ԵՐԵՔԻՑ՝ ԵՐԵՔ Երեկվա «Առավոտում» մարզասերներին ավետել էինք, որ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 62 կգ քաշային կարգում Արմեն Ղազարյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արթուր Դանիելյանն արժանացել էր բրոնզե մեդալի։ Հայ մարզասերը վաղուց այսքան հաջող մրցելույթներ չէր տեսել միջազգային ամենաբարձր կարգի մրցաշարերում։ Ասպարեզ մտած երեք հայ ծանրորդներն արդեն իսկ հավաքականին պարգեւել են մեկական «ոսկի», «արծաթ» եւ «բրոնզ»։ Ինչպես եւ սպասվում էր, հաղթողի համար պայքարը ծավալվելու էր Արմեն Ղազարյանի եւ ռուսաստանցի Վլադ Լուկանինի միջեւ։ Երկու ծանրորդներն էլ պայքարի մեջ ներգրավվեցին, երբ ծանրաձողը կշռում էր 125,0 կգ։ Հաջող հաղթահարելով այդ քաշը, նրանք պատվիրեցին 130,0 կգ ու կրկին «սանձեցին» այն։ Սակայն վերջին մոտեցումում 132,5 կգ-ը չենթարկվեց Արմենին, իսկ Լուկանինը այն պահեց գլխավերեւում։ Հայ մարզիկը արժանացավ փոքր «արծաթի»։ Երկրորդ մրցաձեւում՝ հրումում, Արմեն Ղազարյանի առավելությունն արդեն բացահայտ էր։ Լուկանինն սկսեց 155,0 կգ-ից։ Արմենը բաց թողեց այդ քաշը՝ պայքարը սկսելով 160,0 կգ-ից։ Մոտեցումը հաջող էր։ Անձնական քաշով թեթեւ լինելով՝ ռուս մարզիկը չցանկացավ ռիսկի դիմել ու ինքն էլ մոտեցավ այդ քաշին։ Սակայն ծանրաձողը չենթարկվեց նրան։ Եվ միայն եզրափակիչ մոտեցման ժամանակ նա կարողացավ բարձրացնել այդ քաշը։ Եվ միայն դրանից հետո Արմենը պատվիրեց 165,0 կգ ու իր կամքին ենթարկելով նաեւ այդ ծանրությունը՝ իր տարիքային խմբում դարձավ թիվ մեկն աշխարհում։ Ընդ որում, Արմենը դեռ մեկ մոտեցման իրավունք ուներ, որից սակայն հրաժարվեց։ Գերազանց հանդես եկավ նաեւ այս քաշում մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արթուր Դանիելյանը։ Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին բարձրանալու իրավունքին նրանից բացի հավակնում էին եւս մի քանի ծանրորդներ, հատկապես, թուրք Էմրահ Արսլանը։ Սկզբունքային այս մրցակցությունում ուժից բացի Արթուրը հաղթեց նաեւ տակտիկական պայքարում։ Թե Արթուրը, թե թուրքը պոկում վարժությունում ցույց տվեցին 125,0 կգ։ Հրումում Արթուրը 2-րդ մոտեցումում սանձեց 150 կգ-ն, 3-րդում՝ նաեւ 155,0 կգ կշռող մետաղաձողը։ Չդիմանալով պայքարի լարվածությանը՝ Էմրահ Արսլանը առաջին մոտեցումով 150 կգ-ը բարձրացնելուց հետո, հաջորդ երկուսում ձախողվեց 155,0 կիլոգրամում ու ոչ միայն անձնատուր եղավ Արթուրին, այլեւ, ի վերջո, գլորվեց 6-րդ հորիզոնական։ Երեկ 69 կգ քաշայինների օրն էր։ Հայաստանն այստեղ ներկայացնելու էր սամաղարցի Արկադի Բարսեղյանը։ Ի դեպ, այս քաշային կարգում հրում վարժությունում (187,5 կգ) եւ երկամարտում (335,0 կգ) երիտասարդների աշխարհի ռեկորդը պատկանում է Ռուդիկ Պետրոսյանին, որոնք նա սահմանել է 2000թ. սեպտեմբերի 20-ին՝ Սիդնեյի օլիմպիական խաղերում։ Վերջին ժամ Երեկ Ա. Բարսեղյանը (69 կգ քաշային կարգ) պոկում վարժությունում ցույց տվեց 135,0 կգ արդյունք: Սակայն հրումում երեք անգամ անհաջողության մատնվեց 165,0 կգ-ում ու դուրս մնաց պայքարից: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ