Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժողովրդի «պահանջով»՝ հանուն նախագահի

Հուլիս 03,2001 00:00

Ժողովրդի «պահանջով»՝ հանուն նախագահի Ռոբերտ Քոչարյանը «թեւերը քշտած» ինտենսիվորեն նախապատրաստվում է 2003-ի նախագահական ընտրություններին։ Ինչպես երեւում է, նա շատ հեռվից է գալիս՝ փորձելով «կանոնակարգել» ոչ միայն հանրահավաքների ու երթերի անցկացումը, այլեւ սահմանել պետծառայողի հիմնական չափանիշները՝ քաղաքականապես «զուսպ» եւ «կայուն»։ Վերջինս, ըստ էության, նշանակում է՝ այն պետծառայողը, որն այնքան «անզուսպ» է, որ հավանություն չի տալիս նախագահ Քոչարյանի եւ նրա քաղաքական հենարանի վարած քաղաքականությանը կամ համակրում է որեւէ այլ կուսակցության, առավել եւս, ընդդիմադիր կուսակցության անդամ է, պետական հիմնարկում տեղ չունի։ Սա գործող հիմնական օրենքի՝ Սահմանադրության, կոպիտ ոտնահարում է, բայց արդարադատության նախարարն ու կառավարությունն այդ մասին հո բարձրաձայն չե՞ն ասելու, մանավանդ, որ չեն էլ հարցնում։ Օրենսդրական այդ ռեբուսի լուծումը թողնված է օրենսդիրներին, որոնց մի զգալի հատվածն այսօր դեմագոգիայով է զբաղված՝ ավելի լավ է վատ օրենք ունենալ, քան ընդհանրապես օրենք չունենալ։ Մինչ օրս, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունեն միայն զինված ուժերում եւ իրավապահ մարմիններում ծառայողները։ Բայց, ըստ երեւույթին, հաշվի առնելով այն փաստը, որ այդ համակարգերի ղեկավարներն իրենք, այսպես, թե այնպես, ընդգրկված են «իմ կուսակցության» շարքերում, մնում է արգելել շարքային պետծառայողներին՝ զբաղվել քաղաքականությամբ։ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը շատ դիպուկ էր նկատել, որ Քաղաքացիական ծառայության եւ Հանրահավաքներն ու երթերը կանոնակարգող օրենքները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ Քոչարյանի նախընտրականի նախապատրաստական առաջին փուլ։ Միայն թե այդ «առաջին փուլը», ինչպես երեւում է, չի սահմանափակվի հիշյալ օրինագծերն ամեն գնով ընդունել տալով։ Նախագահի նախընտրական քարոզարշավին արդեն լծվել են առանձին քարոզչամիջոցներ, որոնք նույն պետծառայողների, օրինակ, քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի շուրթերով հայտարարում են, թե Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքները «խանգարում» են մարդկանց անդորրը, վերջիններս բողոքում են, ուստի քաղաքապետարանը մտադիր է դիմել համապատասխան մարմիններին՝ արգելելու հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում։ Կոմունիստների ու հհշականների ականջը կանչի։ Որտե՞ղ էին 88-98-ը եւ ինչպե՞ս չէին մտածել, որ կարելի է շատ հեշտությամբ փակել ընդդիմության բերանը՝ ընդամենը արգելել հանրահավաքներ անցկացնել այն հրապարակում, որտեղ ավելի քան 10 տարի հավաքվել է իր իրավունքների ու ազատությունների համար ձայն բարձրացնող ժողովուրդը։ Չէ, եթե էս իշխանությունները սկսել են վախենալ հանրահավաքներից՝ թերեւս, նրանց տեղն ավելի խախուտ է, քան կոմունիստներինն ու հհշականներին էր։ Իսկ 2003-ին մոտ երկու տարի կա. դեռ ինչե՜ր են մոգոնելու Քոչարյանի կուսակցության անդամները՝ նրա հենարան օրենսդիրներն ու կառավարության հնարամիտ ներկայացուցիչները՝ գործող նախագահի առջեւ հարթ ճանապարհ բացելու համար։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել