Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բազմաթիվ եւ կարծես թե անվերջանալի են մայրաքաղաքում ապօրինի ճանապարհով կատարվող շինությունները։ Նման

Հուլիս 03,2001 00:00

Կդադարեցվի՞ հերթական ապօրինի շինարարությունը Բազմաթիվ եւ կարծես թե անվերջանալի են մայրաքաղաքում ապօրինի ճանապարհով կատարվող շինությունները։ Նման բողոքներով խմբագրություն ամեն օր մարդիկ են այցելում, ստացվում են բազմաթիվ նամակներ։ Հերթական բողոքողները Իսահակյան եւ Թումանյան փողոցների (թիվ 38 եւ 6 շենքերի) բնակիչներն էին։ Մոտ երկու տարի առաջ վերը նշված շենքերի ընդհանուր բակում, Իսահակյան 38 շենքի թիվ 54 բնակարանի բնակիչ Ա. Սարգսյանը տեղադրել է մետաղյա ավտոտնակ։ Այդ շինությունը բակի բնակիչների բողոքների շնորհիվ ժամանակին կասեցվել է. ավտոտնակը մնացել է կիսակառույց։ Զբաղեցված տարածքը, ըստ բնակիչների, գտնվում է բակի հանգստի գոտում եւ կից է երեխաների խաղահրապարակին։ Այստեղ, ինչպես բնակիչներն են վկայում, «տիրում է հակասանիտարական խայտառակ վիճակ, վայրը վերածվել է աղբատեղի, որը վտանգավոր է երեխաների համար»։ Բնակիչների հավաստմամբ, այդ տարածքի մի մասը, որտեղ նույն անձնավորության կողմից կրկին ավտոտնակի շինարարություն է կատարվում, որպես խաղահրապարակ տրամադրվել էր բակի երեխաներին։ Անտեսվել են շուրջ 100 բնակիչների եւ նրանց երեխաների իրավունքները։ Բնակիչների կողմից բողոք է ներկայացվել Կենտրոն համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանին՝ այդ անօրինական կառույցը կասեցնելու նպատակով։ Սակայն, ի զարմանս նրանց, «Կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Ա. Մանուչարյանը գրավոր պատասխանել է, թե շենքի բակում գոյություն ունեցող ավտոտնակը, համաձայն անշարժ գույքի պետական միասնական կադաստրի թիվ 0143/33 սեփականության վկայականի, պատկանում է Իսահակյան 38 շենքի թիվ 54 բնակարանի բնակիչ Ա. Սարգսյանին։ Բնակիչների համոզմամբ, քաղաքացի Սարգսյանը այդ ապօրինի շինարարությունը ձեւակերպել է կադաստրում, ինչ-որ իշխանավորի հովանավորությամբ։ Նշված գործարքը, ըստ նրանց, անօրինական է, քանի որ բակը առանց այն էլ շատ փոքր է մոտավորապես 100 բնակարանի երեխաների համար եւ, բացի այդ, ավտոտնակ կառուցելու համար չկա Կենտրոն համայնքի կամ քաղաքապետարանի թույլտվությունը։ Իսահակյան եւ Թումանյան փողոցի թիվ 38 եւ 6 շենքերի բնակիչները խնդրում են նաեւ քաղաքապետարանի միջամտությունը՝ նշված ավտոտնակի կառուցումը կանխելու համար։ Կենտրոն համայնքի բնակարանային եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Վահագն Հայոցյանը խնդրի վերաբերյալ հայտնեց, որ տվյալ ավտոտնակի շինարարությունը դադարեցնելու մասին հունիսի 27-ին արդեն զգուշացրել են թիվ 38 շենքի թիվ 54 բնակարանի բնակչին։ Ըստ պրն Հայոցյանի, շինարարությունն իրականացնելու համար տերը նախեւառաջ պետք է ներկայանար իրենց եւ թաղապետարանից ստանար համապատասխան թույլտվություն։ «Սեփականություն ունենալը դեռ չի նշանակում ցանկացած պահի ցանկացած փոփոխություն կատարել։ Միգուցե նա սեփականության վկայական ունի, որի համաձայն, իրավունք ունի նաեւ ավտոտնակ ունենալ, բայց օրինական ձեւով»,- տեղեկացրեց Վ. Հայոցյանը։ Այն հարցին, թե խմբագրությանը դիմած բողոքող շենքերի բնակիչները կարո՞ղ են հուսալ, որ որեւէ միջոց կձեռնարկվի այդ շինարարությունը դադարեցնելու, պրն Հայոցյանը պատասխանեց՝ «այո, անպայման, ամեն ինչ կարվի»։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել