Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-Ն ՕՐԵՆՔԸ ԿԽԱԽՏԻ՞

Հուլիս 03,2001 00:00

ԿԳՆ-Ն ՕՐԵՆՔԸ ԿԽԱԽՏԻ՞ Եթե մինչեւ սեպտեմբերի մեկը ԱԺ արտահերթ նստաշրջան չհրավիրվի եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում-փոփոխություններ անելու մասին ՀՀ կառավարության նախաձեռնությունը օրենքի ուժ չստանա, ԿԳՆ-ն օրենք կխախտի՝ թույլատրելով դպրոց ընդունելությունը 6,5 տարեկանից։ ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանում մոտ 3 տասնյակ լրացում-փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ, բայց ՀՀ կառավարությունը գլխի չէր ընկել հատուկ առաջարկով զգուշացնել, որ ցանկալի է դրանք նաեւ երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունվեն։ Դպրոց ընդունելությունը 6,5 տարեկանից սկսելու եւ տասնմեկամյա միջնակարգ կրթության անցնելու փոփոխություններն օրինականացնելը թերեւս ամենահրատապն է՝ հաշվի առնելով, որ ընդունելությունն արդեն սկսված է։ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը պարզաբանեց, որ դպրոցներն առայժմ 7 տարեկաններին են ընդունում, մինչեւ օրենքը ընդունվի։ Տիկին Թոփուզյանի տեղեկությամբ՝ առաջիկա օրերին ԱԺ-ն այս հարցը հավանաբար կլուծի, այլապես կստացվի, որ օրենք են խախտելու՝ թույլատրելով ընդունելությունը 6,5 տարեկանից։ Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ առաջին դասարանցիներն այս տարի շատ կլինեն, քանի որ եւ 7, եւ 6,5 տարեկաններն են դպրոց գնալու, ԿԳ փոխնախարարը վստահեցրեց, թե ամեն ինչ հաշվարկված է։ Ծանրաբեռնված թերեւս լինեն միայն մայրաքաղաքի մի քանի մեծ դպրոցներ։ Դրանցում էլ դասերը հավանաբար երկու հերթով կկազմակերպվեն։ Իսկ շրջանների դպրոցներում նման պրոբլեմ ընդհանրապես չի լինի, քանի որ դրանք սովորաբար ծանրաբեռնված չեն լինում։ Աիդա Թոփուզյանը նաեւ տեղեկացրեց, որ այս փոփոխության հետ կապված ծախսերը հիմնականում կրթությանը պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին են հոգալու։ Ընդունելությունը դպրոցներում սկսվել է մայիսից եւ մինչեւ օգոստոսի 31-ը տնօրենները կարող են աշակերտ ընդունել։ Իսկ 6 տարեկանների ընդունելությունը կթույլատրվի միայն կրթության վարչությունների բժշկահոգեբանամանկավարժական հանձնաժողովի համաձայնության դեպքում։ Վերջիններս կսկսեն գործել օգոստոսի 20-ից։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել