Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանը երեկ, հերթական մամուլի ասուլիսում հայտարարեց, որ թոշակառու կանանց դեմ քրեական գործ հա

Հուլիս 05,2001 00:00

ՈՐՔԱՆ ԴԺՎԱՐ Է ՍԱԴՈՅԱՆ ԼԻՆԵԼԸ Արշակ Սադոյանը երեկ, հերթական մամուլի ասուլիսում հայտարարեց, որ թոշակառու կանանց դեմ քրեական գործ հարուցելը ճիշտ չէ. կանայք պարզապես իրենց կենսաթոշակային խնդիրներն էին ուզում լուծել։ Արշակ Սադոյանն ասաց, որ իրեն եւս դիմել են ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի կողմում հավաքված կանայք։ ԱԺԴ-ի ղեկավարը վստահ է, որ սեփական նախաձեռնությամբ են ՆԳ աշխատակիցներն անցել հակաքայլերի։ Կանանցից Թամարա Սահակյանը Արշակ Սադոյանի կուսակցության անդամ է, եւ կուսակցության ղեկավարը պահանջելու է, որ կանանց պատճառած նյութական եւ բարոյական վնասը փոխհատուցվի։ Հունիսի 25-ին ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ կենսաթոշակառու կանանց եւ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի միջեւ եղած պատմությունից պրն Սադոյանը սահուն անցում կատարեց «ձուկը գլխից է հոտում» արտահայտությանը. «Մինչեւ երկիրը հիմքից չքանդվի, նորից չկառուցվի, այսպիսի երեւույթները անպակաս կլինեն»։ Պրն Սադոյանը վստահ է, որ խորհրդարանական առաջիկա արտահերթ նիստերում կրկին փորձ կարվի «անցկացնել երկրի համար խիստ վտանգավոր ինչ-որ գիծ»։ Պրն Սադոյանը երկրի քաղաքական ներկապնակը խիստ մռայլ գույներով նկարագրեց եւ ասաց, թե այսօր «ամենաիրազեկն ու տեղեկացվածը ժուռնալիստներն են» եւ, փաստորեն, մեզնից էլ Սադոյանը սպասելիքներ ունի։ Նա նույնիսկ առաջարկեց «մթնոլորտ-տրամադրություն ստեղծելու նպատակուղղված քայլեր անել»։ Թիվ մեկ խնդիրն այն պետք է լինի, որ ժողովրդին ներշնչենք, թե «դեմն էլ ուժ չկա կանգնած եւ, եթե մի քիչ ճնշում գործադրենք, ապա կարելի է լուրջ փոփոխությունների հասնել»։ Մինչ մի փոքր ճնշում գործադրելը, պրն Սադոյանը հարմար գտավ կրկնել իր բոլոր մտքերը։ Կրկնվեց, որ «Դաշինք» կուսակցության դռները բաց են եւ, որ կուսակցության նպատակը ծրագրային պետություն սարքելն է։ Կուսակցության ղեկավարն ասաց, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ «բոլոր շփումները դրական կարծիքով են ավարտվել, ծրագրվում է առաջիկա կես ամսում մտավորական լայն, էլիտար հասարակության քաղաքական ուժերի ներկայացմամբ մեծ դահլիճում հանդիպում կազմակերպել»։ Պրն Սադոյանը չասաց, թե կոնկրետ որ քաղաքական ուժերն են համաձայնել մասնակցել այդ «մեծ հանդիպմանը»։ Բայց ասաց, որ արդեն «գրված-պատրաստ են իշխանական համակարգի փոփոխման հոդվածները, ուղղակի չենք ուզում հրապարակել»։ Ոչ ասուլիսի սկզբում, ոչ էլ վերջում Արշակ Սադոյանը չուզեց ասել այն քաղաքական ուժերի անունները, որոնք համաձայն են ստեղծել միասնական ուժ։ Ասաց միայն, որ կլինի համապատասխան հայտարարություն այդ մասին։ Բայց Արշակ Սադոյանը վստահ է, որ, եթե երկու շաբաթ անց հնարավոր լինի իրագործել այդ «դահլիճային մեծ հանդիպումը», ապա դրանից հետո, անպայման պետք է հրավիրվի հանրահավաք՝ նվիրված արմատական կամ համակարգային փոփոխություններին, չեն մոռացվի նաեւ ընթացիկ խնդիրները՝ րոպեավճար, մենաշնորհ, Սեւան-Հրազդան եւ… «հասկանում եք, ինչի մասին է խոսքը»։ Ու այս ամենից բացի, եթե «օդում հայտարարությունների» փոխարեն ներգրավվեն նաեւ այլ քաղաքական ուժեր, ուրեմն երկրում կստեղծվի հեղափոխությանը մոտ իրավիճակ, երբ ներքեւինները չեն ուզում վատ ապրել, վերեւինները՝ հոգնել են լավ ապրելուց։ Ու խնդրեմ՝ հոպլա՜. իշխանափոխությունը պատրաստ է։ Միայն «մեծ դահլիճի» խնդիրն է բարդ, բայց դա էլ կլուծվի՝ նո պրոբլեմ, հեղափոխություն անողի համար մի դահլիճն ի՞նչ է, թեկուզ եւ մեծ։ Արշակ Սադոյանը վստահեցրեց, որ իրենց կողմից ամեն ինչ կարվի «այդ պրոցեսին ընթացք տալու համար»։ Իսկ ի՞նչ կլինի հետո։ Հետո Արշակ Սադոյանի «Դաշինք» կուսակցությունը գտնում է, որ ԱԺ-ի «մեծամասնությունը ընդունելով օրենքներ եւ ձեւավորելով կառավարություն, նախագահին չպետք է ընտրի իր կողմից, որովհետեւ այդ դեպքում ընդհանրապես հակակշիռ չի լինում ԱԺ-ի մեծամասնությանը»։ Սրանից հետո Արշակ Սադոյանը հիշեցրեց 4-ամյա ծրագիրը եւ ասաց, որ ժողովրդի կողմից ընտրված նախագահը պետք է հետեւի՝ եթե այդ ծրագիրը չի կատարվելու, ցրելու է ԱԺ-ն։ Արշակ Սադոյանին մի փոքր դեպի մեր օրերը վերադարձնելով, լրագրողները փորձեցին պարզել՝ մահապատժի վերացման եվրոպական առաջարկի մասին ի՞նչ կարծիքի է «Դաշինքի» ղեկավարը։ Ըստ Արշակ Սադոյանի՝ «Հոկտեմբերի 27»-ի հարցը պետք է առանձին, անկախ լուծվի, որովհետեւ «նման մեծամասշտաբ, բացառիկ հանցագործությունը՝ պատժի տեսակետից եւս պետք է լինի բացառիկ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել