ԳՐՔԵՐԻ ՆՈՐԱՄՈՒՏ Գրասեղանային դասականությունից զերծ Հերթական բանաստեղծությունների գիրքը տպագրեց Մերուժան Հովհաննիսյանը։ «Մորմոքի պսակներ» է այն կոչվում։ Նկատենք, որ այդ գիրքը հաջորդել է «Շարքեր» ժողովածուին, մինչ այդ լույս էին տեսել նրա «Սահմաններ», «Վերջալույսի խոհեր», «Հրաժեշտից առաջ» գրքերը, որոնցից յուրաքանչյուրի ծնունդը միմյանցից բաժանում է 1 տարի։ Եթե անկեղծորեն նկատենք, նրանք միմյանց չեն կրկնում. բանաստեղծական անակնկալներ են։ Հազվադեպ է պատահում, երբ բանաստեղծը «հոսանքազրկված» է լինում գրական որեւէ ծածկույթից, երբ հեռու է մնում գրասենյակային-սեղանային դասականությունից, երբ չի զբաղված ինքնամատուցման էժանագին ներկայացմամբ, երբ փոխարենը՝ զբաղված է սկուտեղի վրա բանաստեղծություններ մատուցելով։ Մերուժանն իր բանաստեղծական պսակները ձոնել է այն մտավորականների հիշատակին, «ովքեր հանիրավի հալածվեցին եւ արհամարհված մեռան կոմունիստական բռնապետության արյունոտ զնդաններում»։ Գրքի հատկապես «Պսակ հինգերորդ» շարքը քաղաքական զտարյուն պոեզիա է (բացառիկ այս օրերի համար), Մերուժանի այլախոհական-բանտային անցյալի հանրագումարն է։ «Հետգրություն», «Հայրենիքից դուրս», «Որբերը», «Հյուսիսային բեւեռ» բանաստեղծությունները հնարավոր չէ սառնասրտորեն ընթերցել։ Կոպերիս տակ կանաչ եղեւնիներ հիմա, Երազների միջից ձմռան ցուրտ են խմում, Անցնում են զինվորներ՝ հագած կարմիր դիմակ, Մահվան սեւ քայլերգով տեսնես ո՞ւր են գնում… Տեսնես ո՞ւմ են տանում այս անտառով ճերմակ… Կանաչ եղեւնիներ, կարմիր դիմակ, անտառ ճերմակ, բայց սեւ քայլերգ։ Երիցս ճիշտ է բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սեւակ Արզումանյանը, երբ գրում է. «Էականն այն է, որ Մերուժանը չի ընկնում կեղծ էֆեկտների ետեւից, արտաքին տպավորչական պատրանքներ ստեղծելու միտումով չէ այդքան հաճախակի դիմում պատկերային արտահայտչաձեւերին»։ Մերուժանը հենց այնպես բառի հետ չի խաղում, նրա տողերում հենց այնպես բառ չկա։ Ահավասիկ տրամադրություններ, տողեր, որոնցից քրտինք չի կաթում։ «Երգը ապրում է հոգու մեջ, ինչպես թաքնված պախրա», «Լույսը շրջում է մաշկիս տակ՝ դարձած ոգելից արյուն», «Ձմեռն եկավ ու մի քիչ երկինք մնաց վերեւում», «Ես արթնացա եւ ինձ հետ ամառն ապրեց առավոտ», «Արագիլի լքված բույնն է նայում Աստծուն՝ որբեւայրի կնոջ համառ մենակությամբ»… Մերուժանի հայացքն ամեն ինչի վրա է. տխուր ու տաք։ Այդ հայացքը սիրած աղջկա ծերությունն օրորող փողոցների վրա է եւ այն անձրեւի, որ ջութակների հոգում անհույս հեկեկում էր տերեւաթափ, օգոստոս ամսվա վերջին մայրամուտի եւ քամու ստվերը ճանապարհող լապտերների շարասյան հետ է։ Ժամանակի բոլոր ակնթարթների եւ այն ամենի հետ է, ինչը կազմում է բանաստեղծի թաքուն ու բաց աշխարհի թաքուն եւ բաց անկյունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Խոսում են քարեղեն վկաները Արցախահայությունը երկարատեւ պայքարում կարողացավ 1991 թվականին ստեղծել իր պետական անկախությունը, սակայն ադրբեջանական վայ- պատմաբանները, մամուլն ու լրատվական միջոցները շարունակում են աշխարհով մեկ իրենց ոռնահաչոցները, ամեն կերպ ջանում են ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղը իրենց հայրենիքն է, ազերիների նախնիների հողը, Ադրբեջանի անբաժանելի մասը։ Բայց, իհարկե, աշխարհում կան պատմագիտական հեղինակավոր ինստիտուտներ, որոնք գիտականորեն ուսումնասիրում են պատմական անցքերի իսկությունը։ Այս իսկ առումով իր խոսքը կասի անվանի արցախագետ Շահեն Մկրտչյանի՝ բարձրագույն չափանիշներով կազմված, ձեւավորված «Արցախի գանձերը» կոթողային աշխատությունը, որը վերջերս ներկայացվեց քաղաքակիրթ աշխարհին։ «Արցախի գանձերը» պատկերագիրքը լույս է տեսել հայերեն եւ ռուսերեն լեզուներով։ Շուտով լույս կտեսնի նաեւ հայերեն- անգլերեն, հայերեն-ֆրանսերեն լեզուներով։ Գիրքը, որ իր տեսակով հանդիսանում է պատկերագիրք-ալբոմ՝ ընդգրկում է 463 գունավոր, սեւ-սպիտակ (հիմնականում պատմական, եզակի) լուսանկարներ, քարտեզներ, որոնց ճնշող մեծամասնությունը ներկայացվում է առաջին անգամ։ Այս պատկերագիրքը իր տեսակի մեջ բացառիկ է եւ լուսանկարներով միանշանակ հաստատում է, որ Արցախը հնուց ի վեր եղել է հայկական, Հայաստանի անբաժան մասը եւ այստեղ ստեղծված պատմաճարտարապետական մշակույթը միայն ու միայն պատկանում է հայ ժողովրդին։ «Արցախի գանձերը» մեծ ինֆորմացիա պարունակող եւ միաժամանակ համակողմանի, պատկերավոր ու շքեղ, նախադեպը չունեցող գիրք է։ Այն ունի արդիական հնչեղություն եւ բավարար փաստագրական նյութեր է պարունակում ոչ հեռու անցյալում Արցախ-Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգությունների, արցախյան հզոր շարժման եւ արցախահայության ազատագրական հերոսական պայքարի մասին։ Անշուշտ, այս պատկերագիրքը ինքնատիպ մի հանրագիտարան է եւ իր ուրույն տեղը կգրավի համաշխարհային մշակույթի գանձարանում։ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ-ՔՅՈԽՈՒՆՑ Պատմաբան-լրագրողՍտեփանակերտ