Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ունեցած փայլուն մենահամերգից հետո հայտարարեց վոկա

Հուլիս 03,2001 00:00

«Պարտական եմ կոնսերվատորիայի ռեկտորին» Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ունեցած փայլուն մենահամերգից հետո հայտարարեց վոկալ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Պետրոսյանը։ Խնդրեցինք երգչուհուն մանրամասնել առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ թվացող այս հայտարարությունը։ «Տարօրինակ ոչինչ չկա… Հայտարարությունս ավելի քան պարզ է։ Եթե չլիներ կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանի օգնությունը՝ կապված ուսման վճարի հետ, ապա ես, ավելի ճիշտ՝ ծնողներս, չէին կարող հաղթահարել ֆինանսական դժվարությունները եւ, բնականաբար, չէի հասնի 4-րդ կուրս ու այս հաջողությանը։ Ավելին՝ աշնանը պատրաստվում եմ մեկնել Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Ելենա Օբրազցովայի անվան միջազգային մրցույթին։ Անցել եմ նախնական փուլը եւ ստացել մասնակցելու իրավունք։ Իհարկե, դեռ հարց է՝ կգտնե՞նք հովանավոր… Տեսնում եք, դարձյալ ֆինանսի խնդիր է։ Այսօր, թեպետ աշխարհի քարտեզի վրա Հայաստանը չի երեւում, բայց աշխարհին հայտնի է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Այս բուհն ավարտած երգիչները, եւ ոչ միայն, զարդարում են աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերը։ Ուզում եմ մինչեւ վերջ անկեղծ լինել։ Բնությունից օժտված, տաղանդավոր երաժիշտը, միեւնույն է, իր տեղը կգտնի։ Մենք, կոնկրետ ես, չեմ ուզում վաղը վեր կենալ ու գնալ։ Ես այստեղ եմ կրթվել, ուսման այս բարձրակարգ համակարգում։ Իսկ ինչո՞ւ թողնեմ- գնամ։ Այստեղ եմ ուզում բեմ բարձրանալ, ուզում եմ նաեւ մեկնել հյուրախաղերի ու վերադառնալ։ Գալիս է պահ, որ չեմ կարողանում մեղադրել երգիչներին, որոնք գնում են ու գնում… Այ, եթե հանգիստ ես, հանգիստ են նյարդերդ, հետեւաբար, անտարբեր ոչինչ չես կատարի։ Օրինակ, այսօր, ունկնդրի դատին հանձնած արեւմտաեվրոպական, ռուս եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները մեկնաբանելիս, աշխատեցի հարազատ մնալ նրանց դավանած գեղարվեստական սկզբունքներին, ճիշտ բացահայտել, դրանք անցկացնելով իմ արտիստական պրիզմայի միջով։ Ստացվեց, հաջողվեց… չէի մտածում ուսման վարձի կամ էլի մի քանի բաների մասին, որոնք անմիջականորեն կապվում են ֆինանս կոչեցյալի հետ։ Թող անհամեստ չհնչի, մենք՝ արվեստագետներս ենք շատացնում կյանքի գեղեցիկը… Միգուցե այս ամենի մասին չէր կարելի բարձրաձայն խոսել, բայց ռեկտորի կողմից այս մարդասիրական քայլի (համոզված եմ՝ քայլերի) մասին հնարավոր չէ լռել։ Չէ՞ որ յուրաքանչյուր ազգի, ժողովրդի ճանաչում են իր արվեստով»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել