Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Հուլիս 03,2001 00:00

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է Համաձայն ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության հանրապետական ծառայության 2001թ. հունիս ամսվա տվյալների, հանրապետությունում տարածքային կենտրոններ է դիմել աշխատանք փնտրող 172.861 մարդ։ Նրանցից գործազուրկի կարգավիճակ է ստացել 86%-ը կամ 148.402-ը, որը 2332-ով պակաս է նախորդ ամսվա եւ 5512-ով՝ տարեսկզբի համեմատ։ Գործազուրկների թվի 65%-ը կանայք են։ Այս ամիս գործազրկության նվազեցում է դիտվել բոլոր մարզերում, բացի Սյունիքի (21,7%), Շիրակի (22,1%) եւ Արագածոտնի մարզերից (2,0%), որտեղ պահպանվել են նախորդ ամսվա ցուցանիշները։ Երեւանում գործազրկության մակարդակը 10,3% է, նախորդ ամսվա 10,4%-ի փոխարեն։ Տարեսկզբից Հայաստանում աշխատանքի է տեղավորվել 3406-ը, որից 42,4%-ը՝ մայրաքաղաքում։ Տեղավորվածների 48%-ը կանայք են։ Հունիսի 1-ի տվյալներով, գործազրկության նպաստի կտրոն ստացողների թիվը 8613-ն է, իսկ դրամական օգնություն ստացողներինը՝ 12384։ «Շուրջ 173.000 աշխատանք փնտրող քաղաքացիների 12%-ն ունեն բարձրագույն կրթություն, 25%-ը՝ միջնակարգ մասնագիտական, 6-7%-ը՝ թերի միջնակարգ, մնացածը՝ միջնակարգ… Բայց այս գործազուրկների մեծ մասն այսօր աշխատաշուկայում մրցունակ չէ,- ասում է Հայաստանի զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գագիկ Բլեյանը,- գործատուները պահանջում են ավելի բարձր ունակությունների եւ կարողությունների տեր մասնագետների»։ Այդ պատճառով այսօր ծառայության գլխավոր խնդիրն է դարձել մասնագետների վերապատրաստումը։ Համաձայն կառավարության որոշման, սոցիալական ապահովագրության հիմնադրամի մուտքերի 8%-ը տրամադրվում է այդ ծրագրերի իրականացմանը։ Վերամասնագիտացման դասընթացներն անվճար են, տրվում է կրթաթոշակ։ Անցյալ տարի այս ծրագրերը թերակատարվեցին, այնինչ, ցանկացողների թիվն ահռելի է։ Այս տարի նախատեսված է վերապատրաստել 1000-1200 մասնագետների։ ՀՀ կառավարության որոշմամբ, մայիսին հաստատվել է «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման եւ վճարման կարգը»։ Համաձայն այդ որոշման, «ՀՀ 2001թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Նպաստներ աշխատանքի դիմաց» հոդվածով հատկացված 500 մլն դրամը բաշխված է ըստ հանրապետության մարզերի։ Գործատուների կողմից աշխատանքի իրականացման ծրագրերը զբաղվածության տարածքային կենտրոն ներկայացնելուց եւ համապատասխան հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Համաձայն ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության հանրապետական ծառայության լրատվական կենտրոնի, զբաղվածության ոլորտում շարունակվում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ։ ՄԱԿ-ի «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրերը իրականացվում են հանրապետության բոլոր մարզերում։ ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել