Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեկ

Հուլիս 04,2001 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ ԿԱԽՎԱԾ Է ԿԻՐԱՌՈՒՄԻՑ Երեկ «Համաձայնություն» կենտրոնը կազմակերպել էր «ՀՀ Սահմանադրության վեցերորդ տարին» թեմայով սեմինար։ Հիմնական զեկուցողներն էին ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը եւ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։ Պարոն Խաչատրյանը նախ անդրադարձավ այն հարցին, թե ինչու էր ժամանակին նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտություն առաջացել։ Նրա համոզմամբ, հասարակությունը դեռեւս խորապես չի էլ ընկալել դրա ընդունման կարեւորությունն ու սկզբունքները. «Հասարակությունը մերժել էր նախորդ՝ կոմունիստական, համակարգը եւ պետք էր նոր համակարգն արտացոլող Սահմանադրություն»։ Վ.Խաչատրյանը շեշտեց, որ գործող հիմնական օրենքում ելակետը մարդու արժանապատվությունն է եղել. «Իհարկե, այսօր դժվար է ծանր սոցիալական պայմաններում մարդկանց համոզել, որ այդ համակարգը կոչված է պաշտպանել մարդու արժանապատվությունը»։ Նա հավաստիացրեց, որ Սահմանադրությամբ ամրագրված են մարդու արժանապատվության երաշխիքները՝ հանրապետական եւ ժողովրդավարական կարգեր, իրավական եւ սոցիալական պետություն։ «Սահմանադրությամբ օրինականացվեց ընդդիմությունը, երաշխավորվեց կառավարող քաղաքական ուժի ժողովրդավարական մեթոդներով փոփոխման հնարավորությունը, քաղաքական ուժերի համար ընտրվեց դեպի համագործակցություն տանող ճանապարհ»,- ընդգծեց զեկուցողը։ Ըստ նրա, Սահմանադրությամբ ժողովուրդը վեր է դասվել իշխանական մարմիններից, վերջիններիս քաղաքականապես իշխելու հնարավորությունն ընձեռված է ժողովրդին, որի երաշխիքը մեծամասնության ազատ կամարտահայտությունն է եւ ընտրությունները։ «Շեշտվել է բազմակարծության անհրաժեշտությունը, երաշխավորվել է այլընտրանքային նախաձեռնությունների, նաեւ՝ փոքրամասնություն կազմող ուժերի պաշտպանությունը, պետական իշխանությունը չի կապվել կոնկրետ անձի հետ»։ Թե ինչպես է այդ ժողովրդավարական Սահմանադրությունը կիրառվել անցած 6 տարիների ընթացքում՝ առանձին քննարկման նյութ է։ Պրն Խաչատրյանը միաժամանակ ընդգծեց, թե այսօր սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնած ուժերը չեն նկատում, թե ինչպես է ամեն օր ոտնահարվում Սահմանադրությունն ու սերմանվում ոստիկանական պետության կայացումը։ Իբրեւ դրա ապացույց, զեկուցողը նշեց տիրող անհանդուրժողականությունը, վերահսկելի խորհրդարանի առկայությունը, քաղաքական ու տնտեսական դաշտում հաստատված մենաշնորհները։ «Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելը բացահայտ աճպարարություն է»,- հայտարարեց նա, որի պնդմամբ պետության ետընթացը կանխելու համար պետք է ոչ թե նոր Սահմանադրություն, այլ՝ հասարակական նոր մթնոլորտ, ոչ թե Սահմանադրության փոփոխում, այլ՝ դրա հետեւողական կիրառում։ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանն անդրադարձավ գործող Սահմանադրության եւ արդեն նախապատրաստված փոփոխությունների իրավական կողմին։ Նրա գնահատմամբ, թեեւ գործող հիմնական օրենքը, անկասկած, գիտական մտքի արդյունք է, այդուհանդերձ, փոփոխությունները ոչ միայն անհրաժեշտ, այլեւ՝ անխուսափելի են։ Իր այդ տեսակետը պրն Թոխյանը փաստարկեց Սահմանադրության մեջ մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող գլխի մի շարք բացթողումներով, պետության մեջ ՀՀ նախագահի դերի ու տեղի հստակեցման անհրաժեշտությամբ, խորհրդարանի իրավասությունների ու վերահսկող դերի ընդլայնմամբ։ Նրա պնդմամբ հեղափոխական փոփոխություններ են նախատեսվել Սահմանադրության՝ դատական մարմիններին առնչվող գլխում։ Մասնավորապես՝ «դատավորների նշանակման եւ ազատման համակարգերը տարանջատվել են, վերանայվել է ՀՀ նախագահի՝ Արդարադատության խորհրդի նախագահ լինելու դրույթը։ Ամբողջովին նորացվել է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը սահմանող գլուխը»։ Պրն Թոխյանը մասամբ համաձայնեց սեմինարի մասնակից Դավիթ Շահնազարյանի այն տեսակետին, թե Սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է։ ՍԴ անդամը հակված էր այն տեսակետին, թե երկրի հիմնական օրենքը երկու կողմ ունի՝ քաղաքական եւ իրավական։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նկատեց, թե «նախկին» իշխանությունների մեծագույն սխալներից մեկն էլ այն էր, որ նրանք քաջություն չունեցան դատական իշխանությունը սահմանազատել գործադիրից։ «Այո, Սահմանադրությունը մեղավոր է, որ այսօր դատվում է Աշոտ Բլեյանը»,- նկատեց իրավապաշտպանը։ Անդրադառնալով այն պնդումներին, թե գործող Սահմանադրության շնորհիվ Հայաստանում հնարավոր էր եղել խուսափել ճգնաժամերից, Ա.Իշխանյանը շեշտեց, թե 90-ին էլ իշխանափոխություն եղավ եւ այն ժամանակ էլ հնարավոր եղավ խուսափել ճգնաժամերից, թեեւ գործում էր դեռեւս ՀԽՍՀ Սահմանադրությունը։ «Ի վերջո, այսօր ճգնաժամերը հաղթահարվում են նաեւ օրենքները շրջանցելով»,- նկատեց պրն Իշխանյանն ու եզրակացրեց, որ նորմալ պետություն կառուցելու համար նախեւառաջ պետք է, որ գործող օրենքները կիրառվեն եւ չշրջանցվեն։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել