Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվածները

Հուլիս 04,2001 00:00

Ո՞Վ ՁԱԽՈՂԵՑ Ձերբակալվածները ձախողակ չէին Մեր նախորդ հրապարակումը պատրաստելիս («Դատավորի լիազորությունները դադարեցվեց. հետո՞») երբ հանդիպում էի Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Մարինե Մարինոսյանի հետ, նա ներկայացրեց 2000թ. հոկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության եւ դիտավորյալ սպանության փորձի համար Ա. Արեւշատյանի, Ա. Առուշանյանի, Ա. Հարությունյանի, Մ. Խանյանի, Ա. Սարգսյանի, Վ. Հովհաննիսյանի եւ Գ. Չիլինգարյանի նկատմամբ հարուցված քրգործի մասին։ Սպանվել էր Գոռ Սեդրակյանը, իսկ նրա եղբայր Գեորգի Գաբոյանը բարեբախտաբար ողջ էր մնացել։ Դատավորի, ինչպես տեղեկացրել էինք, լիազորությունները նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դադարեցվել էին «7 հանցագործների ձերբակալումը ձախողելու համար»։ Մ. Մարինոսյանը մեր զրույցի ժամանակ կասկածյալների անվան եւ ազգանվան սկզբնատառերն էր ասել, կարծելով, թե նախաքննական գաղտնիք կարող է լինել դրանց հրապարակումը։ Նա տեղյակ չէր նույնիսկ, որ իր՝ նրանց նկատմամբ խափանման միջոց՝ կալանք ընտրելու ռուսերեն փաստաթուղթը չհաստատելուց հետո (ճիշտ էր վարվել, ըստ օրենքի) ի՞նչ էր տեղի ունեցել հետագայում։ Ավելին, նա չգիտեր, որ նույն այդ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ, այս տարվա հունիսի 7-ին ի՞նչ էր վճռել։ 7 հանցագործներից Էջմիածին քաղաքի դատարանում ամբաստանյալների աթոռին էին հայտնվել 3-ը՝ Արտակ Հարությունյանը (նախկինում դատված ՀՀ քրօրի 222 հոդվածի 2-րդ մասով եւ ազատազրկման ձեւով պատիժ կրած), Աշոտ Սարգսյանը եւ Արսեն Առուշանյանը։ Նրանք 3-ն էլ կալանքի տակ էին այս տարվա հունվարի 26-ից։ Հիշեցնենք, որ հանցագործության մասին դատախազությունը տեղյակ էր անցյալ տարվա հոկտեմբերի 13-ից, իսկ չարաբաստիկ փաստաթուղթը տրվել էր նախկին դատավորին ստորագրելու անցյալ հոկտեմբերի 27-ին… Նրանք երեքն էլ մեղադրվում էին ՀՀ քրօրի 15, 17-99 հոդվածի 4-րդ կետով եւ 100 հոդվածով։ Հանցագործություն կատարելուց հետո նրանց մի մասը «Զվարթնոց» օդանավակայանից նույն օրը (Ա. Առուշանյանը, Ա. Հարությունյանը եւ Ս. Խանյանը), մյուսները՝ մեկ օր հետո Գյումրիի օդանավակայանից Մոսկվա են մեկնում (Ա. Սարգսյանը, Վ. Հովհաննիսյանը)։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը քննելով Գոռ Սեդրակյանի սպանության, Գեորգի Գաբոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործը, գտավ, որ «ամբաստանյալներ Ա. Հարությունյանի, Ա. Սարգսյանի եւ Ա. Առուշանյանի արարքները ճիշտ չեն որակված» եւ չեն համապատասխանում վերոնշյալ հոդվածների հատկանիշներին։ Կարճ ասած, դիտավորյալ սպանությունն ու սպանության փորձը վերաորակավորվեց այս դատարանում… իմանալ-չհայտնելու՝ քրօրի 206 հոդվածով։ Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի առավ ամբաստանյալների «դրական» բնութագիր ունենալը եւ… «մեղայականով» ներկայանալը։ Այս մասին չգիտեր նախկին դատավոր Մ. Մարինոսյանը, որի լիազորություններն ըստ էության ապօրինի են դադարեցվել։ Իսկ այս վճռից հետո էլ ավելի պարզ է դառնում կրկնակի ապօրինության հանգամանքը։ Նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյանը դատապարտեց նրանցից յուրաքանչյուրին 2 տարի ազատազրկման, իսկ տուժող Գեորգի Գաբոյանին եւ որդեկորույս հորն ու մորը բարեհաճեց… «քաղաքացիական հայցի իրավունք վերապահել»։ Արդարադատության խորհուրդը 7 հանցագործների ձերբակալումը «ձախողած» նախկին դատավորից հաշված վայրկյանների ընթացքում խլեց նրա կարգավիճակը։ Դատարանի դահլիճում նույն այդ «ձախողակները», պարզվեց, այնքան էլ ձախողված չեն եւ ավելին, ինչպես բանավոր-արտադատարանական զրույցներում է շրջում, շուտով ուր որ է ազատ են արձակվելու, համաներվելու են։ Հետաքրքիր է, ո՞ր քննիչին էր հավատալու նախկին դատավորը. այն, որ սպանության մեղադրանք առաջադրե՞ց, որը դատարանում իմանալ-չհայտնե՞լ էր «պարունակել»։ Իսկ դեպքը եղել էր այսպես. հյուրասիրելու պատրվակով Արմենակ Արեւշատյանը Գոռին եւ Գեորգիին առաջարկում է «որեւէ տեղ գնալ»։ Իրենց վաղեմի ծանոթի առաջարկության վրա կասկածներ չունենալով, համաձայնում են։ Շարժվում են Լեռնագոգ, դեպի լքված քարհանք։ Ըստ մեղադրականի, «Ա. Արեւշատյանը ստիպել է Գ. Գաբոյանին հագից հանել անդրավարտիքը եւ այնուհետեւ ատրճանակով 3 անգամ փորձել է կրակել Գ. Գաբոյանի գլխին եւ սպանել նրան»։ Ատրճանակը չի կրակում։ Արեւշատյանը «ստիպված, դանակով» բազմաթիվ հարվածներ է հասցնում Գեորգիի պարանոցին, թիկունքին, Մ. Խանյանը՝ ատրճանակի բռնակով Գ. Գաբոյանի գլխին… ուշաթափված Գեորգիին, կարծելով մեռած է, թողնում են- հեռանում։ Նրա ընկած տեղից 100մ հեռավորության վրա, վերոնշյալ «իմացող-չհայտնողների» ներկայությամբ նույն Ա. Արեւշատյանը դանակով եւ բութ առարկաներով սպանում է Գոռին։ Դատախազության ավագ քննիչ Ն. Արշակյանի անփութության դրսեւորումը երեւում է նաեւ մեղադրականի 3-րդ էջից, երբ «Արմենակ Արեւշատյանի» փոխարեն գրում է «Արմենակ Արմենակյան»։ (Հետաքրքիր է՝ խափանման միջոց՝ կալանքը ընտրելու փաստաթուղթը նախկին դատավորին հրամցնելի՞ս էլ են նման վրիպումներ եղել)։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել