Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանրապետություն»

Հուլիս 03,2001 00:00

ԼԱՎԻ ՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդները՝ ի դեմս Ալբերտ Բազեյանի եւ Արամ Սարգսյանի, հունիսի 29-ին Արմավիրում հանդիպեցին տեղի ազգաբնակչության հետ։ «Առավոտի» նախորդ համարում մենք դրան մասամբ արդեն անդրադարձել ենք եւ խոստացել՝ ընթերցողին ներկայացնել այդ հանդիպման ժամանակ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամ Սարգսյանի հայտնած տեսակետները ավելի քան արդիական մի քանի հարցերի՝ մասնավորապես Ղարաբաղի հիմնախնդրի լուծման առնչությամբ։ «Պատերազմները երբեք «ոչ- ոքի»-ով չեն ավարտվում։ Պատերազմում մեկը հաղթում, մյուսը՝ պարտվում է։ Փառք մեր ժողովրդին ու զինվորին, մենք այդ պատերազմը հաղթեցինք։ Դրանից հետո հայաստանյան քաղաքական գործիչների հիմնական խնդիրը պետք է լիներ դիվանագիտական ճանապարհով ամրագրել այդ հաղթանակը։ Հանրապետության առաջին նախագահը գնաց, բանակցեց, ետ եկավ ու գրեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, որտեղ հայտարարեց, որ միջազգային հանրությունը մեզ չի ընդունում, եւ մենք պետք է ընտրություն կատարենք վատի ու շատ վատի միջեւ։ Բնական էր, որ այդ պատերազմի հետ ճակատագրով կապված մարդիկ պետք է ընդվզեին՝ կռվել, հաղթել ենք, ուրեմն՝ հաղթողի դիրքերից պետք է խոսենք եւ ընտրություն կատարենք լավի ու լավագույնի միջեւ։ Ու այսպես եկավ Ռոբերտ Քոչարյանը, որը պետք է առաջարկեր ընտրություն՝ լավի ու լավագույնի միջեւ։ Թե չէ Հայաստանում ավելի լավ թեկնածու չկա՞ր։ Ինչո՞ւ չկար։ Պարզապես եկավ նա ու միայն այն պատճառով, որ ղարաբաղցի լինելով պետք է պաշտպաներ Ղարաբաղի շահերը»,- 98-ի իշխանափոխությունն այսպես ներկայացրեց պարոն Սարգսյանը։ Վերջինս անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գաղտնի լինելու հանգամանքին, պնդեց, թե դրանք ամենեւին էլ գաղտնի չեն, ինչպես փորձում են ներկայացնել օրվա իշխանությունները։ «Մինսկի խմբի եռանախագահողների հետ ես էլ եմ հանդիպել։ Նրանք հարցնում էին, թե հայաստանյան կուսակցությունները Մեղրիի տարբերակի մասին ի՞նչ են մտածում»,- խոստովանեց պարոն Սարգսյանը՝ մանրամասնելով, որ երբ վերջիններիցս փորձել է ճշտել, թե արդյո՞ք բանակցությունները գաղտնի չեն, ինչպես իշխանություններն են ներկայացնում, եռանախագահողները պատասխանել են, թե գաղտնի են, բայց կուսակցություններն, այդուհանդերձ, պետք է իմանան, թե ինչի շուրջ են բանակցություններն ընթանում։ «Այսինքն, այդ «գաղտնիքն» այնքան էլ գաղտնիք չէ։ Էդ մերոնք են հորինում՝ շա՜տ գաղտնապահ տղերք են»,- ծոր տվեց նախկին վարչապետը։ Վերջինս այդ առիթով անգամ մի համեմատություն արեց. զինվորին գաղտնիք են վստահում, բայց պայմանով, որ հանկարծ բերանբացություն չանի ու պատվիրում գիշերը բոլորից թաքուն քաղաքի դարպասները բացել։ «Էդպիսի գաղտնի՞ք կլինի։ Դա դավաճանություն է»,- նկատեց Ա.Սարգսյանը։ Հետո նա անդրադարձավ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահող Քերի Քավանոյի այն հայտարարությանը, թե հակամարտության լուծումը գտնված է։ Երկու երկրների նախագահները դրան համաձայն են, բայց նրանց ժողովուրդները՝ ոչ. «Քավանոն, փաստորեն, ֆիքսեց, որ նախագահներն իրենց ժողովուրդների հետ կապ չունեն։ Դե թող պաշտոնական լրատվամիջոցները մի քիչ էլ Քավանոյին քննադատեն այդ անկեղծության համար»։ Կուսակցության հիմնադիր անդամը նաեւ հիշեցրեց, որ ժամանակին ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Մադլեն Օլբրայթը, նախագահներ Ժակ Շիրակը, Բիլ Քլինթոնն ու Ալիեւը հայտարարում էին, որ եթե «Հոկտեմբերի 27»-ը չլիներ, նոյեմբերին ստորագրվելու էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթուղթը։ «Այդ ի՞նչ փաստաթուղթ էր ստորագրվելու, եթե այսօր էլ հայտարարվում է, թե որեւէ փաստաթղթի շուրջ ընդհանուր համաձայնություն չկա։ Իսկ արդյո՞ք այդ փաստաթղթով պայմանավորված չէր «27»-ը։ Կարող էր, չէ՞, դրանից կախված լինել»,- Ա.Սարգսյանի այդ երկիմաստ հարցադրումն աշխուժացրեց դահլիճում հավաքված արմավիրցիներին, որոնք սկսեցին բարձրաձայն դատողություններ անել՝ «սաղն էլ գիտեն, թե ովքեր են «27»-ի թիկունքում կանգնած»։ Ա.Սարգսյանը տեսակետ հայտնեց, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է լինի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Ղարաբաղի ժողովուրդն իր կամքը վաղուց է հայտնել եւ հանրաքվեի արդյունքում ԼՂ-ն հռչակել անկախ հանրապետություն։ Անդրադառնալով, այսպես կոչված, Մեղրիի տարբերակին եւ հաղորդակցական ուղիների վերականգնմանը, պարոն Սարգսյանը նկատեց. «Պարզ է, որ երբ հաշտության պայմանագիր կնքվի, ինքնաբերաբար կբացվեն նաեւ հաղորդակցական ուղիները, կվերականգնվի ադրբեջանցիների հետ մեր առեւտուրը, ադրբեջանցիները Մեղրիով Նախիջեւան են գնալու-գան, մենք Բաքվով ենք անցնելու։ Ամբողջ աշխարհում այդ կարգը սահմանվում է միջազգային տրանզիտային օրենքով։ Ի՞նչ խաղաղարար ուժի մասին է խոսքը։ Ֆրանսիացի զինվորը պետք է գա, կարգ ու կանո՞ն հաստատի կամ հետեւի, որ Մեղրիով անցնող-դարձողին հանկարծ քարով չխփե՞ն»։ Ա.Սարգսյանը կոչ արեց՝ «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ այդ հարցին շատ լուրջ մոտեցեք։ Մեղրիի տարբերակը ցանկացած սոուսով կներկայացնեն՝ չհավատաք։ Դա նշանակում է Մեղրին տալ։ Դրանով ոչ թե Ղարաբաղի հարցն է լուծվում, այլ իրականացվում է ԱՄՆ-ի գլոբալիզացիոն ծրագիրը»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել