Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մերձքաղաքային ձեռնարկություն» ՊՓԲԸ-ի մասին «Առավոտին» վատ-վատ

Հուլիս 05,2001 00:00

ՇԵՖ ՋԱՆ, ՊԱՐԿԸ ՊԵՏԱԿԱՆ Է «Մերձքաղաքային ձեռնարկություն» ՊՓԲԸ-ի մասին «Առավոտին» վատ-վատ տեղեկություններ են հասել։ Ըստ դրանց, ՊՓԲԸ-ի տնօրեն Մուշեղ Խաչատրյանը ձեռնարկության վարորդներին ստիպում է ավտոբուսն երը լիցքավորել «ԹրՑՐպփ»-ի լցակայանից, որը գողական աշխարհի ոչ անհայտ ներկայացուցիչ Փայլակի հետնորդներինն է, միաժամանակ՝ Մ. Խաչատրյանի ընկերոջը, եւ որտեղ բենզինն ավելի թանկ է, քան մյուս տեղերում։ Մուշեղ Խաչատրյանն ընդունեց, որ վարորդների առաջ, իրոք, այդպիսի պահանջ է դրել, նշելով, որ դա ձեռնարկության շահերից ելնելով է արվում։ Նրա ներկայացմամբ, մերձքաղաքային ավտոբուսների պարկը «մինիստրության մեջ (դեռ խորհրդային տարիներից) ամենաառաջավոր պարկն է եղել»։ Ձեռնարկությունը 2 լցակայան ունի, բայց պրն Խաչատրյանը չի կարող դրանք գործարկել, որովհետեւ հարկերն ի վիճակի չէ մուծել. «Եվ քանի որ «ԹրՑՐպփ»-ի մոտի լցակայանը մեր ճանապարհի վրա է, այդ մեկն ենք ընտրել, ճանաչում եմ բոլորին»։ Բացի այդ, լցակայանում փաստաթուղթ են տալիս, մուծված գումարի ԱԱՀ-ն է հաշվարկվում, որն, օրինակ, երկրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 6 մլն 387 հազար դրամ։ «Եթե ես այնտեղից չօգտվեմ, ամեն մի վարորդ տարբեր տեղերից կլիցքավորի ավտոբուսը, ինչի դիմաց մի կտրոն կստանա, որը հարկայինը հիմք չի ընդունում»,- ասում է պրն Խաչատրյանը։ Եվ եթե ճիշտ է ասում, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում Անդրանիկ Մանուկյանին (եթե հասցնենք) կհարցնենք, թե ինչու են իր ղեկավարած ոլորտում այսպիսի «տարբերակմամբ» աշխատում տնտեսավարողները։ «Մի բան էլ. քանի որ կանխիկ գումար չունենք, մյուս լցակայաններին առաջարկում եմ փաստաթուղթ տալ, գումարը 3-4 օրից մուծելու պայմանով, չեն համաձայնում։ Գումարը նախօրոք են ուզում, իսկ մենք՝ չունենք։ Իսկ բենզինն ու դիզվառելիքը բոլոր տեղերում էլ գրեթե նույն գինն ունեն»։ Այնպիսի լցակայաններ էլ կան, որտեղ անորակ վառելիք են մատակարարում։ «5 տարի է, նույն տեղից ենք լիցքավորում մեքենաները։ Եթե մի գրամ տարբերություն տա, չեմ պահի»,- հավաստիացնում է Մ. Խաչատրյանը՝ բողոքելով վարորդներից, որոնք ոչ միշտ են նշված լցակայանից օգտվում։ «Պրն Խաչատրյան, Ձեր անունը կապում են գողական աշխարհի հետ»՝ «Առավոտի» այս հռետորական հարցին ի պատասխան Մուշեղ Խաչատրյանն ասաց. «Ես գողական աշխարհի հետ գործ չունեմ։ Գողական աշխարհում ինձ հարգում են։ Ես շրջապատի տղա եմ, ինձ հարգում են, ոչ թե գող-ավազակ եմ»։ Նա պատմում է, որ այն տարիներին, երբ «բենզինն ու դիզվառելիքը խառնում էին, մեր ավտոբուսների շարժիչները «շարքից դուրս էին գալիս»։ Ես ելա գնացի Մասիս (այն ժամանակ գողական աշխարհն էր զբաղվում այդ գործով), մի հատ լավ թափ տվեցի, եսիմ՝ Արմոյին, Պողոսին, Պետրոսին, ասացի՝ ինձ չի հետաքրքրում, ինձանից չնեղանաք, բոլորիդ բերդ եմ մտցնելու (եթե շարունակեն վատորակ վառելիք մատակարարել)… Բա՝ «Լավ՝ շեֆ՝ ջան, էլ այդպիսի բան չի լինի»։ Մինչեւ հիմա Մասիսի նավթաբազայում ասում են՝ Խաչատրյանի համար մաքուր բենզին ուղարկեք։ Ինձ չեն կարողացել խաբել»։ Մուշեղ Խաչատրյանի անկեղծ միամտությունն է հերքում գողական աշխարհի հետ ունեցած իր կապը, իսկ հավաստիացումը՝ հակառակը։ Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, ձեռնարկության տնօրենը բենզինի համար մուծված գումարից պակաս է անում ձեւակերպումները։ Սա էլ չհերքեց տնօրենը. «Բենզինի թանկացումից հետո օգուտով չենք աշխատում, 11 ամսվա աշխատավարձի պարտք ունի ձեռնարկությունը, բյուջեին փող ենք տալիս, հարկային տեսչությանը տալիս ենք, սոցապ հիմնադրամին նույնպես, 15 հոգու տալիս ենք։ Արդյունքում ընդամենը 1 վարորդը 1 օրում 1000 ռուբլու եկամուտ է բերում։ Վառելիքը, անիվները, պահեստամասերը թանկ են։ Ուղեվարձն էլ իջեցրել ենք։ Անտոմս ուղեւորներ ենք տեղափոխում, անվճար։ Ես ինչ անեմ։ Դրա համար էլ վարորդներից 300-400 դրամ ավել եմ պահանջում, քան մուծվել է վառելիքի համար։ Ասում եմ՝ որովհետեւ օգուտ չես տալիս, գոնե իմ ծախսերը կարողանամ փակել»։ «Իսկ դա ի՞նչ պաշտոնական ձեւակերպում է ստանում» հարցին Մ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես այդպես եմ գտնում, այդքանը։ Կարող եմ այդ գումարը չպահանջել, փոխարենը՝ պլանի չափը բարձրացնել», որովհետեւ նախարարն իրեն ասում է՝ «կամ պարկը փակիր, կամ նորմալ աշխատիր»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել