Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐԾԱԹԵ» ՄԵԿՆԱՐԿ

Հուլիս 03,2001 00:00

«ԱՐԾԱԹԵ» ՄԵԿՆԱՐԿ Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական 27-րդ առաջնությունը։ Մրցահարթակում իրենց ուժն են ցուցադրում նրանք, ովքեր, անկասկած, իրենց երկրների մարզական դրոշի պատիվն են պաշտպանելու 2004թ. Աթենքում կայանալիք ամառային 28-րդ օլիմպիական խաղերում։ Նրանց մեջ են նաեւ մեր հանրապետության ութ պատվիրակները։ Ի տարբերություն նախորդ բոլոր մրցումների, այս անգամ սպորտի նախարարությունը մարզիկների հետ, բացի հավաքականի մարզիչներից, մրցավայր է գործուղել նաեւ նրանց անձնական մարզիչներին։ Այս խնդրի կարեւորության մասին միշտ էլ խոսվել է նախկինում։ Մրցումների առաջին օրը Հայաստանից պայքարի մեջ ներգրավվեց 56 կգ քաշային Մակար Թամրազյանը։ Շնորհալի ծանրորդը, ըստ Ինտերնետում զետեղված ամփոփագրերի, պոկում վարժությունում առաջին մոտեցումով բարձրացրեց 100 կիլոգրամը, այնուհետեւ սանձեց նաեւ 105,0 կգ կշռող ծանրաձողը։ Սակայն երրորդ մոտեցումում 107,5 կիլոգրամը չենթարկվեց նրան։ Հրում վարժությունում Մակարը վերջնահաշվարկով ցույց տվեց 132,5 կգ արդյունք եւ երկամարտի 237,5 կգ արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը։ Երկամարտում նույնպիսի գումար ցույց տվեց նաեւ Թուրքիայի ներկայացուցիչ Էրթան Իսպարան (110.0+127,5), սակայն նա անձնական քաշով (55,72 կգ) ծանր էր Մակարից (55,47), ուստի բավարարվեց բրոնզե պարգեւով։ Իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց կոլումբիացի Օսկար Ֆիգերոան (117,5+142,5=260)։ Երեկ մրցահարթակը տրամադրվեց 62 կգ քաշայիններին։ Այստեղ Հայաստանը ներկայացնում են երկու հոգի՝ Արմեն Ղազարյանը եւ Արթուր Դանիելյանը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել