Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցազրույց «Հայոց տուն» կուսակցության նախագահ Վարդան Պետրոսյանի հետ

Հունիս 30,2001 00:00

ՄԻՆՉ ԱՅԴ ԻՆՁ ԿԱՆՉՈՒՄ ԷԻՆ ՆԳ ԲԱԺԻՆ Հարցազրույց «Հայոց տուն» կուսակցության նախագահ Վարդան Պետրոսյանի հետ – «Հայոց տուն» միությունից եւ կուսակցությունից հեռացվել են մի շարք անդամներ։ Ինչո՞ւ։ – Մարտի 30-ին մենք համաքաղաքային հանրահավաքով պետք է սկսեինք Ռ. Քոչարյանի պաշտոնանկությանը ուղղված գործողություններ։ Այդ հանրահավաքը չկայացավ, քանի որ մեր հասցեին հնչում էին մեղադրանքներ, թե Քոչարյանի Ֆլորիդա կատարվող այցի ժամանակ մենք ապակայունացնում ենք իրավիճակը երկրում, ինչով խոչընդոտում ենք ազգանպաստ որոշումների կայացմանը։ Դրանից հետո ապրիլի 17-ին կայացավ «Հայոց տուն» ազգային-հայրենասիրական կուսակցության հիմնադիր ժողովի առաջին նիստը, որից հետո ճնշումները մեզ վրա ավելի ուժեղացան։ Ինձ մի քանի անգամ կանչեցին զինդատախազություն, որտեղ հարցաքննում էին, որպես «Հոկտեմբերի 27»-ի գործի կազմակերպիչների մասով վկա։ (Այսպես որ շարունակվի, կսկսեն հարցաքննել նաեւ որպես մեղադրյալի)։ Արգելվեց ապրիլի 30-ին նախատեսված Քոչարյանի պաշտոնանկության պահանջով հանրահավաքը։ Մինչ այդ ինձ կանչում էին ՆԳ բաժին, զգուշացնում օրենքի առջեւ պատասխանատվության մասին։ Ձեռնարկվեցին բազմաբնույթ այլ ճնշումներ, ահաբեկումներ, արհեստական խոչընդոտներ։ Սակայն ոչինչ չէր կոտրում եւ չէր էլ կարող կոտրել մեր վճռականությունը՝ սկսելու Ռ. Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը։ Այն, ինչ չէր հաջողվում դրսից, փորձ կատարվեց անել ներսից։ Միության եւ կուսակցության մի խումբ անդամներ դեռ մինչեւ ապրիլի 30-ը սկսել էին իրենց սեւ գործը։ Մոտ օրերս «Հայոց տուն» միությունը կվերսկսի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությանը ուղղված գործողություններ։ Մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռացվի պաշտոնից, բայց ոչ՝ երկրից։ Նա դեռ պետք է պատասխան տա օրենքի եւ ժողովրդի առջեւ երկիրը այս վիճակին հասցնելու համար, ինչը ուղղակի հետեւանք է նրա օրինախախտումների՝ առաջին հերթին հակասահմանադրական ճանապարհով ժողովրդին պատկանող իշխանության բռնազավթումը, յուրացումը։ «Կոմպրոմատ» էին հավաքում իմ վրա, միության գործունեության վրա։ Վերջապես, մայիսի 6-ին, այդ խումբը իմ եւ քարտուղարուհուս բնակարաններից, գրասենյակից կողոպտեց միության եւ կուսակցության փաստաթղթերը, կնիքները։ Քչփորելով այդ փաստաթղթերը, նրանք եւ ոչ մի օրինախախտում չգտան։ Այդ ժամանակ նրանք փորձեցին զրպարտել ինձ, ուսումնասիրվում էր եւ իմ անձնական կյանքը։ Ամենուրեք զրպարտիչ եւ սուտ լուրեր էին տարածվում։ Նպատակն էր՝ ներսից փլուզել մեր միությունն ու կուսակցությունը։ Դավադիրներին եւ նրանց հոգեւոր հայրերին դա չհաջողվեց։ – Ինչո՞ւ չէիք դիմել իրավապահ մարմիններին։ – Նախ կտուժեին մի քանի միամիտ, խաբված մասնակիցներ։ Սակայն փաստերը պաշտոնապես գրանցված են եւ եթե այդ անձինք եւս մեկ փորձ կատարեն խափանելու մեր աշխատանքները, գործին անմիջապես ընթացք կտրվի եւ նրանք կկանգնեն դատարանի առջեւ։ Այդ կիսագրագետները, ըստ երեւույթին, լսել էին, թե քաղաքականությունը պոռնկություն է (երկրի բարոյալքված մթնոլորտը շատերին է այդ մտքին հանգեցրել)՝ իրենց, ոչ առանց հիմքի, այդ ոլորտի հմուտ մասնագետներ համարելով, շտապել էին իրենց գործին անցնել։ Սակայն, նրանք սխալ հասցեով էին եկել։ «Հայոց տունը» պոռնկատուն չէ եւ նրանք դուրս են շպրտվել փողոց, որտեղ եւ մայրուղիներում կարող են բավարարել իրենց փողոցային բնազդները, զբաղվել բուն մասնագիտությամբ։ – Կարո՞ղ եք անուններ նշել։ Կոնկրետ խոսել: – Չարժե։ Նրանցից ոմանք երեխաներ ունեն, որոնք մեղք չունեն մեծերի արարքների համար, ոմանք դեռ երիտասարդ են։ Բացի դրանից, իրենց անունները տալը մի քիչ շատ կլինի դրանց համար։ Չեմ նշի նաեւ ինձ հայտնի ծառայողի անունը՝ նա հրաման է կատարել։ Կնշեմ միայն մեկի անունը, որը պետք է որ հասկանար իր պատասխանատվության աստիճանը։ Այդ խմբի «Մադամն» էր: Տականքները հեռացվեցին Միության շարքերից։ Ճիշտ է, երբ նրանց սեւ գործը տապալվեց, նրանք շտապեցին հրաժարականներ տալ։ Սակայն Միության վարչությունը չհամաձայնեց եւ նրանց վտարեց։ – Ինչպե՞ս վերաբերվեցին այլ քաղաքական կազմակերպություններն ու գործիչները տեղի ունեցածին։ – Ինչպես ասում են. չկա չարիք՝ առանց բարիքի: Շատերի դիմակները պատռվեցին: Ոմանք ժամանակից շուտ դանակները ձեռքները վերցրին, երբ դեռ եզը չէր ընկել: – Մոտակա ծրագրերը: – Միությունը, մաքրվելով, էլ ավելի ամրացավ եւ գործելու է նոր թափով, հավատարիմ մնալով իր ծրագրերին եւ նպատակներին։ Ռ. Քոչարյանի վարչախումբն ապրում է իր հոգեվարքը եւ այդ վիճակում էլ ավելի վտանգավոր է դառնում՝ երկրում սաստկանում է ահաբեկչության մթնոլորտը, բարոյալքվել է պետական գործունեությունը, ընթանում է անզուսպ ոստիկանացում։ Վարչախումբը ցույց է տալիս իր ժանիքները, ոչնչի առջեւ կանգ չի առնում՝ զրպարտումներ, խարդավանքներ, ահաբեկում, հրդեհումներ, մահափորձ՝ բոլոր միջոցներն են կիրառվում ընդդիմության դեմ։ Իմ կարծիքով, սա նախապատրաստություն է հիմնական հարվածի՝ ԱԺ-ի լուծարելուն (պատահական չէ անսխալ քաղաքական ֆլյագեր Հայրիկյանի վերադարձը)։ Մենք գտնում ենք, որ այսպիսի պայմաններում խորհրդարանի լուծարումը ձեռնտու է միայն Քոչարյանին եւ կործանարար է ժողովրդի համար։ Սակայն, ոչ մի բարեփոխում ի բարու չի լինի, քանի երկրում պաշտոնավարում է անօրինական նախագահը։ «Հայոց տուն» միությունը ձեռնարկում է «Պաշտոնանկություն» քաղաքացիական նախաձեռնության կոմիտեի ստեղծումը, որին մենք կոչ ենք անում մասնակցել բոլոր այն քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին եւ մտավորականներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր գտնում են, որ Ռ. Քոչարյանի հետագա պաշտոնավարումը կործանարար է հայոց պետականության համար, եւ երկիրը այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու ճանապարհը տեսնում են իշխանափոխության մեջ։ Այսպես այլեւս շարունակվել չի կարող։ Կամ Քոչարյանն է մնալու, կամ Հայաստանը։ Երրորդը տրված չէ։ Իսկ երկրորդը՝ մենք չենք տա։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել