Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողների նյարդերն էլ քարից չեն

Հուլիս 05,2001 00:01

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանի վարքագծի դրսեւորմանը ուշադիր հետեւելու դեպքում նկատում ենք, որ մինչեւ ընդմիջում (ժ. 14-15) նա ագրեսիվ է, նախահարձակ իրեն տրված հարցերի ժամանակ։

Չէի ասի, թե երկրորդ կեսում, այսինքն, մինչեւ դատական նիստի ավարտը (ժ. 18) նա այնքան է հոգնում, որ դրա համար էլ դառնում է զուսպ ու հանդուրժող, բայց երկու մարդու կերպար ես տեսնում՝ տարբեր փուլերում, ընդ որում, երբեմն՝ իրար բացառող։ Երեկ նրա ցինիզմը չափ ու սահման չէր ճանաչում։ Քանի որ ամբաստանյալը շարունակում է պետական քարոզչամիջոցներից էլ օգտվել, ապա վստահաբար կարող եմ ասել, որ նրա տրամադրությունը բարձրացրել էին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի մասնակից քեռիները, որոնք կարծիք էին հայտնել, որ մահապատիժը չպետք է իրականացվի «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների համար, թե չէ Եվրախորհուրդը Հայաստանին քաղցր աչքով չի նայի։

Եվրախորհրդի քեռիները մոռացել էին, սակայն, ցույց տալ գոնե իրենց անդամակցած մեկ պետության անուն, որտեղ գլխատվել են պետության բարձրաստիճան ղեկավարները (որպիսի ցինիզմով եւ դաժանությամբ), որտեղ անարգվել է խորհրդարանն ու պետության խորհրդանիշները ու դատաքննությունն էլ չավարտված՝ «ձուկը ջրում բազար են արել»։

Ամբաստանյալ Ն. Հունանյանն էլ, օգտվելով իր «հատուկ» կարգավիճակից (այնպիսի գուրգուրանք կա նրա նկատմամբ, ասես այս երկրի առաջին ու վերջին ամբաստանյալն ինքն է եղել), դիմում էր հղել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանին, որ կարգավորեն այլ թերթեր ստանալու եւ նամակներ գրելու (ծնողներին) իրավունքը։ Ամբաստանյալը «մտահոգված» էր իր բանաստեղծությունների ճակատագրով էլ։ Հավանաբար տեղյակ է, որ այս տարի գրականության ասպարեզում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մրցանակ չի տվել, եւ թաքուն հավակնում է դրան։

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի մի շարք հարցերին երեկ նա փորձեց խուսափողական պատասխաններ տալ, «Հոկտեմբերի 27»-ի դրդիչ համարեց «Հայաստանի հանցագործ պետական իշխանությունն» ու Վազգեն Սարգսյանին, համախոհ համարեց ժողովրդին։ Հարցերի մի մասին չէր պատասխանում, ասելով, թե այդ մասին բազմիցս ասել է։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ «բառախաղ» անվանեց մեղադրողի մի հարցը։

«Գագիկ Ջհանգիրյանի միտքն եմ բառացի արտահայտել»,- որոշ հանգամանքների ճշտման ժամանակ նշեց նա։

– Կարո՞ղ է Թուրքիայում օգտագործված լինեիք։

– Ես չէ,- պատասխանեց ամբաստանյալը,- այլ մարդիկ՝ այո։

– Ո՞վ են այլ անձինք։

– Օրինակ, դուք… Մեղադրող Արմեն Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ դատավարության առաջին օրերից սկսած ամբաստանյալ Հունանյանը փորձում է շեղել դատավարության ընթացքը՝ անհարգալից վերաբերվելով մեղադրողների նկատմամբ։

Ամբաստանյալը, ըստ մեղադրողի, չի պահպանում դատավարության կարգը եւ շատ հաճախ պատասխանելու փոխարեն անում է մերկապարանոց հայտարարություններ։ Որ դատաքննությունը շեղում է որոշ իմաստով, երեւաց երեկվա մի ինքնախոստովանությունից. «Ես միտումնավոր շեղել եմ, որպեսզի նախաքննական մարմինը այդ մարդկանց (նկատի ուներ Հայկ Բաբուխանյանին- Ռ.Մ.) չձերբակալի եւ գործ չսարքի»։ «Ովքե՞ր չեն ձերբակալվել» եւ կամ «ո՞ւմ մասին է խոսքը» հարցերին էլ պատասխանեց, թե դրանք այն անձինք են, որոնք քրգործով հայտնի են։

Խոսելով Կարեն Հունանյանի եւ Ալիկ Հարությունյանի հետ առերեսումների գաղտնալսման մասին, ամբաստանյալը հայտնեց, որ վստահ է եղել, որ եղբոր հետ իր խոսակցությունը ձայնագրվել է, «իսկ Ալիկ Հարությունյանի ժամանակ որոշակի կասկածներ եմ ունեցել»։ Եվ, հաշվի առնելով Ալիկի հետ հանդիպման «եզակի նշանակությունն» էլ, ամբաստանյալը զգուշացրել էր, որ «այդ կամպանիան նախագահի դեմ է»։ «Ձայնագրառման ժամանակ կան բազմաթիվ մտքեր, որոնք ի վնաս Ալիկի են»։

«Նպատակայի՞ն էր այն ձեր կողմից» հարցին էլ ամբաստանյալը պատասխանեց, որ «նպատակային չի եղել այդ ամենը, այլ կցկտուր մտքեր, պատառիկներ են եղել»։ Ի դեպ, մեղադրողը հրապարակեց այդ ձայնագրման սղագրությունը. «Կարող է սաղ կպցնենք Դեմիրճյանի վրա… նավսյակի հիշիր, պռոստը… Ռոբերտի վարյանտը թող հըլը մնա։ Դեմիրճյանի վարյանտը էն է, որ Բադալյանը պատահաբար լսել է Դեմիրճյանից եւ Միրոյանից, որ իրենց պտի վերացնեն։ Մենք էլ մեզ կորցրինք… Վրադ հո բան չե՞ն կպցրել»։

Ամբաստանյալը դատարանին տեղեկացրեց, որ Նաիրի Բադալյանն իրենց հետ «քայլել է մինչեւ միջանցքի ծայրը, դեպքից քիչ առաջ»։

Տրամաբանական էր այս դեպքում մեղադրողի այն հարցը.

– Դեպքից քիչ առաջ Կարեն Դեմիրճյանը եւ Ռուբեն Միրոյանը գտնվել են միջանցքի ծայրում (որովհետեւ Բադալյան Նաիրին պիտի «լսեր»)։ Բադալյանի լսածը ինչպե՞ս էիք հիմնավորելու։

– Նա հերքելու էր։ Դա կապված կլիներ քննության ընթացքից։ Ավելի հետաքրքիր էր քեռու՝ Վռամ Գալստյանի մի վկայության հրապարակումը, երբ նա ասել էր, որ Նաիրին եւ մյուսները «Հոկտեմբերի 27»-ի ծրագրի կատարող են եղել, եղել են գործիք։

Ամբաստանյալը փորձեց նախ իմանալ, թե որտեղից է վերոնշյալ աղբյուրը հրապարակում մեղադրողը։ Երբ վերջինս ասաց՝ մամուլն է գրել, ամբաստանյալն ասաց. «բամբասանքներին չեմ պատասխանի», իսկ երբ նշվեց, որ Վռամի ցուցմունքն է՝ պատասխանեց. «եթե տվել է՝ խարդավանքների ազդեցության տակ է տվել»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031