Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՆԵՂԱՑՆՈՒՄ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ

Հուլիս 03,2001 00:00

Ո՞Վ Է ՆԵՂԱՑՆՈՒՄ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ Համայն աշխարհի եզդիների պրեզիդենտ Ազիզ Թամոյանի ոչխարները արածում են ՀՀ Կոտայքի մարզի Զովունի եւ հարեւան մի քանի գյուղերի արոտավայրերում։ Այստեղ արածում են նաեւ ուրիշների ոչխարները։ Կենդանիներն իրենց խոտն են արածում եւ աշխարհից դժգոհ չեն, բայց նրանց տերերը կռվի մեջ են։ Վերջին շրջանում հատկապես որոշ հայեր եւս իրենց զբաղմունքն անասնապահությունն են համարում։ Երեկ նախագահի նստավայրի մոտ հավաքված եզդիները պահանջում էին, որ երկրի նախագահը հավասար պայմաններ ապահովի ազգային փոքրամասնությունների եւ նրանց կենդանիների համար։ Մոտ հինգ օր առաջ Զովունու սարերում լուրջ բախում է տեղի ունեցել։ Եզդիների պնդմամբ, Մարատ Ջանվելյանը (հայ) իր զինված ընկերներով հարձակվել է եզդիների պրեզիդենտի կենդանիների եւ հովիվների վրանների վրա։ Մի եզդուհու պնդմամբ, Մարատ Ջանվելյանը պահանջել է, որ եզդիները դուրս գան Հայաստանից եւ սարերը թողնեն իր ոչխարներին։ Հովիվների պնդմամբ, իրենք արոտավայրերի համար պետական հարկավոր վճարումները կատարում են, բայց վերոհիշյալ Ջանվելյանը իր զինյալներով ճնշում է եզդիներին։ Ըստ եզդիների, Արզնու թռչնաբուծականի տնօրեն Մարատ Ջանվելյանը, հրազդանցի Սպարտակ Հովհաննիսյանը կազմակերպված ձեւով ուզում են եզդիների ձեռքից վերցնել նրանց արոտավայրերը եւ եզդիներին ճնշմամբ դուրս անել Հայաստանից։ Թերեւս երկրի ղեկավարությունը լուրջ զբաղմունք կունենա։ Եվրախորհրդի անդամ որեւէ երկիր պարզապես պարտավոր է ազգային փոքրամասնությունների նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսեւորել։ Եզդիները ուզում էին դիմել նախագահ Քոչարյանին. «Գուցե նախագահն էլ է այս գործերից տեղյակ, գուցե նա է ճնշում վերեւից, որ եզդիներին նեղեն։ Ըստ եզդիների, Կոտայքի մարզպետը եւ ՆԳ աշխատակիցները անարդար վերաբերմունք ունեն եզդի հովիվների նկատմամբ»։ Մի եզդու պնդմամբ էլ. «Ջանվելյան Մարատը մեղավոր չի, այ սա ա մեղավորը (մարդը ցույց տվեց նախագահականի կողմը- խմբ.), մեկ էլ վարչապետը։ Դրանք են մեղավոր, որ երես են տվել Մարատին եւ մյուսներին»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել