Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային ժողովը 94 «կողմ», 1 «ձեռնպահ» («դեմ» չկար), քվեարկության արդյունքով երկրորդ ընթերցմամբ ամբող

Հունիս 30,2001 00:00

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ ԵՎ ՍՊՈՐՏԻՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Ազգային ժողովը 94 «կողմ», 1 «ձեռնպահ» («դեմ» չկար), քվեարկության արդյունքով երկրորդ ընթերցմամբ ամբողջովին ընդունեց «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքը, որով սահմանվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզկուլտուրայի եւ սպորտի ազգային համակարգին կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը: Ի տարբերություն առաջին ընթերցման, ընդունված տարբերակում ամբողջովին փոխվել է հոդված 4-ը, որը վերաբերում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական ծրագրին: Եթե նախորդում նախատեսվում էր, որ օրենքն ընդունելուց հետո ծրագիրը եռամսյա ժամկետում հաստատի կառավարությունը, վերջնական տարբերակում այդ իրավունքը վերապահվում է ԱԺ-ին: Այսինքն, արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԱԺ-ում պետք է սկսվեն այդ ծրագրի քննարկումները, իսկ մինչ այդ այն պետք է հաստատվի նաեւ կառավարությունում: Եվ քանի որ այս փաստաթղթին ավելի մեծ կարեւորություն է տրվել, ապա ծրագիրը կազմողները պարտավորված պետք է լինեն լուրջ մոտենալ իրենց պարտավորություններին, հաշվի առնեն մարզերի յուրահատկությունները, դրանցից յուրաքանչյուրում իրականացնելիք խնդիրները, ավանդույթները, զարգացման աստիճանը: Եվ, որ շատ կարեւոր է՝ նաեւ ծրագրի հետ միասին պետք է ԱԺ ներկայացվի նաեւ ֆինանսական փաստաթուղթ: Եվ եթե ԱԺ-ն ընդունի այդ փաթեթը, այն արդեն օրենքի ուժ կստանա: Օրենքի մյուս կարեւոր դրույթը պետական կառույց-Ազգային ֆեդերացիաներ հարաբերությունների հստակ տարանջատումն է: Այսուհետ ֆեդերացիաները հանրապետությունում իրենց մարզաձեւերի թիվ մեկ, գլխավոր պատասխանատուներն են: Հոդված 13-ում սահմանված է, որ ֆեդերացիաները մշակում են իրենց մարզաձեւերի զարգացման ծրագիրը, կազմակերպում են հանրապետության առաջնություններ, ուսանողական խաղեր, հավաքական թիմերը նախապատրաստում են աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին եւ քառամյա փուլային ծրագրերով ՀՀ ազգային հավաքական թիմը նախապատրաստում են օլիմպիական խաղերին: Ասել է թե, ցանկացած մարզաձեւի զարգացման ամբողջ գործընթացը ղեկավարում եւ իրականացնում են ֆեդերացիաները: Իսկ պետությունը օժանդակում եւ օգնում է այս գործընթացին ֆինանսապես: Ներկայիս փուլում սա, թերեւս, հարցերի հարցն է, որ, ըստ էության, պետությունն իր վրա է վերցնում այս պարտավորությունը, առանց որի՝ ոչինչ էլ հնարավոր չի լինի անել: Սակայն հարց է առաջանում, թե որքա՞ն ժամանակ է պետությունը դոնորի դեր կատարելու: Պատասխանելով այս հարցին, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը պարզաբանեց, որ դա կտեւի մի որոշ ժամանակ: Հնարավոր է՝ մի քանի տարի հետո պետությունից ֆինանսավորումը աստիճանաբար դադարեցվի, քանի որ ֆեդերացիաները արդեն պետք է լրջորեն զբաղվեն նաեւ սեփական միջոցներով հոգալ իրենց կարիքները: Իսկ անհրաժեշտ գումարներ վաստակելու համար օրենքով նրանց համար ստեղծված է համապատասխան իրավական դաշտ: – Իսկ ինչո՞վ է զբաղվելու պետական կառույցը: – Պետական կառույցը պետք է մշակի պետական տարեկան ծրագրեր՝ ելնելով ֆեդերացիաների եւ հասարակական այլ կազմակերպությունների առաջարկություններից, մշակի չափորոշիչները, կառավարության հաստատմանը ներկայացնի որոշակի նորմատիվային ակտեր, ապահովի գիտա-մեթոդական հարցերը, զբաղվի կադրերի պատրաստման խնդիրներով: Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ին, այն պետք է համատեղի օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիաների աշխատանքները եւ մշակի միասնական քաղաքականություն՝ ելնելով ֆեդերացիաներից, որով այս կամ այն մարզաձեւը կամ թիմը պետք է տանի սկզբից մինչեւ օլիմպիական խաղեր: Բնականաբար, Հայաստանը օլիմպիական խաղերում ներկայացնելու մենաշնորհը նույնպես ՀԱՕԿ-ինն է: Օրենքի 4-րդ գլուխը (17 եւ 18 հոդվածներ) կարգավորում է մարզիկների գործունեությունը, նրանց տեղափոխությունների կարգը: Այստեղ էլ միշտ եղել են խրթին հարցեր, որոնք օրենքը հստակ ամրագրում է, սակայն տեղափոխման կարգը դեռեւս պետք է ընդունի կառավարությունը: Ելնելով ընդունված օրենքի պահանջներից, կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ընդունի պետպատվերի տեղադրման կարգը: Սա հնարավորություն կտա պետական կառույցին, որը, փաստորեն, լիազորված մարմին է, ֆինանսավորել ոչ միայն իր համակարգի, այլեւ այլ գերատեսչական ենթակայության մարզական կազմակերպություններին: – Իսկ ինչպե՞ս են իրականացվելու մարզական մասսայական աշխատանքները: – Դրանք, ինչպես նաեւ առողջարարական ֆիզկուլտուրան իրենց ընդգծված տեղն են ունենալու պետպատվերի մեջ: Եվ ես այն համոզմանն եմ, որ ժամանակն է, որպեսզի պետությունն արդեն ֆինանսական լուրջ ներդրումներ անի նաեւ այս բնագավառում: Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. մարզեր կան, որտեղ ֆիզկուլտուրա, առավել եւս՝ սպորտ չկա: Մեր ոչ մի հավաքականում գեթ մեկ ներկայացուցիչ չկա: Ուրեմն հնարավոր չէ այդ տեղերից մարզական ցուցանիշներ պահանջել: Այստեղ առանձնահատուկ քաղաքականություն պետք է վարվի՝ նախ եւ առաջ զրոյական վիճակից հանելով մասսայական, առողջարարական սպորտը: Միայն դրանից հետո հնարավոր կլինի հետագայում նաեւ արդյունքներ ակնկալել: – Այսօր ծայրահեղ բարձիթողի վիճակում է նաեւ կրթօջախներում ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը: – Այս օրենքում հստակ ամրագրված է նաեւ, որ ֆիզիկական կուլտուրա առարկան, որպես դասաժամ, պարտադիր է բոլոր ուսումնական հաստատություններում, ուսումնառության ամբողջ ընթացքում: Այս եւ էլի այլ կարեւոր դրույթներ մտնում են պետական կարեւորագույն երաշխիքների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել