Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ

Հունիս 30,2001 00:00

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ Բուհերի ընդունելության առարկայական հանձնաժողովների նախագահների անունները մինչեւ քննությունների սկսվելը գերգաղտնի են պահում ԿԳՆ-ի ղեկավար այրերը։ Սակայն այդ անունները հասարակությանը հայտնի են դառնում քննություններից շատ առաջ ու իբր թե ճնշումներից նախագահներին զերծ պահելու մտահոգությամբ նրանց անունները չհրապարակելու արդարացումը խիստ միամիտ է հնչում մեր օրերի համար։ Թեեւ այդ նախագահների թեկնածությունները դեռ պաշտոնապես հաստատված չեն, սակայն մեզ հաջողվեց որոշ անուններ «բացահայտել»։ Ինչպես եւ ենթադրվում է, նախագահները հիմնականում Մայր բուհից են՝ ԿԳ նախարար, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Էդուարդ Ղազարյանի եւ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի ընտրությամբ։ Նախորդ տարվա հանձնաժողովների նախագահներից շատ քչերը դարձյալ այդ պատվավոր պաշտոնը զբաղեցնելու բախտին կարժանանան՝ թեպետ այս տարվա գրեթե բոլոր նախագահներն էլ վերջին տարիներին եղել են կամ հանձնաժողովի նախագահ, կամ տեղակալ։ «Առավոտի» տեղեկություններով, այս տարի եւս հայոց լեզվի առարկայական հանձնաժողովներից մեկը կգլխավորի ԵՊՀ-ից Բագրատ Ներսիսյանը, իսկ մյուսը՝ դարձյալ ԵՊՀ-ից, Լեոնիդ Թելյանը, որ նախորդ տարի նախագահի տեղակալ էր։ Գրականության առարկայական հանձնաժողովի նախագահի պաշտոնը առաջարկվել է գրականագետ Վազգեն Գաբրիելյանին, սակայն վերջինս ոնց որ թե հրաժարվել է։ Հայոց պատմության հանձնաժողովը գլխավորել համաձայնել է Բաբկեն Հարությունյանը (ԵՊՀ), որն այս գործում արդեն մեծ փորձ ունի։ Մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովներից մեկը կգլխավորի դարձյալ ԵՊՀ-ի ներկայացուցիչը՝ Գեղամ Գեւորգյանը, որ հանձնաժողովի նախագահ է եղել մոտ 2 տարի առաջ։ Իսկ մյուս հանձնաժողովը վստահված է ՀՊՃՀ-ի ներկայացուցչին՝ Ռաֆիկ Ալեքսանյանին։ Ֆիզիկայի հանձնաժողովի նախագահը կլինի ԵՊՀ-ից Ստեփան Պետրոսյանը, որն այս պաշտոնը զբաղեցնելու հնարավորություն նախորդ տարի եւս ունեցել է։ Քիմիայի հանձնաժողովի նախագահ Լեւոն Թավադյանը (դարձյալ ԵՊՀ-ից) երկու տարի առաջ է, որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, մասնակցել այս գործին։ Իսկ տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչ Սերգեյ Մելքոնյանը գոնե նախորդ տարի նման հնարավորություն չի ունեցել։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել