ՆՈՐ ՍԿԱՎԱՌԱԿ Ամերիկահայ մշակութային կյանքում հաճելի իրադարձություն էր «Ֆոլք-տրիո» երաժշտական խմբի վերջերս մատուցած նոր աշխատանքների «Կասկադ» լազերային սկավառակը, որը ոճական եւ կոմպոզիցիոն առումով յուրահատուկ խոսք էր հայկական «փոփ» երաժշտության ասպարեզում։ Հատկապես անհրաժեշտ է առանձնացնել այն հանգամանքը, որ ավելի քան երեքամյակ ապրած խումբը պրոֆեսիոնալ բարձունքի վրա գտնվելով, ի տարբերություն շատերի, ընդգծված զգուշությամբ ու նրբանկատորեն է վերաբերվում երգարվեստի մեջ հայ խոսքին, որը միանգամայն համապատասխանում է դրական տրամադրություններով լիցքավորված բարձրաճաշակ երաժշտությանը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի վերջինիս հեղինակների ազգանուններն ինքնին խոսուն են՝ Արսեն Գրիգորյան, Օհաննա Մտղյան, Արման Աղաջանյան, որոնց մինչեւ օրս հիշում է նաեւ երեւանյան երաժշտասեր հասարակությունը։ Նրանց լրացնում են հայտնի երաժշտական ձեւավորողներ Հայկոն եւ Տիգրան Սահակյանը։ Սիրո, կարոտի ու հայրենասիրության գողտրիկ զգացմունքներով շաղախված «Ֆոլք-տրիո» խմբի երգն ու երաժշտությունը օվկիանոսի հակառակ կողմում ապրող հայերին ոգեղեն նոր լիցք հաղորդելու պատեհ իրողություն է, մանավանդ որ, այն հնչում է մեզ համար այնքան սիրելի եւ հանրաճանաչ Օհաննա Մտղյանի, Արման Աղաջանյանի եւ Արմեն Պապիկյանի կատարմամբ։ Սեփ. լր.