Լրահոս
Օրվա լրահոսը

«Միավորված բանկի» ավանդատուներն անհանգստացած են. «Առավոտի» հետ իրենց մտահոգությունը կիսել են առ այն,

Հուլիս 04,2001 00:00

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ «Միավորված բանկի» ավանդատուներն անհանգստացած են. «Առավոտի» հետ իրենց մտահոգությունը կիսել են առ այն, որ խնամակալության տակ գտնվող բանկը կարծես թե չի հասցնում կատարել ավանդների մարման վերաբերյալ դատարանի հաստատած ծրագիրը, այսինքն՝ վերադարձնել գումարները։ Ավանդատուների տեղեկություններով, «Միավորված բանկը» սնանկացման վտանգի առաջ է հայտնվել իբր խոշոր բաժնետիրոջ կողմից բաժնեմասի հետ պահանջելու եւ ստանալու պատճառով, եւ իբր այդ խոշոր բաժնետերը Սերժ Սարգսյանն է։ «Առավոտի» ուսումնասիրություններով հերքվեց այս տեղեկատվությունը։ Բանկի խնամակալ Հովսեփ Գալստյանի հավաստիացմամբ, դա իրականությանը չի համապատասխանում։ Իսկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ, «այդ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մեր օրենսդրությունն արգելում է բանկի կապիտալի նվազեցումը»։ Այսինքն, եթե բանկում ինչ-որ մեկը ներդրում է արել, կարող է միայն վաճառել իր բաժնեմասը, հետ ստանալը բացառվում է։ Բանկի նախկին գործադիր տնօրեն, այժմ խնամակալ Հովսեփ Գալստյանի խոսքերով, բանկը ֆինանսական խնդիրների առաջ է հայտնվել բազմաթիվ վարկառուների կողմից՝ բանկի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունների չկատարման պատճառով։ «Միավորված բանկը» խնամակալության գործընթացում է գտնվում անցած տարվա նոյեմբերի 4-ից եւ նպատակն առողջացումն է։ Ընդ որում, ըստ դատարանի կողմից հաստատված ծրագրի, նախ պետք է բավարարվեն ֆիզիկական անձանց պահանջները։ Ավանդատուների «հաշվարկներով» բանկը հետ է մնում գրաֆիկից եւ չի հասցնելու նախատեսված ժամկետում մարել թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց նկատմամբ ունեցած գումարային պարտավորությունները։ Ըստ Հովսեփ Գալստյանի, հաշվի առնելով վարկառուների մեծ մասի անբարեխղճությունը, բանկը ստիպված է եղել միջոցների վերադարձն ապահովելու նպատակով դատարաններ ներկայացնել մոտ 200 հայցապահանջ։ Սակայն դատական համակարգի «աստիճաններով» գործերը «թափառում են» շուրջ 6-8 ամիս, ներառյալ հարկադիր կատարման ծառայությանը ներկայացնելը եւ վարկառուի գույքի վրա բռնագանձում տարածելը, աճուրդով իրացնելը։ «Բանկը պարտադրված է իր հավաքագրած միջոցների մի մասը վճարել որպես պետտուրք՝ նոր հայցադիմումներ ներկայացնելու համար, մինչդեռ այդ գումարները նույնպես կարող էին ուղղվել պարտավորությունների կատարմանը՝ դատական վեճը շահելուց եւ միջոցները հետ ստանալուց հետո պետտուրքի վճարը մուծելու պայմանով»։ Խնդիր կա նաեւ գրավադրված կամ բռնագանձման ենթակա գույքի հետ, որն աճուրդով չիրացվելու դեպքում բանկի սեփականությանն է անցնում։ Սրա վերաբերյալ օրենսդրական փոփոխությունն արդեն կատարվել է, բայց գործնականում դեռեւս չի կիրառվում։ Բանկը հասկանալի է համարում ավանդների վերադարձման անբավարար տեմպի եւ ծավալների պատճառով առաջացած դժգոհությունը, բայց նկատում է, որ դեռեւս խնամակալության առաջին 8 ամիսներն են անցել, որը «պահանջվում է յուրաքանչյուր վարկառուի գծով միջոցների հետ ստացումն իրականացնելու համար»։ Տիգրան Սարգսյանի խոսքերով, «Միավորված բանկը» ծրագրի իրականացման գործընթացի վերաբերյալ ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում ԿԲ խորհրդին։ Ավանդատուների հաշվառումը հստակ է, մարումներ տեղի են ունենում»։ Հարցին, թե արդյոք պահպանվո՞ւմ է ժամանակացույցը, ԿԲ նախագահը պատասխանեց, որ սահմանվել է ոչ թե հստակ ժամանակացույց, այլ պահանջների բավարարման հերթականություն, «այսինքն ինչքան շատ ֆինանսական միջոց լինի, ավանդատուների պահանջների բավարարումն այնքան արագ տեղի կունենա»։ Նա էլ իր հերթին ընդգծեց դատարաններում գործերի քննության երկար տեւողությունը, ինչի հետեւանքով «լուրջ կորուստներ ունեցանք։ Նույնիսկ առողջ բանկը չի կարող դիմանալ գործի այդպիսի դանդաղ դատական քննարկմանը, եւ կարող է սնանկանալ այդ պատճառով»։ Բանկը բազմաթիվ բնակարանների, ավտոմեքենաների (որոնք գրավադրված են եղել) վաճառքից սպասվող գումարների միջոցով հույս ունի խնամակալության մեկ տարին ամփոփել ֆիզիկական անձանց նկատմամբ պարտավորությունների կատարմամբ։ Տիգրան Սարգսյանի գնահատմամբ, բանկի առողջացման ռեալ հիմքեր կան, ինչը «պայմանավորված է այն բանակցություններով, որ այսօր վարվում է էներգետիկայի համակարգի ձեռնարկությունների հետ, որոնք ներդրումներ ունեն այդ բանկում»։ ԿԲ նախագահը հույս ունի, որ համաձայնությունն այս տարվա ընթացքում տեղի կունենա. «Եթե այդ համաձայնությունը կայանա, ապա բանկը ոչ միայն կառողջանա, այլ կլինի մեր համակարգի լրջագույն բանկերից մեկը, որը կսպասարկի էներգետիկ համակարգի ֆինանսական հոսքերը»,- հայտնեց ԿԲ նախագահը։ Ավելացնենք, որ «Առավոտի» անկախ աղբյուրը հաստատեց ԿԲ նախագահի այս տեղեկատվությունը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել