Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բավական սուր էր արձագանքել այն փաստին, որ ԱԺ ն

Հուլիս 04,2001 00:00

«ԸՆԿՆԵԼԸ ՑԱՎՈՏ ԿԼԻՆԻ» «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բավական սուր էր արձագանքել այն փաստին, որ ԱԺ նախագահն ու փոխնախագահը զրուցել էին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ, լսել նրա առաջարկները մասնավորեցման ցանկի վերաբերյալ։ «Էս ուր ենք հասել, որ ինչ-որ կուսակցության ինչ-որ հռետոր, որը 10 տարի է՝ չի կարողանում ԱԺ հասնել, ինչ-որ բաներ է պահանջում»,- մոտավորապես այս ոգով էր խոսել պրն Սահակյանն իր հեռուստահարցազրույցում, որի առնչությամբ Արամ Սարգսյանն ասաց. «Ինձ համար կարեւորը երեւույթն է, ոչ թե սույն անձնավորության ելույթը։ Խմբակցության ղեկավարը գործում է «գիծ նայողի» մակարդակով (հոխորտանքներ, քվեարկություններ տապալել եւ այլն), եւ շատ եմ ափսոսում, որ այդ մարդն իմ կողմից շատ հարգված Աշոտ Նավասարդյանի կուսակցության անդամ է։ Ոմն վարժապետ, որն այսօրվա բարքերի շնորհիվ հայտնվել է Ազգային ժողովում, փորձում է ձեւ անել, թե իբր ինքը չգիտի Հայաստանի դեմոկրատական կուսակցության 10-ամյա, մեր կարծիքով, ազգանպաստ գործունեության մասին։ Իհարկե, դա մեզ չի մտահոգում, քանի որ իր մասին ինչ-որ հարկ է՝ գիտենք։ Եվ երբ այս երկրում վերջիվերջո կարգուկանոն հաստատենք՝ այդ պարոնն ու իր նման ընկեր փանջունիները նորից կվերագտնեն իրենց տեղը։ Այսինքն՝ ինչպես մենք նրանց մասին տեղեկություն չունեինք 10 տարի առաջ, այնպես էլ մի քանի ամիս անց կմոռանանք նրանց մասին։ Ի դեպ, ԱԺ նախագահի եւ փոխնախագահի հետ մեր զրույցները վկայում են այն մասին, որ համենայնդեպս, խորհրդարանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում իրենց առաքելությունը, այսինքն՝ քննարկել եւ լսել է կուսակցությունների եւ կազմակերպությունների, ընդհանրապես՝ հասարակության ներկայացուցիչների առաջարկները։ Դրան են նրանք կոչված՝ որպես ԱԺ պատգամավորներ։ Իսկ ինչ վերաբերում է այդ պարոնին, այնքան է երեւակայում՝ կարծես համոզված է, թե ինքը նստած է Օլիմպոսի գագաթին։ Ավելի վատ իր համար՝ ընկնելը ցավոտ կլինի։ Բայց, այնուամենայնիվ, կարեւորը երեւույթն է, մեր ԱԺ-ում հիմա կան «գործիչներ», որոնք արտահայտվում են, ինչպես 60-ական թվականներին 3-րդ մասի «ուգլի» տղերքը։ Վերջիններս կանգնելուց ձանձրացած սկսում էին պարզաբանել. «Բա դո՞ւ ով ես… Չէ, դու ո՞վ ես», որին հետեւում էր ծեծկռտուք, կամ, լավագույն դեպքում՝ քաշքշուկը։ Եվ իշխանություններն էլ նպաստում են այսպիսի իրավիճակի ձեւավորմանը, հրահրում եւ սադրում են ապակայունացնող իրավիճակներ հանրային հեռուստատեսության եւ իշխանամետ մամուլի միջոցով»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել