Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ Պիտերո Արգոն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի շրջանակներում գործող Եվրախորհրդի նկատմամբ Հայ

Հուլիս 04,2001 00:00

ԿՎԵՐԱՑՎԻ՞ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ Երեկ Պիտերո Արգոն Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի շրջանակներում գործող Եվրախորհրդի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների վերահսկման խմբի անդամների հետ գտնվում էր Հայաստանի խորհրդարանում։ Որոշ հանձնաժողովների, նաեւ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է, թե արդեն 6 ամիս Եվրախորհրդի անդամ մեր երկիրը եվրոպացման վայե՞լ է իրեն պահում, թե՞ ոչ այնքան։ Ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսվել է նաեւ Հայաստանում մահապատժի վերացման մասին։ Եվրոպացիները խիստ կտրուկ են արտահայտել իրենց ցանկությունը՝ Հայաստանը պարզապես պարտավոր է՝ որպես եվրոպական կառույցի անդամ, հրաժարվել մահապատժից։ Միայն Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն է համակարծիք եվրոպացիներին։ Պրն Հովհաննիսյանը «Առավոտի» համար բացատրեց իր պահվածքը։ Նա ասաց, որ ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունները ժամանակին իրենց ստորագրությունն են դրել պարտավորությունների ընդունման փաստաթղթի տակ։ Պարտավորությունների շարքում նշված էր նաեւ, որ Եվրախորհրդին անդամակցելուց հետո, մեկ տարվա ընթացքում, Հայաստանը պարտավորվում է ընդունել Քրօրի 2-րդ հատուկ մասը, իսկ դա նշանակում է՝ մահապատժի դե յուրե վերացումը։ Իսկ Հովհ. Հովհաննիսյանի անձնական կարծիքը մահապատժի վերացման մասին հետեւյալն է. «Մեր հասարակության մեջ այդ հարցն առաջացավ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո։ Եթե հոկտեմբերի 27-ի դեպքերը չլինեին, ես կարծում եմ, հասարակության եւ մանավանդ քաղաքական որոշ ուժերի մեջ նման կարծիք չէր լինի։ Իմ անձնական կարծիքը հետեւյալն է՝ ես գտնում եմ, մահապատիժը՝ որպես պատժի առավելագույն միջոց, այս հասարակության, այս ժամանակահատվածի համար ընդունելի չէ»։ Հայաստանի պարտավորությունների կատարումը վերահսկող «Արգոյի խումբը» երեկ պահանջ է ներկայացրել նաեւ Եհովայի վկաներին գրանցելու մասին։ Այս հարցի շուրջ պրն Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանը ընդունել է խղճի եւ կրոնի ազատությանը վերաբերող պարտավորությունները. «Բայց ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա մենք ասում ենք, որ ունենք կրոնի մասին գործող օրենք, որի շնորհիվ 40-ից ավելի աղանդներ դեռ վաղուց Հայաստանում գրանցված են, եւ միայն «Եհովայի վկաներ» աղանդն է, որ մեր օրենքի դաշտի մեջ չի տեղավորվում»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մահապատժի վերացման մասին բոլորովին այլ կարծիքի է։ Վերջինս գտնում է, որ նույնիսկ, եթե «Հոկտեմբերի 27»-ը չլիներ, միեւնույն է, ժողովուրդը հոգեբանորեն այդ խնդիրը չի ժխտում։ Գուցե ինչ-որ ժամանակ ժողովուրդն ուժ գտնի մահապատիժը վերացնելու, բայց, ըստ խմբակցության ղեկավարի՝ «Ժողովուրդը դեռ դրան պատրաստ չի, տասնամյակներ են պետք, որ ժողովուրդը նախապատրաստվի։ Մենք նաեւ փորձառություն չունենք դա փոխել ցմահ բանտարկության, սա էլ իր կանոնակարգն ունի։ Ինչո՞ւ չէ, նաեւ «Հոկտեմբերի 27»-ի առումով մենք գտնում ենք, որ հավերժորեն դատապարտված կլինեն մեր ժամանակակիցները, եթե նման օրենք ընդունեն»։ Գալուստ Սահակյանը գտնում է, որ անհրաժեշտ է բանակցել Եվրախորհրդի կառույցների հետ, նաեւ՝ մահապատժի կիրառման կարգի մասին օրենսդրությամբ հանդես գալ։ Եվրոպացիների հետ հանդիպումից «Միասնության» ղեկավարը տպավորություն ունի, որ եվրոպացիներին անհանգստացնում էր՝ Հայաստանը կհասցնի՞ ըստ ժամանակացույցի կատարել իր պարտականությունները։ «Ռուսաստան-Բելառուսի» ջատագով Աղասի Արշակյանը եւս մի պահ մասնակցել է եվրոպացիների հետ հանդիպմանը եւ կրկնեց իր կարծիքը եվրոպական կառույցներին անդամակցելու մասին։ Պրն Արշակյանը վստահ է, որ եվրոպացիները ոչ մի անգամ Հայաստանին օգուտ չեն տալու, բացի լրացուցիչ պարտավորություններից. «Դրանք Հայաստանին քամելու են, որովհետեւ Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Որեւէ մեկը որեւէ մեկին անշահախնդիր չի օգնում։ Այ, նրանցից դուք ուզեք արվամոլների մասին գրականություն տպելու համար փող, տեսեք, ձեզ անսահմանափակ օգնություն կտան, ուզեք Եհովայի վկաներին գրանցել, տեսեք՝ ինչքան կօգնեն, կամ՝ այլընտրանքային զինծառայության մասին օրենքներ տպելու համար գումար ուզեք՝ տեսեք, թե ինչպես կօգնեն։ Բայց իրենք երբեք մեզ չեն տա երկիրը ոտքի կանգնեցնելու համար օգնություն»։ Հանդիպումը եվրոպացիների հետ առանձնապես հարթ չի ընթացել։ Որոշ շեշտադրումների պատասխանելու անհրաժեշտություն է զգացվել։ Եղել են նաեւ պատասխաններ, հետաքրքիր է, ինչպիսի փոփոխությունների կենթարկվի եվրոպական կառույցի վերաբերմունքը առ Հայաստան։ Մեր եվրոպացի բարեկամները հատկապես մահապատժի վերացման մասին են պնդել, նույնիսկ զգացնել են տվել, որ ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Սփյուռքի ազդեցության տակ չպետք է ընկնել, քանի որ Հայաստանը եվրոպական կառույցի է անդամակցել եւ ոչ թե՝ ամերիկյան։ Եվրոպական մոնիտորինգի մասնակիցները նշել են, որ որեւէ բացառության մասին հարկ չկա խոսել եւ, «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների պարագայում եւս, դատարանի մահապատիժ վճիռը չպետք է իրականացվի։ Այս մասին արտահայտվել են պատգամավորները։ Տիգրան Թորոսյանը, Արտաշես Գեղամյանը, Վարդան Այվազյանը, Գալուստ Սահակյանը եւ մյուսները դեմ են արտահայտվել այս պահանջին։ Մերոնք կտրուկ են եղել եւ ասել են, որ եվրոպացիները ոչ թե մահապատժի վերացման պահանջ են դնում, այլ՝ փաստորեն, անվստահություն են հայտնում Հայաստանի կառավարությանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել