Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 05,2001 00:00

«ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՉԻ» թերթի նկատմամբ հետապնդումներն իրականացվում են իշխանական բարձր մակարդակով. այս գործին են լծվել բոլոր ուժային նախարարությունները։ Հարկ ենք համարում հիշեցնել. Առաջինը. թերթի հրապարակումներին արձագանքեց ՆԳՆ-ն, որը, «գույքը ետ վերադարձնելու» պատրվակով, որոշեց ցուցադրել ուսադիրները։ Երկրորդը. պանծալի զինդատախազությունն էր, որը թերթի պատասխանատու Շողեր Մաթեւոսյանին «հրավիրել էր» հարցաքննության։ Սույն հարցաքննության ժամանակ քննիչը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են թերթի հրապարակումները «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կապում Մեղրիի վարկածի կամ առողջապահության նախարարության հետ։ Երրորդը պետեկամուտների նախարարությունն էր. 2001 թ. մայիսի 16-ին, այցելության անվան տակ, ապօրինի գործողություններ էր ձեռնարկել թերթի հրատարակիչ «Օգոստոս» գործակալության դեմ՝ առգրավելով գործակալության գրանցման գրքերը։ Այնուհետեւ սկսվել են ստուգումներ, որոնց հետեւանքով ներկայացվել է, այսպես կոչված, ակտը՝ առանց դրան հիմքերը կցելու։ Ընդ որում, հիմքերը ցայսօր չեն ներկայացվել։ Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապօրինի գործողությունն իրականացնելուց մեկ օր առաջ «Օգոստոս» գործակալության նախագահի ծնողներին ՀՀ նախագահի աշխատակազմից «հորդորել են» լռեցնել սեփական զավակին՝ պնդելով, որ այլ պարագայում Շողեր Մաթեւոսյանի ճակատագրով պիտի մտահոգվեն։ Չորրորդ. 2001 թ. հունիսի 30-ին պաշտպանության նախարարի զույգ տեղակալները «զրույցի» են հրավիրել «ՉԻ» թղթակից Մարգարիտ Ստեփանյանին՝ ահաբեկելու նպատակով։ Մեղմ, վստահ երանգով հայտնել են, որ «կոմպրոմատներ» ունեն եւ, որպես ծանրակշիռ փաստարկ, ցույց են տվել որոշ լուսանկարներ, որտեղ պատկերված են պետական պաշտոնյաներ լրագրողների հետ միասին։ Բարձրաստիճան սպաները հետաքրքրվել են թերթում տպագրված նյութերի «ծագումով»։ Այս ամենից հետո եզրակացությունը միակն է. հետապնդողը դիմակազերծվել է. ՊՆ փոխնախարարները, ըստ երեւույթին, համարելով, որ ՊԵՆ-ը հասել է լիարժեք արդյունքի, այսինքն՝ «գործը» սարքվել է, անթաքույց ձեռնամուխ են եղել «կոմպրոմատային» բանակցությունների փուլին։ Եվ ուրեմն՝ թերթը լռեցնելու նպատակով ձեռնարկված բոլոր միջոցառումները կառավարվում են անձամբ Ս. Սարգսյանի կողմից՝ Ռ. Քոչարյանին եւ Ալեքսան Հարությունյանին թերթից պաշտպանելու ակնհայտ ցանկությամբ։ Ակամա հպարտությամբ՝ «ՉԻ» խմբագրակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել