Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՐԴԱՏՕՐՈՒՄ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Հուլիս 04,2001 00:00

ՔՐԴԱՏՕՐՈՒՄ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ Համաներումը «Հոկտեմբերի 27-ի» գործով ամբաստանյալների նկատմամբ կիրառելու առնչությամբ իրավաբանական վեճ առաջացավ, թե ով կարող է բողոքարկել դատարանի այդ որոշումը՝ պաշտպանները եւ տուժողնե՞րը, թե՞ մեղադրողները եւ ամբաստանյալները։ Այս առնչությամբ ԱԺ Իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանն «Առավոտին» ասաց. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կապակցությամբ ելույթներում բազմիցս հնչեց, թե ավելի լավ է լինի վատ օրենք, քան օրենք չլինի։ Բայց վատ օրենքն օրինականացնում է կամայականությունը, իսկ օրենքի բացակայությունը գոնե կամայականությունը թողնում է առանց օրենսդրական հիմքի։ Ահա այդպիսի վատ օրենքի օրինակ է «Քրեական դատավարության օրենսգիրքը», որի հոդվածների մեջ անգամ հակասություններ կան։ Ասենք, 59 հոդվածում շարադրված են տուժողի իրավունքներն ու պարտականությունները։ 1-ին կետի 12-րդ ենթակետում նշված է, որ տուժողն իրավունք ունի բողոքարկել դատարանի գործողությունները եւ որոշումները, «այդ թվում՝ դատավճիռը եւ դատարանի այլ վերջնական որոշումը՝ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով»։ Հասկանալի է, որ եթե տուժողը մահացել է, նրա իրավահաջորդը կամ շահերի ներկայացուցիչ պաշտպանն էլ են օժտվում նույն իրավունքով։ ՔԴՕ 73 հոդվածում էլ շարադրված են պաշտպանի իրավունքներն ու պարտականությունները։ 1-ին կետի 15-րդ ենթակետի համաձայն՝ պաշտպանն իրավունք ունի բողոքարկել դատարանի գործողություններն ու որոշումները, «այդ թվում՝ դատավճիռը եւ դատարանի այլ վերջնական որոշումը»։ Բայց նույն օրենսգրքի 376 հոդվածով սահմանվում է. «Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատապարտյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, մեղադրողը»։ Բա ո՞ւր մնացին տուժողի եւ պաշտպանի իրավունքները։ Հիմա եթե չլիներ այս օրենսգիրքը, կգործեր քրեական դատավարության սովետական՝ այդքան չսիրված օրենսգիրքը, որում նման հակասություններ, համենայնդեպս, չկան։ Շատ դեպքերում ավելի լավ է չլինի այդ օրենքը, քան վատ օրենք լինի»։ Ի դեպ, ՔԴՕ-ով սահմանվում է, որ տուժողն ու նրա ներկայացուցիչը վերաքննիչ բողոք կարող են բերել, բայց այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա։ Պաշտպանի իրավունքների իրականացման հարցը մնում է բաց։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել