Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցազրույց Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանի տեսուչ հայր Պարետ վարդապետ Երեցյանի հետ

Հունիս 30,2001 00:00

«Ինքս ենթարկվում եմ օրենքին» Հարցազրույց Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանի տեսուչ հայր Պարետ վարդապետ Երեցյանի հետ – Ե՞րբ է հիմնվել «Ժառանգավորաց» վարժարանը: – Երեք տարի հետո մենք պատրաստվում ենք մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշելու վարժարանի 160-ամյակը: Ես նույնպես ավարտել եմ այս ճեմարանը: «Ժառանգավորաց» կոչվող կրթահամալիրը ունի Վարժարան եւ Ընծայարան՝ ուր պատրաստում են կուսակրոն քահանաներ: Նախկինում ճեմարանը գտնվում էր փառավոր մի շենքում, որն այժմ թանգարան է: Ծրագիր կա նորից տեղափոխվել հին շենք, քանի որ թանգարանը այժմ չի գործում եւ շատ հարմար կլիներ այն նորից վերածել դպրոցի: – Ասացիք, որ երկու տարի է, ինչ ճեմարանի տեսուչի պաշտոն եք ստանձնել, ի՞նչ է փոխվել այսօր: – Ես 25 տարի է, ինչ հովվական ծառայությամբ գտնվում էի ԱՄՆ-ում եւ ուսումս շարունակել եմ այնտեղ: Այժմ ստանձնել եմ տեսուչի պաշտոնը, որ պատասխանատու եւ դժվարին աշխատանք է եւ, անշուշտ, մեծ համբերություն է պահանջում: Այս մեկ-երկու տարվա մեջ իրոք շատ բան է փոխվել դեպի լավը: Իհարկե, նաեւ ժամանակ է պետք ավելին անելու: Վարժարան եկող տղաները 14-15 տարեկան են: Այսպես ասած, դժվար տարիքում կտրվելով ընտանիքից, հարազատ միջավայրից, ընկերներից, մեծ աշխատանք, համբերություն եւ հատուկ մոտեցումներ են պահանջվում նրանց ընտելացնելու, փարատելու կարոտը, ենթարկելու օրենքին եւ կարգապահությանը: Հիմա նաեւ հատուկ ուշադրությամբ ենք հետեւում ուսման մակարդակին, որ նախկինում բարձիթողի վիճակում էր: Օրենքները խիստ են, ես ինքս ենթարկվում եմ դրված օրենքին եւ այդ պահանջում եմ նաեւ նրանցից: – Ինչպիսի՞ կրթական ծրագրեր ունի վարժարանը: – Հիմա ունենք 46 աշակերտ, սակայն նախատեսված է այդ թիվը հասցնել 60-ի: Այս տարի վերցնելու ենք 20-30 աշակերտ: Ընծայարանում կա 12 ուսանող: Այնտեղ ծրագիրը բավականին հագեցած է՝ անցնում են աստվածաբանություն, փիլիսոփայություն, հունարեն, նախատեսված է նաեւ լատիներեն եւ այլն: Վարժարանում անցնում են 5 լեզու՝ հայոց լեզու, գրաբար, արաբերեն, հրեերեն, անգլերեն: – Ինչպե՞ս եք վարվում, երբ տանելուց հետո պարզվում է, որ երեխան չի համապատասխանում ձեր չափանիշներին: – Եթե երեխան կարող է ու չի սովորում, ժամանակ ենք տալիս, հատուկ աշխատում ենք հետը, իսկ երբ պարզվում է, որ անկարող է՝ տուն ենք ուղարկում: Միգուցե նա մեկ այլ միջավայրում կգտնի իրենը: – Ինչպե՞ս է կատարվում ընտրություն: – Ամեն տարի ես գալիս եմ Հայաստան (որպես ներկայացուցիչ), տարբեր թեմերում ինձ են ներկայացնում ուսանելու ցանկություն հայտնած երեխաների, որոնցից եւ ընտրություն եմ կատարում: Մենք բավականաչափ մեծ գումարներ ենք ծախսում նրանց կրթելու, դաստիարակելու վրա, հետեւաբար, պիտի աշխատենք ընտրել արժանավորներին: Մեր նպատակն է, անշուշտ, կադրեր պատրաստել Երուսաղեմի համար, սակայն այն դեպքերում, երբ մեծանալուց հետո նրանք հրաժարվում են եկեղեցական դառնալուց եւ ընտրում են այլ ասպարեզ, մենք չենք վհատվում, այլ գտնում ենք, որ ազգի համար կրթված մարդիկ ենք պատրաստում եւ կատարված գործը աննպատակ չէ: – Արդեն կատարե՞լ եք ընտրությունը, ինչպե՞ս է այն ընթանում: – Նախնականը՝ այո: Վերջնական պիտի քննություն անցկացնենք: Սակայն պիտի ասեմ, ցավով տեսա, որ հայ դպրոցը գոյություն չունի: Բերում են վկայականներ՝ բոլորը «5»-եր, իսկ երբ 14-15 տարեկան տղային հարցնում ես, պարզվում է, որ ոչ հայոց պատմություն գիտեն, ոչ գրականություն, ոչ աշխարհագրություն, ամենապարզ գիտելիքներն անգամ չունեն նրանք: Մի տղա էին բերել, որ ասաց, թե Հայոց եղեռնը 1150 թվականին է եղել, մեկ ուրիշին հարցրինք, թե Անդրանիկ զորավա՞րն է վաղ ապրել, թե՞ Վարդան Մամիկոնյանը, ասաց՝ Անդրանիկը: Շատ ցավալի է: Հայ դպրոցը հատուկ հոգատարության կարիք ունի: – Էջմիածնում ինչպե՞ս են վերաբերվում ձեր ծրագրերին: Այսօր այստեղ էլ կարիք կա մեծ թվով հոգեւորականների: – Վեհափառը դրական է գնահատում մեր կատարած գործը եւ քաջալերում է: Մենք տանում ենք աշակերտներ, լավ դաստիարակություն ենք տալիս, կրթում. կդառնան հոգեւորականներ, թե ոչ՝ Աստված գիտի: Դա նրանց ներքին կապն է առ Աստված, բայց ուզում ենք, որ լավ մարդիկ դառնան, կյանքում հաջողված: Այդ է պատճառը, որ հիմա ուսմանը հատուկ ուշադրություն է դարձվում: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել