Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանություններն

Հուլիս 05,2001 00:00

Տուն վաճառելը՝ հաճո՞ւյք, թե՞ «թռնելու» միջոց Իշխանություններն ու նրանց արբանյակ մեծ ու փոքր կուսակցությունները, թերեւս, «Հանրապետություն» կուսակցությանը համարում են իրենց հիմնական ընդդիմադիր ուժ եւ մտածում՝ չլինի՞ թե սրանք մեր ընտրազանգվածին իրենցով անեն։ Ու որքան նրանց մտավախությունն ամրապնդվում, ձեռնարկվող հակաքայլերն այնքան ավելի կտրուկ են դառնում։ Իսկ մենք շարունակում ենք անդրադառնալ այդ հանդիպմանը եւ տնտեսական քաղաքականության առանձին հարցերի շուրջ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հայտնած տեսակետներին՝ սպասելով նույնքան նյարդային արձագանքների։ Արմավիրում Ա.Սարգսյանը հենց սկզբից հայտարարեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը կողմ է ազատ շուկայական հարաբերություններին, բայց միաժամանակ, առավելապես կարեւորում է պետության դերն այդ հարաբերություններում, ընդ որում, ոչ թե՝ իբրեւ հսկողի, այլ՝ մասնակցի։ «Բոլոր այն ոլորտները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, շահութաբեր են, ունեն արտաքին շուկաներ, պետությունն իր ձեռքում պետք է պահի։ Մենք չենք կարող մեզ այնպիսի շռայլություն թույլ տալ, ինչպիսին Կենտրոնական Եվրոպայի երկրները։ Գուցե այնտեղ ծայրահեղ լիբերալիզմն արդարացված է։ Բայց տեսեք, թե ովքեր են մեր հարեւանները. երկուսը մեր հանդեպ ակնհայտ թշնամական տրամադրվածություն ունեն, մյուսից գլուխ չես հանի։ Իսկ եթե OTE-ն վերցներ ու «ԱրմենՏելը» իսկապես վաճառեր թուրքերի՞ն, ի՞նչ էինք անելու. իր սեփականությունն է, ինչ կուզի, կանի, եւ ոչ մի միջազգային դատարան այդ հարցում մեզ չէր օգնի։ Չի կարելի նման ռիսկի դիմել եւ այդքան ինքնավստահ լինել։ Ի վերջո, պետք է հիշել, որ մենք շատ բարդ ու անհանգիստ տարածաշրջանում ենք ապրում. մեր գլխին զուր փորձանքներ չբերենք»,- նկատեց պարոն Սարգսյանը։ Վերջինս հիշեցրեց, որ այսօր Իսրայելում եւ Մեծ Բրիտանիայում տնտեսության 65 տոկոսը պետական սեկտորում է։ «Ստացվում է, որ մենք նրանցից լիբերա՞լ ենք՝ ինչ գտնում՝ վաճառում ենք»,- ասաց Ա.Սարգսյանը՝ պնդելով, թե ձեռնարկությունների վաճառքն ամենեւին էլ ներդրում չէ։ Ավելին՝ «վաճառքից գոյացած գումարը պետբյուջեի ճեղքվածքը փակելու համար էլ չէ։ Այդ գումարն ուղղվում է արտասահմանում բացված մեր հատուկ հաշվեհամարին, որի դիմաց Համաշխարհային բանկն ու Արժութային միջազգային հիմնադրամը մեզ պարտք են տալիս։ Ստացվում է, որ մենք մեր տան իրերը վաճառում, գումարը բանկ ենք դնում եւ ուրիշից տոկոսով պարտք վերցնում։ Նման անհեթեթ մեխանիզմ ոչ մի տնտեսվարող սուբյեկտ, ոչ մի ընտանիք իրեն թույլ չի տալիս։ Մեր տնտեսական անկախության շուրջ 70 տոկոսն արդեն կորցրել ենք, եւ հիմա խոսք է գնում մնացած 30-ը կորցնելու մասին, իսկ տնտեսական այդ քաղաքականության արդյունքում մեր սերունդները ստիպված են լինելու մեր վերցրած պարտքերը մարել։ Արդյո՞ք մեր սերունդները չեն գերադասի ապրել մի այնպիսի երկրում, որտեղ իրենք պարտք չեն»,- հռետորական հարցադրում արեց նախկին վարչապետը եւ կարծիք հայտնեց, թե այդ քաղաքականությամբ նաեւ հետագա արտագաղթի համար պարարտ հող է ստեղծվում։ Ա.Սարգսյանը հայտարարեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները շարունակում են խոչընդոտել, որ Հայաստանում իրական ներդրումներ լինեն։ Որպես փաստարկ, նա հիշեցրեց այն հանգամանքը, որ վերջիններս պետությանն արգելում են Հայաստանում հիմնվող ձեռնարկություններում ներդրումային մասնակցություն ունենալ, մինչդեռ ներդրողն առաջին հերթին շահագրգռված է, որ իր ներդրումային ռիսկը պետությունն ինչ-որ չափով կիսի։ «Տարեկան բյուջեի ներկայացման նախօրյակին հայտնվում են այդ կազմակերպություններն ու պետությանն առաջարկում են, թե՝ գիտես, դու վատ ես ապրում, պարտք չե՞ս ուզում։ Ձեզ որեւէ մեկը նման բան երբեւէ առաջարկե՞լ է,- արմավիրցիներին դիմեց Ա.Սարգսյանը եւ զգուշացրեց,- եթե լինի էլ՝ հրաժարվեք. նա անպայման ձեր տան եղածի վրա աչք ունի։ Հենց որոշեցիր պարտքը վերցնել՝ կրակն ես ընկնելու. ստիպված ես լինելու տանից ինչ-որ բան վաճառել՝ նախ պարտքը ստանալու համար։ Հիմա էդ վաճառելը հաճո՞ւյք է, թե՞ առնել-թռնելու տարբերակ»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել