Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոնյա լինելը երեկ մակդիր դարձրին

Հուլիս 03,2001 00:01

Հանրությունը, սխալված չեմ լինի ասել, սպասում է «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության այս փուլից ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքների այն մասին, որոնք վերաբերում են կոնկրետ ոճրագործությանը, դրա միտվածությանը, հանցագործության բուն հանգամանքներին։

Հանրությունը սպասում է լսել ամբաստանյալից. իրե՞նք են կատարել ոճրագործությունը, թե՞ այլ ուժեր, անձինք, որոնք «ազատ ամբաստանյալի» կարգավիճակով հայտնվել են դրսում եւ թաքուն հրճվանքով են արձագանքում բոլոր այն գործողություններին, որոնք կատարվում են դատարանում եւ դատարանից դուրս։

Սակայն տպավորությունս այն է, թե «սառեցում» է գնում այս քրգործի դատաքննության ընթացքում։

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հարցեր է սկսել տալ ամբաստանյալ Նաիրի Հունանյանին հունիսի 11-ին, 13-ին, 14-ին, 18-ին, 20-ին, 22-ին, 25-ին, 27-ին եւ երեկ՝ հուլիսի 2-ին։ Ողջ այս ընթացքում շոշափվել են գերազանցապես ամբաստանյալի կենսագրությանն առնչվող հարցեր (վաղ մանկություն, մանկություն, պատանեկություն, ուսանողական շրջան), Թուրքիայում եւ Եվպատորիայում նրա գործունեությունը։

Երեկվա նիստի միակ նորույթն այն էր, որ ամբաստանյալը խոսելով Թուրքիա «փախչելու» իր մտադրությանը ծանոթ անձի՝ լրագրող Տիգրան Նազարյանի մասին, հայտնեց դատարանին, որ իրեն հայտնի է, որ Տիգրան Նազարյանը 1992-ից «որոշակի առնչություններ ունի ԱԱՆ-ի հետ»։

Նա նաեւ ասաց. «Բնականաբար, Տ. Նազարյանի դահլիճ գալը, որին ես չէի կանչել, ենթադրում եմ, որ միայն իր ցանկությամբ դժվար լիներ»։

ԱԱՆ-ի հետ Տիգրան Նազարյանի առնչությունների մասին ենթադրությունների հիմք էր հանդիսացել ամբաստանյալ Ն. Հունանյանի համար նաեւ այն, որ դեռեւս 92թ. գարնանից Տիգրան Նազարյանն առնչվում էր թուրքական «Հյուրիեթ» թերթի մոսկովյան ներկայացուցչի հետ եւ «երբեմն-երբեմն հանդիպումներ էր ունենում ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչների հետ»։

«Պարբերական» կապերի մեջ հիշատակվեց նախկին նախագահի նախկին անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանի անուն-ազգանունը եւս։ Մեղադրող Հ. Մարտիրոսյանը «հիշեցրեց», որ ոճրագործությունը կատարվել է կաթողիկոսական ընտրությունների օրը, ինչին ամբաստանյալը որակում տվեց, թե «հարցը կրոնական ենթատեքստ ունի»։

Մեղադրողը հացրեց.
– Քրիստոնյա՞ ես…

Հետեւեց այս երկխոսությունը.
– Հայ եմ՝ առանց մակդիրների։

– Քրիստոնյա լինելը մակդի՞ր է։

– Կրոնական մակդիր է։

– Հնարավոր է Թուրքիա գնալիս հավատափոխ եղած լինեք։

– Ես հայ եմ, առանց որեւէ բան ավելացնելու։

Դահլիճից ինչ-որ մեկը նկատեց. «Ձեւի պարագա է»։

Ամբաստանյալին «շանս» տրվեց մի քանի քաղցր խոսքեր էլ ուղղել հոգեւորականների հասցեին. «Ես ամոթ եմ զգում Հայ Առաքելական եկեղեցու հիվանդ ու անառողջ երեւույթների համար, նույն հոգեւոր թայֆաբազությամբ վարակված, նույն կաշառակերությամբ, «կուսակրոնությամբ», որն անբարոյականությունից այն կողմ չի անցնում»։

Ամբաստանյալը համառություն ցուցաբերեց այն հարցերի պատասխանները տալուց, երբ խոսքը ԱԺ-ից ինքնաթիռով Թուրքիա փախչելուն էին վերաբերում։

– Ալիկ Հարությունյանի հետ այլ երկիր տեղափոխվելու մասին խոսակցություն եղե՞լ է, թե՞ ոչ,- մեղադրողի այս հարցին հետեւեց ոչինչ չասող պատասխանը (ի դեպ, նույնատիպ պատասխաններով հեղեղված է դատաքննությունը). «Իմ ցուցմունքներում նշված է, ինչպես նշված է։ Այնտեղ ոչ այո է, ոչ՝ ոչ»։

Կամ.

– Ես Ալիկի հետ ընդամենը մտահոգություն եմ հայտնել հնարավոր հաշվեհարդարի համար Հայաստանից դուրս գալու մասին,- հայտնեց ամբաստանյալը։

Հետեւեց մեղադրողի «ո՞ւր էիք գնում, ա՞յլ երկիր» հարցը։ Պատասխանեց. «Որեւէ տեղ չէի գնում», իսկ քիչ անց հայտնեց, որ «այլ երկրի խոսակցություն չի եղել»։

– Հայաստանից դուրս գալը այլ երկիր գնա՞լ էր։

– Հասկացեք՝ ինչպես ուզում եք։ Երեկ մեղադրողն անդրադարձավ, մասնավորապես, Շանթ Հարությունյանի եւ Ռազմիկ Վասիլյանի հետ ամբաստանյալի հանդիպումներին, նրանց առանձին վկայություններին։

Ամբաստանյալը հաստատեց, որ Շանթի հետ խոսել է կուսակցություն ստեղծելու մասին։ Իսկ թե այն, որ Շանթը կազմակերպություն ուներ եւ ամբաստանյալի նպատակն այդ առումով հստակ չէր, Ն. Հունանյանը գտավ Շանթին դիմելու հնարն էլ. «Շանթի կուսակցությունը թղթի վրայից բացի, իրականում որեւիցե ուժ չէր ներկայացնում եւ նա անունով գոյություն ուներ»։

Նա ասաց, որ Շանթին ասել է, որ Հայաստանում հնարավոր է ինչ-որ բան անել Վ. Սարգսյանի բռնապետությունից հետո, իսկ հեղաշրջում անելու մասին խոսակցություն չի ունեցել։ Այն, որ Շանթն ի պաշտպանություն Վ. Սարգսյանի որեւէ բան է ասել ամբաստանյալին, վերջինս հերքեց եւ ասաց, որ «բնական է, որ երկրում տիրող նախաքննության տեռորիստական ոճն ու ռեւանշիստական մթնոլորտը ստիպում էր, որ ինձ ճանաչող մարդիկ ասեին, որ ինձ չեն ճանաչում»։

Մեղադրողը նկատեց, որ տեռորիզմի էությունն այն էր, երբ ԱԺ դահլիճում մահացածի վրա հարվածում էր… ամբաստանյալը։

«Ես ելույթի չեմ պատասխանի» հասցրեց սառնասրտորեն նետել վերջինս։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031