Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կանցկացվի Մնջախաղի փառատոն

Հուլիս 04,2001 00:00

ՃՈԽ-ՃՈԽ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԼԻՔԸ-ԼԻՔԸ «ՇԵՖԵՐԻՑ» Երեւանում կանցկացվի Մնջախաղի փառատոն Մոռանալով ազգիս իմաստությունն ապացուցող, դարերից եկող զգուշացումը, թե՝ վռազողի կնիկը տղա չի բերի, երեկ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ասուլիս էին հրավիրել «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնի ղեկավարները՝ լրագրողներին հայտնելու, որ երեք ամիս հետո՝ հոկտեմբերի 4-10-ը, Երեւանում կանցկացվի վերոնշյալ փառատոնը։ Ասուլիսին մասնակցող չորս անձինք էլ «շեֆեր» էին. Արթուր Ղուկասյան՝ փառատոնի գլխավոր տնօրեն, Սամվել Մեսրոպյան՝ փառատոնի գործադիր տնօրեն, Ժիրայր Դադասյան՝ փառատոնի նախագահ, Ստեփան Դավթյան՝ փառատոնի աշխատակազմի ղեկավար։ Այսպես լավ է՝ ոչ մեկը չի նեղանա։ Շեֆ թիվ 1 Ժիրայր Դադասյանը հայտնեց, որ փառատոնի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռեւս հունվարից եւ հիմա «այն էտապն է, երբ վստահաբար կարող ենք տալ ստարտը»։ Ի տարբերություն 2001 թ. անցկացվող բազմաթիվ միջոցառումների (սկսած ամենաբարձրակարգից մինչեւ «ճ» կարգի կլուբային մակարդակում գտնվողները), այս փառատոնը չի մտնում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակների մեջ։ Փոխարենն անցնելու է ՀՀ մշակույթի նախարարության «դրոշի» ներքո։ Պարոնայք Դադասյանն ու Ղուկասյանը միմյանց հերթ չտալով, չափից դուրս մանրամասն ներկայացրին փառատոնին մասնակցելու նախնական համաձայնությունը տված 11 երկրների մնջախաղերի թատրոններին, պատվավոր հյուրերին եւ ժյուրիի անդամներին, այդ ընթացքում տալով ցնցող որակումներ, ինչպես, օրինակ՝ «Նրա փառատոնի բյուջեն 3-5 մլն դոլար է՝ մակարդակը երեւա՞ց, ու էդպիսի՜ մարդ է գալիս էստեղ, դա թայֆուն է Հայաստանի համար», մեկ ուրիշի մասին՝ «Չնաշխարհիկ բան է, շոկ կարող է լինել Հայաստանում», եւ կամ թե չէ՝ «Այդ թատրոնի ռեյտինգը հավասար էր Մեծ թատրոնի ռեյտինգին»։ Ակամայից հիշում ես «այն ժամանակ, երբ մենք զարգացած պետություն էինք՝ նրանք ծառից ծառ էին թռչում» հայտնի բովանդակությամբ կենացը։ Բայց այս դեպքում՝ հակառակ իմաստով։ Հայտեր են ստացվել Ռուսաստանից, Մոնղոլիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Լատվիայից, Վրաստանից։ Փառատոնին մասնակցելու առաջարկով ղեկավարները դիմել են նաեւ Բաքվի Մնջախաղի թատրոնին, վերջինս «սիրով համաձայնվել էր», բայց ավելի ուշ պարզվել է, որ ճիշտ այդ օրերին Բաքվում համաքաղաքային տոնակատարություններ են լինելու, եւ նրանք «ցավով նշեցին, որ չեն կարող գալ՝ ողջունելով մեր փառատոնը»։ Ականջդ կանչի՜, Բլեյան Աշոտ։ Քանիցս նշվեց փառատոնին մասնակցող թատրոնների բարձր մակարդակը. «Մենք շատ մանրակրկիտ ենք ընտրել թատրոնները։ Եկողները բավական բարձր նիշ ունեցող թատրոններ են։ Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում նման մասշտաբի փառատոն չի եղել։ Այս թատրոնների սոլիդությունը մեզ ստիպում է ավելի մանրակրկիտ եւ լավ աշխատել»։ Վերջին միտքը պրն Դադասյանը շարունակեց այս ոգով. «Այդ պատճառով մեզ պետք են հովանավորներ, եւ ակնկալում ենք օժանդակություն։ Մենք բոլորս ամեն ինչ պետք է անենք՝ լրագրողները, հովանավորները, հեռուստաընկերությունները, առեւտրային գործունեությամբ զբաղվող ընկերությունները (՞), որ այդ տոնն անցնի լավագույնս»։ Ապա խոստացան, որ փառատոնը կլինի բազմազան, գունեղ, տպավորիչ։ «Ներկայացումների տոմսերն էժան չեն լինելու»,- սպառնացին կազմակերպիչները, թեեւ ասացին, որ բոլոր թատրոնները փառատոնին մասնակցելու են անվճար։ Ընդ որում, 10-11 երկրներից մոտ 50 հոգիանոց թատերախմբերի ճանապարհածախսն ու հյուրանոցային ծախսերը հոգում է Սորոսի հիմնադրամը։ Իսկ Ստեփան Դավթյանի հավաստմամբ՝ մեր գործարարները «վստահաբար» հովանավորելու են փառատոնը։ Սակայն, երբ լրագրողները տարակուսեցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված տոմսերի թանկությունը, պրն Դադասյանը, հակասելով իր գործընկերոջն, ասաց. «Իսկ ո՞վ ասաց, որ գործարարներն անպայման կհովանավորեն»։ Ի դեպ, փառատոնը մրցութային չի լինելու, իրենից ներկայացնելու է բաց դիտում-փառատոն։ Չնայած, այս դեպքում, առնվազն անհասկանալի է, թե ի՞նչ ֆունկցիաներ պետք է իրականացնի ժյուրին։ Խոսելով Երեւանի Մնջախաղի թատրոնի ստեղծագործական որակի մասին, պրն Դադասյանը, մեկ անգամ եւս անկեղծանալով, կրկնեց ինքն իրեն՝ եթե մենք մրցակցենք այս թատրոնների հետ, իրենք մեզ հաստատ կհաղթեն։ Ապա իր թատրոնի հեղինակությունը վերջնականապես չգցելու համար, ավելացրեց. «Ա՛յ, այդքան լավ թատրոններ են մասնակցելու»։ «Առավոտը» չէր կարող չանդրադառնալ Նարե Հայկազյան-Երեւանի Մնջախաղի թատրոն հայտնի բախմանը՝ հետաքրքրվելով պրն Դադասյանից՝ մտադիր չէ՞ փառատոնի առիթն օգտագործել եւ կրկին Մնջախաղի թատրոն հրավիրել հանդիսատեսի եւ մասնագետների կարծիքով, այդ թատրոնի լավագույն դերասանուհիներից մեկին՝ Նարե Հայկազյանին։ Փառատոնի նախագահը պատասխանեց. «Այդ հանգամանքը փառատոնի հետ կապ չունի։ Դա թատրոնի ներքին խոհանոցն է։ Եթե ես խոսեմ այդ երեւույթի մասին, ինչպես նշեցիք (ի դեպ, ոչ ոք նրան չէր խնդրել խոսել «այդ երեւույթի» մասին- Մ. Բ.), դա հօգուտ Նարե Հայկազյանի չի լինի։ Նա խաղացել է 6-ից ընդամենը մեկ ներկայացման մեջ։ Լավագույն ասածը խիստ հարաբերական է»։ Այո՛, իհարկե, ճիշտ այնքան հարաբերական, որքան պրն Դադասյանի հաճախակի կրկնվող հավաստիացումները, թե «մինչեւ 97-98 թթ. Մնջախաղի թատրոնում վիճակը շատ վատ էր, ընդհանրապես ոչինչ տեղի չէր ունենում»։ Չմոռանամ նշել, որ Ստեփան Դավթյանի հավաստմամբ, մշակույթի նախարարությունը Մնջախաղի թատրոնի վրա սկսել է ուշադրություն դարձնել 1999 թ. Գերմանիայում կայացած հյուրախաղերի ժամանակ ունեցած մեծ հաջողությունից հետո։ Հաջողություն, որի հիմնական «մեղավորը» Նարեի հրաշալի պլաստիկան ու արտիստիզմն էին։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել