եւ տեմբրային ա՛յդ գունավորմամբ կարող էր այն կատարվել»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել