ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ Բաց նամակ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, Երեւանի քաղաքապետին, Արաբկիր համայնքի թաղապետին Արաբկիր համայնքի թիվ 136 մսուր-մանկապարտեզի աշխատակազմը եւ ծնողները դիմում են ձեզ՝ ակնկալիքով, որ ձեր բարի կամքով հնարավորություն տրվի շարունակել մսուր-մանկապարտեզի հետագա գործունեությունը, որը բխում է մեր երեխաների իրավունքներից ու մեր համայնքի բնակիչների օրինական շահերից: Թիվ 136 մսուր-մանկապարտեզը գործում է 1961 թ., գտնվում է Ն. Տիգրանյան 10 հասցեի հինգ հարկանի շենքի առաջին հարկում: Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար, եւ այնտեղ հաճախող 55 երեխաներն այսօր ակամա հայտնվել են իրենց համար անհասկանալի մի վիճակում, որին Արաբկիր համայնքի ավագանին ու թաղապետ Ֆ. Յայլոյանը լուծարում անունն են տվել: Դեռեւս 2000թ. նոյեմբերին Արաբկիր համայնքի ավագանին որոշում է կայացրել 2001թ. փետրվարի 1-ից լուծարել մանկապարտեզը, սակայն այն շարունակում է գործել մինչեւ այսօր: 2001թ. հունիսի 7-ին, թիվ 111 որոշմամբ համայնքի ավագանին կայացրել է նոր որոշում, որը սակայն մեզ չհաջողվեց ձեռք բերել: 27.06.01թ.Արաբկիր համայնքի թաղապետ Ֆ. Յայլոյանը թիվ 37 կարգադրությամբ ստեղծել է լուծարային հանձնաժողով եւ կարգադրել է 2001թ. հուլիսի 1-ից սկսել լուծարումը: Թե ինչ ձեւակերպում, որակ եւ հիմնավորում է տրված մանկապարտեզի լուծարման վերաբերյալ ավագանու որոշմանը, անուն տալ դժվարանում ենք, որովհետեւ որեւէ լուրջ ու փաստաթղթերով հիմնավորված փաստարկ ավագանու նիստի ժամանակ չի ներկայացվել: Մեծարգո այրեր, դուք, որ մեր սահմանադրական իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության երաշխավորն եք, ինչու՞ եք այսօր երեխաներին զրկում այն փոքրիկ իրական հեքիաթից, որով ապրում են նրանք այս մանկապարտեզում, իսկ մեզ՝ հարմարավետ պայմաններ ու հիանալի մանկավարժական կոլեկտիվ ունեցող հաստատություն ունենալու հնարավորությունից: Մի խումբ ծնողներ(տասը ստորագրություն)