Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետերը ստանձնելով մանկապարտեզների մասին հոգ տանելու պարտավորությունը՝ նախընտրում են ամենակար

Հուլիս 03,2001 00:00

Լուծարում են, որ հոգսից ազատվեն Համայնքապետերը ստանձնելով մանկապարտեզների մասին հոգ տանելու պարտավորությունը՝ նախընտրում են ամենակարճ ուղին՝ լուծարել եւ ազատվել դրանք պահելու հոգսից։ Հերթական օրինակը Արաբկիր համայնքի թիվ 136 մսուր-մանկապարտեզն է, որը գործում է 1961 թվականից եւ գտնվում է Ն. Տիգրանյան 10 հասցեի հինգ հարկանի շենքի առաջին հարկում։ Դեռեւս 2000թ. նոյեմբերին Արաբկիր համայնքի ավագանու նիստում որոշվել է 2001թ. փետրվարի 1-ից լուծարել մանկապարտեզը, սակայն այն մինչ օրս էլ գործում է։ Լուծարման միակ պատճառը Երեւան քաղաքի գլխավոր սանէպիդկայանի բժիշկ Մարիետա Հախվերդյանի եզրակացությունն է։ Ըստ դրա, Արաբկիր համայնքի մի քանի մանկապարտեզների, այդ թվում նաեւ թիվ 136 մսուր-մանկապարտեզի շենքային պայմանները անբավարար են, չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմերին, չունի բակ, չի պահպանվում մեկ երեխային հասանելիք տարածքի չափը, ինչպես նաեւ բոլոր խմբերը օգտվում են միեւնույն սանհանգույցից եւ այլն։ Որոշման վերջում նշվում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել վերոնշյալ թերությունները վերացնելու համար։ Երեկ մանկապարտեզ այցելած լուծարային հանձնաժողովը, որի անդամները, ինչպես նշեց ծնողներից մեկը, ավելի հիշեցնում էին «հարկադիր կատարողների», ճարահատյալ հեռացավ՝ տեսնելով, որ հավաքվել են մանկապարտեզի ողջ կոլեկտիվը եւ ծնողները։ Ծնողների խոսքերով, իրենք թույլ չեն տա, որ նման անօրինական ձեւով եւ անհիմն պատճառներով իրենց երեխաներին դուրս վռնդեն։ Այս տարի ՀՀ կառավարությունը հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության տարի, սակայն «փաստացի ոտնահարվում են մեր երեխաների իրավունքները եւ շահերը»։ «Սա քաղաքականություն է. արդյոք պատահականությո՞ւն է, որ Արաբկիրում լուծարված մանկապարտեզների մեծ մասը գտնվում է բնակելի շենքերի առաջին հարկերում,- ասաց ծնողներից մեկը եւ շարունակեց,- նախկին թաղապետը եւս լուծարում էր հենց բնակելի շենքերում գտնվող մանկապարտեզները եւ վաճառում կամ նվիրում դրանք իր ազգականներին»։ Մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Խաչատրյանի հավաստմամբ՝ իրենց երբեւէ չի այցելել քաղաքային սանէպիդկայանի աշխատակից եւ ստուգումներ չի անցկացրել։ «Միայն 2000թ. դեկտեմբերի 15-20-ին մանկապարտեզ է այցելել Արաբկիր թաղամասի գլխավոր բժիշկը։ Հենց իմ սենյակից զանգահարել է քաղաքային սանէպիդկայան եւ ներկայացրել մանկապարտեզում տիրող իրավիճակը,- ասաց տիկին Խաչատրյանը։- Արաբկիրի թաղապետարանը մեզ առաջարկում է տեղափոխվել մեր հարեւանությամբ գտնվող թիվ 73 մանկապարտեզ եւ գործել այնտեղ որպես առանձին մանկապարտեզ, չնայած այն վթարային է համարվում։ Իսկ որքանով է հիգիենիկ նույն մանկապարտեզի հետ օգտվել միեւնույն դահլիճից, սանհանգույցից, պահեստից, խաղահրապարակից։ Արդյունքում անպակաս կլինեն վեճերը եւ կստեղծվի քաոս»։ Մանկապարտեզի հակասանիտարական վիճակի մասին եզրակացությունը եղել է 2000թ. մայիսի 17-ին, սակայն ստուգումները եղել են միայն դեկտեմբերին։ Ի հակադրություն քաղաքային սանէպիդկայանի եզրակացության, այն մասին, թե մանկապարտեզը գտնվում է հակասանիտարական վիճակում, օրեր առաջ այնտեղ այցելած Արաբկիրի գլխավոր բժշկի ստուգման թերթիկի մեջ նշված է, որ «մանկապարտեզում գործում է 3 խումբ, բոլոր խմբասենյակները եւ խոհանոցը մաքուր պայմաններում են, սպիտակեղենը եւ սրբիչները մաքուր են, պիտակավորումը արված է, ունեն մշտական հոսող ջուր, իսկ խոհանոցային առարկաները պիտանի են օգտագործման»։ Խնդրի շուրջ զրուցեցինք Արաբկիրի համայնքապետ Ֆելիքս Յայլոյանի հետ, ըստ որի, մանկապարտեզը սահմանված նորմերին չի համապատասխանում եւ նման շինծու պայքարի նպատակն այն է, որ մանկապարտեզի տնօրենը ուզում է սեփականաշնորհել այն։ «Ի վերջո կա քաղաքի գլխավոր բժշկուհու որոշումը, որն անվիճելի է»,- ասաց պրն Յայլոյանը։ Քաղաքային սանէպիդկայանի՝ միջոցնե՞ր ձեռնարկել թերությունները շտկելու համար, թե՞ լուծարել մանկապարտեզը հարցին պրն Յայլոյանը պատասխանեց. «Քանի որ մանկապարտեզը ենթակա է հիմնովին վերանորոգման, իսկ դրա համար միջոցներ չկան, ուստի այն պետք է լուծարենք»։ Այսինքն, եւ գլխից կազատվեն, եւ գլխացավանքից, եւ մանկապարտեզի մասին հոգ տանելու կարիք այլեւս չի լինի։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել