Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որ ստեղծվել էր «27»-ի գործով առկա որոշ կասկածներ ցրելու նպա

Հուլիս 03,2001 00:00

ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՑՐՎԵԼ, ԱՅԼԵՎ ԽՈՐԱՆԱԼ Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որ ստեղծվել էր «27»-ի գործով առկա որոշ կասկածներ ցրելու նպատակով, արդեն մեկ ամսից ավելի է աշխատում։ Հանձնաժողովի անդամների կարծիքով, իրենք ամեն ինչ անում են կասկածները ցրելու համար, բայց որոշ կասկածներ, ցրվելու փոխարեն, խորանում են։ Նախագահի մամուլի խոսնակը, ուրբաթ օրը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ «արդյոք նախագահ Քոչարյանը արդարադատության նախարարից ճշտե՞լ էր՝ համաներումը ազդո՞ւմ է «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների վրա», պատասխանել էր, թե «27»-ի առնչությամբ հարցը չի քննարկվել։ Պարզապես զուգահեռ անցկացնելով, ասենք, որ այս հարցում երկրի նախագահն ու երկրի օրենսդիր մարմինը իրար շատ էլ սազում են։ Երկուսին էլ վերոհիշյալ հարցը առանձնապես էր հետաքրքրել։ Իսկ «27»-ի ժամանակավոր հանձնաժողովը աշխատում է եւ տպավորություն կա, որ որոշել է աշխատել ամբողջ ամառ։ Երեկ հանձնաժողովը ՆԳ նախարարությունից համապատասխան փաստաթղթերի էր սպասում։ Մինչ փաստաթղթերը կհասնեին հանձնաժողովին, փորձեցինք պարզել, թե անդամներն իրենք ինչպե՞ս են գնահատում իրենց մեկամսյա աշխատանքը։ Ղուկաս Ուլիխանյան («Հայաստան» պատգամավորական խումբ). Վերջինիս գնահատմամբ «27»-ի ժամանակավոր հանձնաժողովը որոշ բաներ կարողացել է իրականացնել, այս պահին աշխատանքում ներգրավվում են փորձագետները։ «Կասկածները կամ պետք է ցրվեն, կամ պետք է հաստատվեն, եւ այդ պրոցեսն արդեն սկսված է»,- ասում է նա։ Գրիգոր Հարությունյան («Միասնություն» խմբակցություն, ՀԺԿ). Պրն Հարությունյանը եւս վստահ է, որ հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում բավականին գործ է արել. «Հանձնաժողովի առջեւ դրված է երեք խնդիր։ ԱԱ-ի մեկուսարանում մեղադրյալներին պահպանելու նպատակահարմարության հարցի պատասխանը մենք տվել ենք, այսինքն՝ հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում մեղադրյալներին ԱԱ մեկուսարանում պահելը»։ Պրն Հարությունյանը հայտնեց, որ ինքը ավելի ու ավելի է համոզվում, որ ԱԱ մեկուսարանից Նաիրի Հունանյանին տեղափոխելու մասին հանձնաժողովի եզրակացությունը շատ տեղին է. «Կարդալով ամբաստանյալի ցուցմունքները, եղած փաստաթղթերը, համոզվում եմ, որ մենք ճիշտ եզրակացության ենք եկել»։ Այս ընթացքում Գ. Հարությունյանը երկու անգամ այցելել է մեկուսարան՝ Նուբարաշենի եւ ԱԱ մեկուսարան։ Եվ տպավորություն ունի, որ տեղում, այցելություններով հնարավոր չէ պարզել՝ արտաիրավական օգնություն ամբաստանյալներին տրվե՞լ է, թե՞ չի տրվել։ Պրն Հարությունյանը հայտնեց, որ Նորայր Եղիազարյանի գործի հետ կապված հանձնաժողովը ակտիվ աշխատանք է կատարում, դատաբժշկական եզրակացությունը եւ ամբողջ գործը նայելուց հետո հանձնաժողովի անդամները պարզել են, որ Նորայր Եղիազարյանի մարմնի վրա երեւում են հետքեր, որոնք նման են բռնության հետքերի։ Հանձնաժողովի փորձագետները համապատասխան եզրակացություն այս մասով եւս կներկայացնեն։ Հանձնաժողովի խնդիրներից էր նաեւ պարզել՝ մեկուսարաններում ամբաստանյալներին արտաիրավական աջակցություն տրվե՞լ է, թե՞ ոչ։ Այս ուղղությամբ եւս ուսումնասիրություններ են կատարվում։ Գրիգոր Հարությունյանը հայտնեց, որ հանձնաժողովի հայտարարությանը արդեն բազմաթիվ արձագանքներ կան։ Հիշեցնեմ, որ հայտարարությամբ խնդրել էին «27»-ին առնչվող ցանկացած ինֆորմացիա հայտնել հանձնաժողովին։ Մի քանիսն էլ լրացուցիչ հետաքրքրվել են՝ կարո՞ղ են առանց իրենց անունը հրապարակելու ինֆորմացիա տալ։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Կոստանդյանը մեզ հայտնեց, որ հանձնաժողովին ՆԳ նախարարությունից որոշ փաստաթղթեր ուղարկել են, բայց «ինչ-որ պետքն է» չեն ուղարկել. «Օպերատիվ մասը մեզ չի հետաքրքրում, մեզ պետք է՝ կոնկրետ ո՞ր խցիկում ովքե՞ր են եղել։ Սա չեն տվել։ Տվել են անձնական գործերը, որտեղ նշված է, թե որ ժամին են տարել, որ ժամին են բերել։ Ես փաստաթղթերը բերող տեսուչին ասացի, որ իրենց ղեկավարներին ասեն՝ մեզ պետք են այն թղթերը, որ մենք ենք ուզում եւ մենք հատուկ նշել էինք, թե առաջին հերթին մեզ ինչ է հարկավոր։ Մնացածը տվել են, բայց առաջին հերթին անհրաժեշտը չեն տվել»։ Գագիկ Կոստանդյանը հանձնաժողովի մեկամսյա աշխատանքից հետո վստահ է, որ իրենք արդյունքի հասնելու են. «Օբյեկտիվությունը վեր հանելու, ժողովրդի կասկածները փարատելու առումով աշխատանք պետք է տարվի։ Վերջը ժողովուրդը պետք է իմանա՝ ինչն ինչո՞ց է»։ ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանի գնահատմամբ «27»-ի հանձնաժողովը խաղաղ պայմաններում չի աշխատում, իրենց մեջ էլ կան տարաձայնություններ. «Բայց հույս ունեմ, որ խելոք իրավաբանների առկայության դեպքում ամեն ինչը կպարզվի, ջրի երես դուրս կգա։ Փաստաթղթերի ձգձգման հարցը կա, ըստ ինձ, փաստաթղթերը լրիվ չեն ներկայացվում»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել