ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՆՀԵՌԱՏԵՍ Է Այսօր Արցախում շատ կան օտար վերանվանումներով, անբարեհունչ գյուղեր, տեղանուններ, գետեր, աղբյուրներ… Արցախի իրավական անվանակոչումների, պատմաաշխարհագրական անվանումների ճշգրտման համար ԼՂՀ Ազգային ժողովի նիստերից մեկում ընդունվեց «Աշխարհագրական անվանումների մասին» օրինագիծ, որը ներկայացված էր ԼՂՀ կառավարության կողմից։ Այս օրինագիծը, անշուշտ, հնարավորություն կընձեռի վերացնել մեզ համար խորթ անունները, դրանք վերանվանել նրանց վաղնջական հայեցի անուններով։ Այդ իսկ առումով Արցախում ստեղծվել է վերանվանումների հանձնաժողով, որը այս ուղղությամբ զգալի աշխատանքներ է տանում։ Սակայն… Սակայն պետք է ասել, որ այդ գործընթացում անհեռատես ու անմտածված սխալներ են թույլ տրվում։ Հանձնաժողովը վերանվանումների գործընթացում օտարահունչ որոշ գյուղանունների փոխանակ վերադարձվեն նրանց բնածին, հին անվանումները, ընդհակառակը, տվել է միանգամայն նոր անվանումներ։ Այսպես, Քարաղբյուր գյուղին տվել է նոր անուն՝ Արցախաշեն, Ղարաբուլաղին՝ Ակնաղբյուր, Ղզղալային՝ Բերդաշեն, Մեղրագետին՝ Այգեստան… եւ այսպես մի շարք նոր անուններով են կոչվել շատ գյուղեր ու տեղանուններ։ Եվ ի՞նչ… Դրանով իսկ նրանք նոր սնունդ են մատուցել ադրբեջանական վա՜յ-պատմաբաններին, որպեսզի նրանք նոր ուժ առած, իրենց գոռում-գոչումներով սկսեն այսօր աշխարհին ի հայտ դարձնել, որ «տեսեք, հայերը մեր ադրբեջանական գյուղերին հայկական անուններ են տալիս, սեփականացնում մեր ադրբեջանական գյուղերը»։ Դժբախտաբար, հեռատես չեն եղել ու չեն մտածել հետեւանքների մասին ԼՂ Հանրապետությունում գործող վերանվանումների մեր հարգելի հանձնաժողովի անդամները։ Վերանվանումներին պետք է վերաբերվել գիտականորեն, լինել սթափ, առանց անտեսելու տվյալ գյուղի, տեղանվան պատմական, բնածին անվանումը։ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ-ՔՅՈԽՈՒՆՑ Պատմաբան-լրագրող