Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը քաջ տեղյակ է եղել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը հակասահմանադրական

Հուլիս 04,2001 00:00

Քոչարյանն անտեղյակ չէր ՀՀ նախագահը քաջ տեղյակ է եղել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը հակասահմանադրական փաստաթուղթ է «ՀՀ Սահմանադրական բարեփոխումներ» վերնագիրը կրող փաստաթղթի 16.05.2001թ. տարբերակում կարդում ենք, որ ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այդ՝ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված փաստաթղթում, առաջարկում է ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 5-րդ կետում, որտեղ ասված է, որ հանրապետության նախագահը «Օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում քաղաքացիական պաշտոններում» «քաղաքացիական» բառի փոխարեն գրել «պետական» բառը։ Արդյունքում կստացվի, որ սահմանադրական բարեփոխումների հետեւանքով, եթե ընդունվի այդ առաջարկը, ՀՀ նախագահին իրավունք կվերապահվի օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոչ թե սոսկ քաղաքացիական (մասնագիտական ծառայություններ մատուցող) պաշտոններում, այլ պետական (պետական իշխանական լիազորություններ իրականացնող) պաշտոններում։ Հետեւաբար, ՀՀ նախագահն առնվազն 2001թ. մայիսի 16-ի դրությամբ գիտեր, որ ինքն իրավունք չունի նշանակել քաղաքացիական խորհրդի անդամներին (տես՝ հիշյալ փաստաթղթի 73 էջը)։ Նույն երեւույթին հանդիպում ենք նաեւ մեկ այլ փաստաթղթի 70 էջում։ Դա արդեն թվագրված է 28.02.2001թ. եւ կրում է նույն վերնագիրը՝ «ՀՀ սահմանադրական բարեփոխումներ»։ Այդ առաջարկը տեղ է գտել նաեւ դրանից առաջ ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջարկներում։ Հետեւաբար, առնվազն 2001թ. փետրվարի 28-ին ՀՀ նախագահը գիտեր, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված իր իրավունքը՝ նշանակելու քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին՝ հակասահմանադրական է։ Սակայն անդրադառնանք մեկ այլ հարցի, որը նույնպես կապված է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծի հակասահմանադրականության հետ։ Հիշյալ փաստաթղթերում՝ թե՛ 16.05.2001թ. եւ թե՛ 28.02.2001թ. սահմանադրական բարեփոխումների առաջարկներից մենք իմանում ենք, որ ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջարկում է հետեւյալ լրացումը կատարել ՀՀ Սահմանադրության 85 հոդվածի 1-ին մասում։ Գործող Սահմանադրության 85 հոդվածի 1-ին մասում ասված է. «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովն առաջարկում է այս դրույթին ավելացնել հետեւյալ բառերը՝ «եւ օրենքով սահմանված գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ մարմիններ»։ Այստեղ կարեւորը ոչ թե արված առաջարկի անհեթեթությունն է եւ դրա հակասելը ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 2 հոդվածի դրույթներին, այլ այն կարեւոր հանգամանքը, որ ՀՀ նախագահը, ծանոթ լինելով իրեն առընթեր հանձնաժողովի առաջարկներին, հիանալի գիտեր, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով խորհրդի ստեղծումը հակասում է գործող Սահմանադրությանը, այսինքն՝ հակասահմանադրական է։ Այսպիսով, ՀՀ նախագահին քաջ հայտնի է եղել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական լինելը, սակայն նա, սկսած 2001թ. փետրվարից, կառավարության եւ ներկայումս Ազգային ժողովի վրա հնարավոր եւ անհնար ամեն մի ճնշում գործադրում է, իր իսկ համոզմամբ, հակասահմանադրական օրենքի ընդունման համար։ Սեփ. լր. Հ. Գ. Արդարադատության փոխնախարար Արեւիկ Պետրոսյանը խորհրդարանում վկայել էր, թե երբ Ռոբերտ Քոչարյանն անմիջականորեն մասնակցել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի մշակումներին, որեւէ միջամտություն չի արել «Քաղաքացիական ծառայության խորհրդի» լիազորությունները չկրճատելու վերաբերյալ։ Վերոնշյալ փաստերը եզրակացության տեղիք են տալիս. նախագահը կարիք չուներ կռիվ տալու խորհրդի լիազորությունների համար, քանի որ նա փորձում է անմիջականորեն ի՛ր լիազորություններն ավելացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել