«Մենք ձեր տարիքում ԱԺ-ի տեղն էլ չգիտեինք» ԱԺ հրավիրված ուսանողներին դիմելով՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նաեւ հիշեց, որ նրանց տարիքում իրենք ԱԺ նախագահի, պատգամավորների, ԱԳ նախարարի հետ անձամբ հանդիպելու հնարավորություն եւս չունեին։ Իսկ երեկ նրանք բոլորը եկել էին ԱԺ-ի «Ոսկեզօծ դահլիճ»՝ ուսանողներին շնորհավորելու եւ պարգեւներ հանձնելու։ Առիթը ուսանողական քաղաքագիտական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն էր։ Մրցույթը, որի նախաձեռնողը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն է, արդեն անցկացվում է երկրորդ տարին, այս տարի՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին բոլոր բուհերի ուսանողները։ Իսկ մրցութային աշխատանքների թեմաները չորսն էին՝ «Հարավային Կովկասը 21-րդ դարում. տարածաշրջանային անվտանգության երաշխիքները եւ համագործակցության հեռանկարները», «Եվրոպական կառույցներին ՀՀ ինտեգրման գործընթացը եւ հեռանկարները», «Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը եւ «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպությունը» եւ «Հայրենիք-Սփյուռք արդի փոխհարաբերությունների որակական զարգացման ուղղությունները»։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհ. Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո հանձնաժողովի փորձագետ Կարեն Բեքարյանը ներկայացրեց մրցույթի արդյունքները։ Մրցույթն անցկացվել է երկու փուլով։ Երկրորդ փուլ անցած 15 մասնակիցներից էլ մրցութային հանձնաժողովը ընտրել է լավագույններին։ Ի դեպ, այդ 15-ից 10-ը ԵՊՀ-ից են։ Մայր բուհից էին նաեւ 1-ին եւ 2-րդ կարգի դիպլոմների արժանացած ուսանողներ Արթուր Մարտիրոսյանն ու Սարգիս Հարությունյանը։ Երրորդ կարգի դիպլոմին արժանացավ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի ուսանողը։ Մնացած ուսանողները, այդ թվում՝ նաեւ մասնավոր բուհերից, արժանացան խրախուսական հատուկ մրցանակների եւ պատվոգրերի։ Պատվոգրերի արժանացան նաեւ մրցույթի կազմակերպմանն աջակցողները։ ԱԳՆ-ի սահմանած հատուկ մրցանակները հանձնեց անձամբ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Նման մրցանակներով ուսանողներին խրախուսելու կարեւորությունը շեշտելով՝ նախարարը առիթը բաց չթողեց «Գրանդ տոբակոյի» նախագահ, մրցույթի հովանավոր Հրանտ Վարդանյանին եւ մյուս գործարարներին առաջարկելու, որ «խրախուսանքը մյուս անգամ ավելի պատշաճ լինի»։ Պարոն Օսկանյանին քիչ թվացին հանձնվող նվերները, քանի որ ուսանողները, ըստ նրա, շատ ավելիին են արժանի։ Չնչին ներդրմամբ մեծ բարերարի պատվի հավակնող Հ. Վարդանյանին ոչինչ չէր մնում, քան վստահեցնել, որ «մեծ հաճույքով մի քանի անգամ կավելացնեմ միջոցները, շատ կարեւոր գործ է, եւ դրա համար չի կարելի ոչ մի բան ափսոսալ»։ Ու թեեւ նախապես անհանգստացել էր, թե «դժվար է պարոն Օսկանյանից, Հովհ. Հովհաննիսյանից, ԵՊՀ ռեկտորից հետո խոսելը», բայց լավ էլ հանգամանալից ճառ ասաց ու նույնիսկ չմոռացավ, որ «մենք ուրիշ ազգ ենք, մերն ուրիշ ա»։ ԱԺ նախագահը ուշացումով եկավ եւ բացատրեց, որ ընդունում էր Եվրախորհրդի մոնիտորինգի խմբի ներկայացուցիչներին։ Խոսել են Եվրախորհրդի հանդեպ Հայաստանի պարտավորությունների մասին։ Բայց Արմեն Խաչատրյանը այնքան է կարեւորել այս միջոցառումը, որ անգամ իր հյուրերին է պատմել, թե ինչ միջոցառում է իրենց զրույցի պահին տեղի ունենում ԱԺ-ում եւ թե ինչ փայլուն երիտասարդություն ունենք՝ «որոնց մեջ փորձում ենք ներարկել ու ամրապնդել պետականության չափանիշները»։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ