Լրահոս
Օրվա լրահոսը

Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների մի խումբ բնակիչներ բողոքում էին, որ իրենցից անօրինականորեն պահա

Հուլիս 05,2001 00:00

Տվեք մեր փողերը, եւ վերջ Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների մի խումբ բնակիչներ բողոքում էին, որ իրենցից անօրինականորեն պահանջում են ջեռուցման վարձավճարները։ Եթե բնակչությունը ջեռուցում ստանալու պայմանագիր է կնքել, ապա նա պարտավորվում է դրա դիմաց վճարել։ Սակայն խմբագրություն եկած բնակիչները ցույց տվեցին իրենց իսկ ստորագրությամբ մի գրություն, որտեղ իրենք հրաժարվում են ջեռուցումից։ Բնակիչներն ասացին, որ ձմեռվա վերջին ամիսը իրենց բնակարանները ջեռուցվել են։ Երբ նրանք փորձել են պարզել, թե բանն ինչ է, թաղապետարանը տեղեկացրել է, որ իրենց շենքերը գտնվում են դպրոցների, մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների հարեւանությամբ եւ այդ պատճառով էլ ջեռուցվել են։ Սակայն եթե իրենք պայմանագիր չեն կնքել, ապա պարտավոր չեն վճարել։ Երեկ հանդիպեցինք ջերմային տնտեսության պետ Ռոբերտ Բուղդարյանի հետ եւ խնդրեցինք ցույց տալ բնակիչների հետ կնքած պայմանագրերը։ Մեր նշած 5 շենքերից պարոն Բուղդարյանը ցույց տվեց միայն մի շենքի բնակիչների հետ կնքած պայմանագրերը, որի համաձայն, ջեռուցում է ցանկանում ստանալ միայն 16 բնակիչ։ Նշենք, որ համաձայն կարգի, ջեռուցվում են այն շենքերը, որոնց բնակիչների 60%-ը կկնքի պայմանագիր եւ կվճարի 30% կանխավճար։ Մինչդեռ պայմանագիր կնքել է բնակչության մոտ 20%-ը։ Մեր փաստարկին՝ եթե բնակիչը չունի կնքած պայմանագիր, ապա նա պարտավոր չէ վճարել ջեռուցման դիմաց, պրն Բուղդարյանը վրդովված պատասխանեց. «Չի կնքել, բայց ջեռուցում ստացել է։ Իսկ եթե ստացել է, պետք է վճարի»։ Մեր պնդումներին ի պատասխան, թե բնակիչները ոչ ցանկացել են ջեռուցում, ոչ էլ կնքել են պայմանագիր, ապա ինչո՞ւ են ջեռուցել, պարոն Բուղդարյանն ասաց, որ իրենք վերը նշված զանգվածներին ջեռուցում տալու ցանկություն բնավ չեն ունեցել, քանի որ շատ քչերն են կնքել պայմանագիր։ Սակայն թաղապետի եւ համատիրությունների խնդրանքով «մենք տվեցինք ջեռուցում, որովհետեւ իրենք ասացին, որ բնակիչները չեն հավատում, թե իրենց շենքերը կջեռուցվեն։ Եթե ջեռուցում տաք, բնակիչը խոստանում է վճարել, մենք էլ տվեցինք, սակայն ոչ ոք չի ցանկանում վճարել»։ Պարոն Բուղդարյանը ժխտեց, որ այդ շենքերը ջեռուցվել են նրա համար, որ գտնվում են մանկապարտեզների, դպրոցների եւ պոլիկլինիկաների հարեւանությամբ։ Ինչեւէ, փաստ է, որ այժմ բնակիչներից պահանջում են վճարել մի ծառայության համար, որը, կարելի է ասել, նրանց պարտադրել են։ Պարոն Բուղդարյանից նաեւ տեղեկացանք, որ ջերմային տնտեսությանը մայրաքաղաքի բնակիչները 94-95թթ. սկսած պարտք են 712 մլն դրամ, իսկ ջերմային տնտեսությունը 4 մլն 953 դրամ պարտք է գազի դիմաց, 125 մլն՝ էլեկտրաէներգիայի եւ 86,7 մլն՝ ջրմուղին։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել