Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ ԱՌԱՅԺՄ ՉԿԱՆ

Հուլիս 03,2001 00:00

ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ ԱՌԱՅԺՄ ՉԿԱՆ «Մենք գաղտնիքներ չունենք, բայց աշխատանքային մթնոլորտը կխախտվի»,- այս հիմնավորմամբ կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ հանձնաժողովի նիստից դուրս հրավիրեց լրագրողներին։ Մինչ այդ մասնավորապես հայտնեց, որ իրենց 4 ներկայացուցիչները մասնակցում են «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորություններն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին։ Նաեւ ասաց, թե արդեն մի շարք հետաքրքիր բաներ են պարզել։ Հանձնաժողովի նիստի ավարտից հետո պրն Մանուկյանն «Առավոտ» եւ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցներին ասաց. «Ուսումնասիրում ենք «ԱրմենՏելին» տրված լիցենզիան, պայմանագիրը, կառավարական տարբեր որոշումներ։ Եվ հենց առաջին օրվանից տեսնում ենք ինչ-որ հակասություններ։ Տեսնում ենք, որ ինչ-որ բաներ չեն կատարվում, բայց երբ խորանում ենք՝ ուրիշ տեղ ենք տեսնում հակասությունները։ Հիմա պատրաստվում ենք հրավիրել արդարադատության նախարարին՝ հարցեր ունենք այս ամենի վերաբերյալ»։ Վազգեն Մանուկյանը սակայն նշեց. «Որեւիցե մի հարց չկա, որ սենսացիա կառաջացներ, եթե ասեի, որ սա արեցինք եւ սրանից հետո աշխարհը շուռ է գալու։ Չէ, այդպիսի բան գոյություն չունի։ Բայց ոչ զինված աչքով էլ երեւում է, որ ո՛չ «ԱրմենՏելի» գներն են համապատասխանում միջազգային չափանիշներին, ո՛չ էլ տեխնիկական ապահովումը»։ «Անզեն» աչքով լրագրողի արած դիտարկումն էր, թե հանձնաժողովը ե՛ւ անցյալի գործարքներն է ուսումնասիրում, ե՛ւ թե ինչ է հնարավոր անել ապագայում. ո՞րն է ավելի կարեւոր՝ հարցին ի պատասխան պրն Մանուկյանն ասաց. «Երկուսն էլ, իհարկե, կարեւոր են։ Բայց ես ավելի կարեւորում եմ դեպի ապագան ուղղված աշխատանքը՝ ոչ միայն աղմուկ բարձրացնելը, այլ նաեւ լուծումներ գտնելը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել