Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության եւ խորհրդարանական վերադասավորումները՝ հաղորդակից անոթների օրենքով, փոխպայմանավորված են

Հուլիս 03,2001 00:00

Նորից Իշխանափոխությու՞ն Կառավարության եւ խորհրդարանական վերադասավորումները՝ հաղորդակից անոթների օրենքով, փոխպայմանավորված են միմյանցով։ «Առավոտն» անդրադարձել էր այն հանգամանքին, որ թեեւ ուրբաթ օրը պատրաստ էր Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանի դիմումը «Կայունություն» խմբից դուրս գալու մասին, բայց այն այդպես էլ չընթերցվեց։ Այժմ արդեն պարզ են դրա պատճառները։ Անցած շաբաթավերջին հայտնի էր, որ «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը նշանակվելու է բնապահպանության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով նույն խմբի իսկ առաջադրած թեկնածուին։ Ուստի Վարդան Այվազյանի եւ Հակոբ Հակոբյանի դուրս գալը պիտի նշանակեր «Կայունության» փլուզում։ Իսկ ղեկավարությունը դեռեւս այդ պահին չէր կողմնորոշվել՝ պահպանե՞լ այս մի խումբը, թե՞ ոչ։ Ակնհայտորեն՝ պատասխանն այժմ դրական է։ Հակառակ պարագայում հարց կառաջանար, թե ո՞ր ուժն է Վարդան Այվազյանը ներկայացնելու կառավարությունում։ Ի դեպ, տարօրինակ է, որ թեեւ «Ժողովրդական պատգամավոր» խումբն առավել մեծաքանակ է, կառավարությունը շարունակում է «քաղաքական Սադախլոյի» կանոններով գնել միայն «Կայունության» առավել նվազ ձայները։ Ընդ որում, փորձ է արվում ավելացնել դրանք։ Այժմ, օրինակ, փորձում են տարհամոզել Հակոբ Հակոբյանին, իսկ նրա ներկայացրած դիմումը ներկայացնել այսպես՝ գրել է, բայց չի հանձնել։ Փորձում են նաեւ խումբը համալրել նոր անդամներով։ Այս առնչությամբ տրվում է Հմայակ Հովհաննիսյանի անունը, բայց «Առավոտի» հարցին ի պատասխան նա ասաց, թե նման որեւէ քննարկման չի մասնակցել։ Անգամ զարմացավ, թե ինքն իր համար տանը նստած զբաղվում է ստեղծագործական աշխատանքով, իսկ իր մասին նման լուրեր են տարածվում։ Լուրեր են տարածվում նաեւ մեկ այլ նախկին ՀԺԿ-ականի՝ Վոլոդյա Բադալյանի մասին, իբր նա անդամակցելու է «Կայունությանը» եւ դառնալու այդ խմբի ղեկավար։ Վերջինս «Առավոտին» ասաց, թե նոր է վերադարձել հանրապետություն եւ առայժմ տեղյակ չէ, թե ինչ պայմանավորվածություններ կան։ Սակայն առավել հակված էր ենթադրել, թե այս բոլոր լուրերը զուտ մամուլի հերթական հնարանքն են։ Կառավարության կազմում այլ փոփոխությունների վերաբերյալ ասեկոսեներն արդեն մեկ անգամ չէ, որ շրջանառության մեջ են հայտնվել եւ որեւէ երաշխիք չկա, որ հենց այս անգամ դրանք իրականություն կդառնան։ Այսպես, դարձյալ խոսվում է այն մասին, թե արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պիտի Ստրասբուրգի միջազգային դատարանում ներկայացնի Հայաստանը՝ թեեւ նա բազմիցս նշել է, որ ինքը նման ցանկություն չունի։ Խոսվում է ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանով փոխարինելու մասին՝ թեեւ նախագահամերձ անձինք կտրուկ հերքում են որեւէ ուժայինի փոփոխման հավանականությունը։ Եվ դարձյալ շրջանառվում է այն վարկածը, թե պաշտոնանկ կարվի գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը։ Ի դեպ, որպես այս պաշտոնի հնարավոր հավակնորդ, նշվում է նաեւ «Օրինաց երկրի» անդամ Սամվել Ավետիսյանի անունը։ ԱԺ պատգամավորներից ոմանք երեկ վստահ էին, թե 4 գործընկերներ լքելու են իրենց շարքերը՝ գործադիր իշխանության մեջ տեղ գրավելու նպատակով։ Մեզ հաջողվեց ճշտել, որ երրորդ պատգամավորը Գուրգեն Եղիազարյանն է, որը թեեւ մամուլում բողոքել էր, թե «նախագահի կողքին միշտ կանգնած կլինի այն մարդը (ըստ ամենայնի, խոսքը Սերժ Սարգսյանի մասին է.- Ա. Ի.), որն ինձ երբեք չի ցանկանա տեսնել ուժային կառույցում, այն էլ որպես առաջին դեմք», այնուամենայնիվ, այժմ պրն Եղիազարյանը ԱԱՆ 4-րդ՝ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի թեկնածու է դիտվում։ Այդ աթոռը թափուր կդառնար, եթե այն ներկայումս զբաղեցնող Արմեն Ավետիսյանը գրավեր պետական եկամուտների նախարարի պաշտոնը։ Համենայնդեպս, սա ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցանկությունն է, որն առայժմ չի բավարարում հանրապետության նախագահը։ Իրոք, ի՞նչ հիմքեր պիտի լինեն Անդրանիկ Մանուկյանի պաշտոնանկության համար, եթե պետական եկամուտների նախարարը գերազանցապես կատարում է իրեն առաջադրված խնդիրը եւ ապահովում պետբյուջեի մուտքերը։ Սակայն կադրային քաղաքականությունը մեզանում որեւէ տրամաբանության քննությանը չի դիմանում։ Ընդսմին, անտրամաբանական լուծումների հեղինակային իրավունքը հենց նրանցն է, ովքեր այժմ իբր ցանկանում են կանոնակարգել այս ոլորտը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել